Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Քրեական գործի հարուցումը, այն էլ պաշտոնեական հանցագործության հատկանիշներով, չի կարող ինքնին մասնավոր ընկերության կողմից շինարարական աշխատանքների դադարեցման հիմք հանդիսանալ. դատախազություն

Հուլիս 19,2021 17:20 Share

2021թ. հուլիսի 17-ին  «Aravot.am» լրատվական կայքէջում հրապարակվել է «Ձևականորեն հարուցված քրեական գո՞րծ. դատախազի աչքի առջև Գյումրու կանաչ գոտում վեր է հառնում ապօրինի պահեստ» վերտառությամբ հոդվածը, որով ներդրողի կողմից շինաշխատանքներ կատարելու հարցում հապճեպություն ցուցաբերելը հոդվածի հեղինակը կապել է «Երիտասարդական» զբոսայգու տարածքի օտարման փաստի առթիվ ուսումնասիրություններ կատարելու և քրեական գործ հարուցելու հետ:

Ավելին՝ հոդվածագիրը, շեշտելով, որ շինարարական աշխատանքները շարունակվում են, հարց է ուղղել, թե այդ դեպքում ո՞րն է քրեական գործ հարուցելու իմաստը և ինչո՞ւ Շիրակի մարզի դատախազը հետևողականություն չի ցուցաբերում շինաշխատանքները դադարեցնելու հարցում, նշելով, թե նախաքննություն է ընթանում ու «նա ուղղակիորեն պարտավոր է շինարարությունը կասեցնելու»:

Պարզաբանման կարգով տեղեկացնենք, որ քրեական գործի հարուցումը, այն էլ պաշտոնեական հանցագործունեության հատկանիշներով, չի կարող ինքնին մասնավոր ընկերության կողմից շինարարական աշխատանքների դադարեցման հիմք հանդիսանալ:

Հուլիսի 8-ին քրեական գործը հարուցվելուց հետո կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ: Գործով էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու, այդ թվում նաև շինթույլտվության և շինարարության իրականացման օրինականության պարզման նպատակով, վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել մասնագիտական ստուգում նշանակելու, Գյումրու համայնքապետարանից հիշյալ տարածքի օտարման, շինթույլտվություն տալու հիմք հանդիսացած փաստաթղթերն առգրավելու մասին:

ՍՊ ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելու կամ ընթացող շինարարական աշխատանքների ընթացքը կասեցնելու հարցը քննարկելու համար նախաքննական մարմնի կողմից դեռևս 16.07.2021թ.-ին գրություն է հասցեագրվել Գյումրի համայնքի ղեկավարին: Ըստ վերոնշյալ գործողությունների արդյունքում ձեռքբերվող համապատասխան փաստակազմի, ապացույցների, հիմքերի, իրավական գնահատականներ տալու պայմաններում միայն քրեական գործի շրջանակներում կարող են պարտադիր կերպով դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկվել շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:

Հարկ է նկատել, որ մարզի դատախազությունն է նախաձեռնել մամուլի հրապարակման առթիվ խնդրո առարկայի վերաբերյալ ուսումնասիրության իրականացումը և քրեական վարույթի հարցման հիմքերի ստուգումը: Իսկ քրեական գործի հարուցման հենց սկզբից վարույթն իրականացնող մարմնի բոլոր գործողությունները գտնվել են մարզի դատախազության ամենօրյա հսկողության ներքո: Հետևաբար` հրապարակման հեղինակի կողմից արվող դիտարկումը, թե «ձևական» քրեական գործ է հարուցվել և մարզի դատախազության կողմից հետևողականություն չի ցուցաբերվում, լիովին հիմնազուրկ է, ինչը մասամբ պայմանավորված է նաև քրեական վարույթի շրջանակներում դատախազության լիազորություններից տեղեկացվածության ակնհայտ պակասով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել