Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս, իր կամքին հակառակ, զիջել է բենզալցակայանը Մանվել Գրիգորյանին». Վկա

Օգոստոս 03,2021 19:44

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Կենտրոն նստավայրում օգոստոսի 3-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվեցին մի քանի վկաներ։

Գործով տուժողի ներկայացուցիչ, որը դատակոչվել է որպես վկա, Հայկ Թորոսյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ խոսքը բենզալցակայանի գույքի մասին է, որը իր հոր անունից դուրս է գրվել՝ սպառնալիքների ներքո:

«2003 թվականին, երբ արդեն շինարարությունները տրամաբանական ավարտին պետք է մոտենային, 80 տոկոսով էր կառուցված բենզալցակայանը: Արդեն, երբ որ սպառնալիքները պետք է իրագործվեին, հայրս, իր կամքին հակառակ, զիջում է բենզալցակայանը Մանվել Գրիգորյանին»,- ասաց նա:

Հայկ Թորոսյանը նշեց, որ Էջմիածնում գտնվող բենզալցակայանը գտնվել է Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի կողքին, և իրենք ունեցել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ բենզալցակայանը կառուցելու համար. «Սպառնալիքները եղել է Ճուտ մականվամբ Գևորգ Այվազյանի կողմից: Եվ մի քանի անգամ հանդիպում է եղել Մանվել Գրիգորյանի՝ Արա Մարուքյան անունով օգնականի հետ: Գևորգ Այվազյանը՝ Ճուտ մականվամբ եղել է Նազիկի և Մանվելի մտերիմը»:

Նա հավելել է, որ սպառնալիքները եղել են Մանվել Գրիգորյանի անունից. «Այսինքն՝ երբ Գևորգ Այվազյանը և Արա Մարուքյանը մոտեցել, խոսել են, Ճուտը չի խոսել իր անունից, ինքը սպառնալիքները հնչեցրել է Մանվել Գրիգորյանի անունից, որ չտաս ընենց, ընենց …»:

Հայկ Թորոսյանը հիշում է, երբ որ Գևորգ Այվազյանը իրենց տուն էր այցելում, ընտանիքի անդամները չէին թողնում, որ ներկա լիներ այդ խոսակցություններին: Նա դատարանին վստահեցրեց, որ հայրը չէր ցանկանում վաճառել բենզալցակայանը, քանի որ այն ընտանիքի միակ եկամուտն էր հանդիսանալու, և հորը ոչ ոք չի առաջարկել վաճառել բենզալցակայանը: Հայրը Գևորգ Այվազյանին առաջարկել է հանդիպում կազմակերպել Մանվել Գրիգորյանի հետ, սակայն վերջինս չի ցանկացել հանդիպել նրա հետ:

Բացի այդ՝ Հայկ Թորոսյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը պահանջել է, որ իր հայրը Էջմիածնից գնա: Իսկ իր հայրը՝ ստանալով սպառնալիքներ և լինելով հիասթափված լքել է երկիրը: Նա նաև հայտնեց, որ տարածքում առկա շինանյութի համար հայրը հաշվարկ է կատարել, ինչը կազմել է 12 000 դոլար, սակայն, հորը փոխանցել են 8000 դոլար։

Գործով հարցաքննվեց ևս երկու վկա:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Հիշեցնենք, Նազիկ Ամիրյանին առաջադրված մեղադրանքներից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով է՝ (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերեւույթ կատարելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի, «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանը իրեն պատկանող ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացրել է եւ ընկերությունը կանխամտածված տարել սնանկության։

Ըստ իրավապահ մարմինների, Նազիկ Ամիրյանին 3 հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

Հիշեցնենք նաեւ, որ Նազիկ Ամիրյանի գործը անջատվել էր Մանվել Գրիգորյանի գործից: ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031