Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի մարելու վերադառնալուս հավատն ու ձգտումը»

Օգոստոս 06,2021 12:30

1828թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո պարսկահայերին հնարավորություն է տրվում հաստատվել Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին անցած տարածքներում: Պարսկաստանի Խոյ նահանգից, Շահովա եւ Բեդերբեյով գյուղերից են գաղթել Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի հիմնադիրներն ու բնակիչները: Գալով Արեւելյան Հայաստան՝ գյուղ հիմնելու եւ ապագայում այն իրավամբ հարստացնելու համար ամենահարմար վայրը Թարթառ գետի ափն էր, որտեղ էլ ստեղծվում է ամբողջ Արցախում իր ուրույն տեղն ունեցող գյուղը: Հիմնադիրները 5 եղբայրներ էին՝ Բաբա, Անտոն, Ղամբար, Բաղդասար, Ավագ:

Գյուղի հիմնադիրներին իրենց հետագա գործերում միանում են նաեւ շրջակա գյուղերի բնակիչներ, Պարսկաստանից եկած նոր վերաբնակիչներ: Կարճ ժամանակում գյուղը հասել է նշանակալի արդյունքների, գյուղում եղել է 10-ամյա դպրոց՝ ավելին քան 500 աշակերտով, գինու գործարան, բուժկետ, գրադարան: 1992թ. հունիսի 16-ին Արցախը կորցրել է երբեմնի գյուղը, հենց Չայլուի մատույցներում էլ կռիվը կանգնեցրել են՝ հաշվի առնելով մեծաթիվ զոհերի առկայությունը: Խաղաղության տարիներին Մարտակերտի շրջանին անցած նախկին Աղդամի տարածաշրջանում հիմնադրվում են բազմաթիվ գյուղեր, որոնցից մեկն էլ Նոր Այգեստանն է։ Հին գյուղի բեկորների վրա հառնում է մի նոր, շենացող բնակավայր։ 2020թ. նոյեմբերի 25-ին Աղդամի տարածաշրջանի բոլոր 7 գյուղերի հետ թշնամուն է հանձնվում նաեւ Նոր Այգեստանը։

Չայլվեցին երկրորդ անգամ բռնում է գաղթի ճանապարհը: Նրանց շարքերում է նաեւ Արցախի պետական համալսարանի ուսանող Աստղիկ Բաբայանը: Նա վերջերս հրատարակել է «Կարոտահետք» գիրքը, կարոտը բառ է դարձրել, սերը՝ անքննարկելի իրողություն, իսկ ապրելն ու հիշելը՝ հրամայական: Արդարեւ, երբ սիրտը խոսում է, ոչ ոք չի կարող խանգարել:
Գրքի առաջին մասը Աստղիկը վերնագրել է «Տուն չտանող ճանապարհը», երկրորդ մասը՝ «Անհայրենիք մնալու ցավը»: Աստղիկ Բաբայանի ստեղծագործական ներաշխարհում հայրենի եզերքն է` տարվա տարբեր եղանակների ժամանակ։ Նա անկեղծ է իր գրվածքներում, հանդգնում է տողի միջոցով գրկել սիրելի հայրենիքին` մի վերջին կարոտով… Դեռեւս դպրոցական տարիներից է Աստղիկը սկսել գրական առաջին փորձերը։ Գրականության հանդեպ նրա հետաքրքրությունների ապացույցն են ավագ դպրոցի բազմաթիվ ձեռքբերումներ` ի դեմս «Հայ գրականություն» առարկայի օլիմպիադաների, ասմունքի եւ շարադրության մրցույթների։

Եվ հենց այդ կարոտն է, որ երիտասարդ աղջկա ներաշխարհը տակնուվրա է անում։ Վերջին պատերազմի ժամանակ հայրենի գյուղը կորցնելուց հետո նա միայն մտովի է կարողանում քայլել այն ճանապարհներով, որոնք դարձել էին հարազատ ու անչափ սիրելի։
«Քանի որ մեր ճանապարհին փռված ամեն ինչ հիշեցնում է ամենասուրբ մանկությունն ու դրա ամենանուրբ հուշերը, քանի որ քարերն անգամ բովանդակում են ամենանվիրական նպատակներդ, հասկանում ես, որ միլիոնավոր տարիների ստեղծած ապառաժները կաղապարում են մի ամբողջ ժողովրդի բացակայության հուշը։ Չկան այն քարերը, որոնց կարծրացած մասնիկներում ամփոփված էին իմ մտորումները` մեկը ապագայի պլան, մեկը դժվարությամբ սովորած դասի կրկնողություն, մեկը` որեւէ դեպքի մանկամիտ վերլուծություն։ Մեղքս ինչո՞ւ թաքցնեմ, մեկն էլ` անեծք…»,-գրում է Աստղիկը:

«Ես կարծես կարողանում եմ անկեղծանալ թուղթ ու գրիչի հետ՝ գրելով մի տող, վերապրելով, հիշելով այն օրերը, որոնք անցել են, բայց էլի կարոտում եմ»,-մեզ հետ զրույցի ընթացքում արցունքն աչքերին ասում է Աստղիկը՝ հիշելով սիրելի գյուղը, մարդկանց, բնությունը, մաքուր օդն ու առօրյան:

Զրուցակցիս խոսքով՝ մարդ միշտ ուշ է սկսում գնահատել այն, ինչն իրոք ավելի քան թանկ է: «Երեւի պահն է երբեմն խաբուսիկ,-ասում է,-այս ամենը դաս եղավ ավելի լուրջ մոտենալու ցանկացած որոշման, անգամ ապրելու եւ արարելու մեջ որոշ փոփոխություններ կատարել»:
Աստղիկն իր գրքում նաեւ մտահոգություններն է շարադրել: «Որքան ցավալի է, որքան անհասկանալի, որ հերոսական պապեր, հանուն կյանքի իրավունքի ողջ կյանքն ու ներուժը այդ գործում ներդրած նախնիներ ունեցող հայն անիմաստ է այսօր համարում սահման գնալը, հայրենիքում ապրելը, հայոց պատմություն սովորելը, երկրի արժանի ղեկավար ընտրելը, հայրենաշինությանը մասնակցելը»,-գրքում ընդգծել է նա եւ ապա շարունակել. «Եվ թող աշխարհը, եթե ուզում է, ծիծաղի հայի խելահեղ հայրենասիրության վրա, եթե ուզում է` ծաղրի, շարունակի այն համարել անիմաստություն, մեկ է, անսասան է հայը եւ դա ապացուցված է պատմությամբ, դրոշմված բյուրավոր զոհյալների արյամբ` ինչպես գծված է մեր մի բուռ հայրենիքի սահմանը»։

Աստղիկը վստահեցնում է, որ մեր հայրենիքն այն ուժն է ծնում, որով հայրենիքի մոտ են գալիս իր տարագիր բալիկները, երգում դարերի երգը, ապրում հայրենիքի ներկա ճակատագրով ու կերտում բազմադարյա պատմության շարունակությունը։

Իսկ գրքի վերջում նա գրում է. «Ավարտվեց գրվածքը, այո, բայց չի մարելու վերադառնալուս հավատն ու ձգտումը»:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031