Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսելով ոչնչից՝ կարելի է հասնել մեծ բարձունքների

Օգոստոս 07,2021 20:49

Հայաստանի Մշակութային Հիմնադրամի եւ Nigoyan projects ընկերության նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին, ժամը 19։00-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին։

Ներկայացման հիմքում ընկած է Շառլ Ազնավուրի կյանքը՝  լի արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով եւ, իհարկե, հաղթանակով: Ներկայացման ողջ ընթացքում արտիստներին նվագակցելու է հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով: Բեմականացման հեղինակն է դերասանուհի Ալլա Սահակյանը, ռեժիսորը դերասանուհի Նարինե Գրիգորյան, իսկ երաժշտական ձեւավորումն ու գործիքավորումը Գարի Քյոսայանինն է:

Դերերում հանդես կգան դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Ալլա Սահակյան, Ստեփան Ղամբարյանը: Պարերի բեմադրության հեղինակն է Ինեսա Արզաքանցյանը:

«Համավարակից հետո ներկայացումը խաղացել ենք մեկ անգամ Համազգային թատրոնում եւ մեկ անգամ էլ Էջմիածնում, որից հետո ներկայացումը հանձնվեց Գարի Քյոսայանի մշակութային հիմնադրամի եւ իմ հոգածության տակ: Որոշ պատճառներով հետաձգվեց ներկայացում-համերգը, իսկ թատրոնում մնալ չէր կարող, որովհետեւ պետք էր տեխնիկական սպառազինություն, հատուկ սարքավորումներ, որոնք բացակայում էին, դրա համար չկային նպաստավոր պայմաններ եւ հիմա, որ ամեն բան կա՝ իրականացնում ենք այդքան սպասված ներկայացում-համերգը: Մեր համակազմակերպիչները մեծ ակտիվությամբ ու եռանդով են զբաղվում այս գործով, ներկայացմանն էլ վաղուց ծանոթ էին, իսկ Գյումրին սկիզբն է այն մեծ ճանապարհի, որ սկսում ենք: Ապագայում նորություններ եւս կունենանք, որոնք շատերին կհետաքրքրեն, կփորձենք իրագործել նպատակները, եթե խանգարող հանգամանքներ չլինեն, պետք է լինենք լավատես, նորություններով էլ՝ անպայման կկիսվենք: Ներկայացման կազմն անփոփոխ է, բեմի վրա կլինենք կենդանի նվագակցությամբ: Վստահ եմ, որ ներկաներին դուր կգա ներկայացում-համերգը, խորհուրդ կտամ բաց չթողնել ազնավուրյան այս գեղեցիկ ներկայացումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է դերասանուհի Ալլա Սահակյանը:

Ըստ նրա՝ ներկաները կտեսնեն մեծանուն շանսոնյեի կյանքի դրվագների հայտնի ու անհայտ մասերը, որոնք կներկայացվեն յուրովի ու նոր մշակումներով: Ներկայացման ժամանակ ներկաները հնարավորություն կունենան ճանապարհորդելու ժամանակի միջով: Ստեղծագործական կազմի սպասելիքները շատ են, չհաշված այն, որ Ազնավուրը Գյումրու հետ շատ նուրբ թելերով է կապված եւ հետաքրքիր ու անսպասելի դրվագներ շատ են լինելու:

«Հիմա աշխատում ենք փորձերի վրա, որպեսզի գոհացնենք հանդիսատեսին, մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ այս համերգ-ներկայացմամբ: Սկսելով ոչնչից՝ կարելի է հասնել մեծ բարձունքների, ինչպես արել է դա Ազնավուրը: Մենք տեսնում ենք մի մարդու, որն անցել է կյանքի մաքառումներով ու ապացուցել աշխարհին, որ նա հաղթող է»:

Ըստ մեր զրուցակցի՝ Ազնավուրը ուժի եւ պայքարի մարմնացում է, որը ներկայացման մեջ եւս ակնհայտ երեւալու է: Գաղափարն Ալլայի մոտ հղացել է Ազնավուրի մահվանից մի քանի ամիս անց ու որոշել՝ ոչ թե շատերի պես երգել Ազնավուր, այլ պատմել նրա մասին, որտեղից, ինչպես եւ ուր հասավ մեծանուն շանսոնյեն: Գարի Քյոսայանը եւս հնարավորություն է ունեցել հանդիպելու եւ նվագակցելու Ազնավուրին, ըստ նրա՝ Ազնավուրն անմիջական մարդ էր, որի հետ ծանոթությունն իր կյանքի լավագույն դրվագներից մեկն է եղել:

 

Լուսանկարները՝ Գարրի Տայգայի

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031