Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է, ինչ օգտագործում է հրապարակային խոսքի առիթները, Հայաստանին սփյուռքի ցուցաբերած աջակցությունն արժեզրկելու համար, որակելով կամ «սեքընդ հենդ», կամ «պատառոտված հագուստ»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, դա է եղել Հայաստանին սփյուռքի աջակցությունը, մինչդեռ իրենք ուզում են, որ Հայաստան–Սփյուռք հարաբերությունը արտահայտվի զարգացման տնտեսական եւ կրթական ծրագրերով։
Փաստորեն, Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Վաչե Մանուկյանը, Ալեք Մանուկյանը, Շառլ Ազնավուրը, բազմաթիվ հայ մեծահարուստներ, բարերարներ, որոնք Հայաստանում օժանդակել են ենթակառուցվածքային կապիտալ ծրագրերի, կրթական ծրագրերի իրականացմանը, «պատառոտած հագուստ» են նվիրել Հայաստանին։ Ընդ որում, ես թվարկում եմ խոշորագույն ծրագրեր իրականացնողներին, որովհետեւ տասնյակ, հարյուրավոր են եղել Հայաստանի համար այդօրինակ ներդրումային եւ սոցիալական ծրագրեր իրականացնող մեր հայրենակիցները։
Նաեւ խոշորագույն ծրագրեր են իրականացրել ծագումով հայաստանցի, բայց Հայաստանից դուրս գործունեություն ծավալած Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, բազմաթիվ այլ գործարարներ։ Արդյոք Հայաստան–Սփյուռք հարաբերությունը եղել է իդեալական կամ բացարձակ արդյունավետ։ Իհարկե՝ ոչ։ Բայց, մեղմ ասած, անհարմարության զգացում պետք է ունենալ, այդ հարաբերությունը «սեքընդ հենդ» կամ «պատառոտված հագուստ» որակելու համար։
Բայց Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած «անհարմարության», եթե դա է պահանջում իշխանության կարգավիճակի «հարմարավետությունն» ապահովելը։ Իսկ դա պահանջում է ազգային եւ պետական ինքնության ու նկարագրի արժեզրկումը «արտահանել» նաեւ սփյուռք, տարածել Հայաստան–Սփյուռք հարաբերության վրա, եւ այդ հարաբերությունից մաղելով արժեքները, թողնել միայն կենցաղապետության պահանջներին բնորոշ ուղենիշները։ Իհարկե, մեղմ ասած, բացառված չէ եւ այն, որ դա պահանջում է ոչ միայն իշխանական կարգավիճակի «հարմարավետության» կարիքը, այլ գուցե նաեւ այն երկիրը, որի նախագահը տարիներ շարունակ աչքի է ընկել հայկական սփյուռքից իր դժգոհությամբ։ Իսկ այդ նախագահին, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը չի մերժում՝ որ հանկարծ պատերազմ չլինի։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































