Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզային ջազաֆիկացիայից» մինչեւ մշակութային քաղաքականություն

Օգոստոս 09,2021 12:00

Կան ստեղծագործություններ, որոնք անկախ նրանից, թե ինչ ժանրում են գրված եւ ինչ հաճախականությամբ են հնչում, մեկ-երկու կատարումից հետո ընդունվում են ոչ միայն երաժշտասերների, այլեւ լայն հանրության կողմից։ Այս դեպքում խոսքը ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Խաղաղություն» ստեղծագործության մասին է, որով օրերս ավարտվել են Վանաձորում, Օձունում եւ Վահրամաբերդում կայացած ջազային համերգները։ «Մարզային ջազաֆիկացիա» խորագրով համերգաշարի գեղարվեստական ղեկավարը Վահագն Հայրապետյանն էր եւ այն անցկացվում էր ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում, Armstrong Production-ի աջակցությամբ։

«Առավոտի» մարզային թղթակիցը մեզ ընդամենը փոխանցեց, որ կայացած ջազային համերգներին մասնակից լինելու համար նույնիսկ մայրաքաղաքից էին ունկնդիրներ ժամանել։ Իսկ Օձունում ականատես է եղել, որ Երեւանից բժիշկների մի մեծ խումբ իրենց արտասահմանցի կոլեգաներին էին հրավիրել միասին վայելելու ջազմենների բարձրարվեստ կատարումները։ Մեր գործընկերը հավաստիացրեց, որ արտասահմանցի բժիշկները տպավորված էին բացառապես բոլոր կատարումներով, բայց համերգից հետո առանձնակի ոգեւորությամբ են արտահայտվել «Խաղաղություն» ստեղծագործության մասին։ Ի դեպ, այստեղ կա վոկալիզի պարտիա, որը հնչեցրել է Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը։

Պարզեցինք, որ մարզային համերգներին Վահագն Հայրապետյանի հետ տրիոյում հանդես են եկել Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ) եւ Մոսկվայից հրավիրված հատուկ հյուր՝ ջազային երաժիշտ, կոնտրաբասահար Մակար Նովիկովը, որը հայտնի անուն է աշխարհում, հանդես է եկել այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Ջուդի Բեյդին, Ջիմի Գրինը, Սթիվ Սթեյգըլը, Ջակոմո Գեյթսը, Գրեյգ Հենդին, Լու Տաբակինը, Ալեքսանդր Սիպյակինը եւ ուրիշներ։ Մինչ «Մարզային ջազաֆիկացիայի» համերգները, կոնտրաբասահարը, Վահագն Հայրապետյանը եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ Գորիսում ու Կապանում հանդես են եկել բաբաջանյանական գործերի կատարումներով՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։ Ընդ որում, բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակել էր Վահագն Հայրապետյանը։ Անդրադառնալով «Մարզային ջազաֆիկացիային», այստեղ էլ հնչել են Հայրապետյանի մշակումներով ժողովրդական, կոմիտասյան երգեր, կոմիտասյան պարերից մինչեւ Արտեմի Այվազյանի ու Բաբաջանյանի ստեղծագործություններ եւ, իհարկե, ջազային իմպրովիզներ, մասնակցությամբ Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի։

Այն, որ հայերս ջազ սիրող ժողովուրդ ենք, նորություն չէ. Հայաստանում առաջին ջազային անսամբլները հիմնվել են 1920-ականներին, որոնցից ամենահայտնին «Մոսկվա» կինոթատրոնում հանդես եկող նվագախումբն էր՝ Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ։ 1938թ. ստեղծվեց մեր պետական ջազային նվագախումբը Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ, իսկ արդեն 1970-ականներից Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբի համբավը տարածվեց խորհրդային երկրով մեկ։ Այն ԽՍՀՄ-ից առաջին նվագախումբն էր, որ 1970-ականների վերջին հյուրախաղերի մեկնեց ջազի երկիր՝ ԱՄՆ։ 1997-ից վերականգնվեց ջազ նվագախումբը Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ, որի գեղարվեստական ղեկավարն այսօր բարձրարվեստ ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցն է։ Վերջին տարիներին Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով խմբեր։ Հայտնի են էթնո-ջազային «Time Report», Վահագն Հայրապետյանի ջազ-ռոքային «Կատուներ», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion- ջազային «Art Voices», կանանց Jazzel, «Ուլիխանյան» խմբերը, Արտո Թունջբոյաջյանի «Armenian Navy Band» խումբը եւ այլն։ Ճանաչված ջազմեններից են Մարտին Վարդազարյանը, Լեւոն Մալխասյանը (Մալխաս), Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը (Չիկո), Տիգրան Համասյանը, Հարրի Կեսայանը, Աշոտ Պարունակյանը, Արա Դինքջյանը եւ այլն։

Անդրադառնալով «Մարզային ջազաֆիկացիային», մի դիտարկում անենք, ինչի մասին գոնե վերջին տարիներին անընդհատ ենք խոսում. նման համերգները անհրաժեշտ է, որ տեսագրվեն ու ցուցադրվեն հայաստանյան TV-ներով։ Տեղին է հիշեցնել վերջերս Արմեն Հյուսնունցի արտահայտած միտքը, որը մեջբերում ենք առանց միջամտության. «Զվարճանքի, սպառողական, ֆիզիկական բնազդներ արթնացնող «մշակույթի» դրսեւորումներն այնքան են ծավալվել, որ դժվար է մարդկանց բացատրել, թե այն՝ ինչ լսում են, հենց հակամշակույթ է։ Իսկական մշակույթն ազնվացնող է, հոգեւորին մոտեցնողն է, ազատություն տվողն է։ 20 տարի շարունակ Հայաստանում հետեւողականորեն փչացրել են մարդկանց երաժշտական ճաշակը հատկապես հեռուստառադիոեթերից։ 20 տարի շարունակ «մշակութային» աղբի քարոզչությունից հետո, ես զարմանում եմ, որ ջազային եւ սիմֆոնիկ համերգներին դեռ գալիս են երիտասարդներ եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Հետեւաբար մշակութային քաղաքականության հիմնական անելիքներից մեկը այդ երկուսի զատումն է եւ զտումը։ Մի անգամ մի բարձրաստիճան պաշտոնյա ասաց, որ ռաբիսն էլ իրավունք ունի լինելու։ Անշուշտ, ունի։ Խոսքը ոչ թե երաժշտական ինչ-ինչ ուղղություններ արգելելու, այլ պետության մշակութային քաղաքականության միջոցով շեշտադրումներ անելու մասին է։ Ոչ մի դեպքում հեռուստաալիքների եթերից չպիտի հնչի ցածրորակ երաժշտություն, որովհետեւ դրանից հետո հատկապես պատանիներն ու երեխաները ռաբիսը նույնականացնում են ազգային երաժշտության հետ…»։

Համամիտ լինելով պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի հետ, արդեն որերորդ անգամ կրկնենք՝ պարտադիր չէ նկարահանել, հետո TV-ով ցուցադրել միան աշխարհահռչակ երաժիշտների հայաստանյան համերգները, մեր պետական կոլեկտիվներն ու երաժշտարվեստի բոլոր ժանրերում հանդես եկող անհատ ստեղծագործողներն էլ են հաճախ հանդես գալիս բարձրարվեստ կատարումներով, ինչը պարզապես անհրաժեշտ է սփռել TV-ներով։ Ասվածը բարձր մակարդակով արվում է ռուսաստանյան TV-ներով, այդ թվում՝ հանրայինով։ Գրամ կասկած չունենք, որ «Մարզային ջազաֆիկացիան» հենց այն միջոցառումներից է, որին սիրով կհետեւեր նաեւ հեռուստահանդիսատեսը՝ նաեւ Սփյուռքում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.08.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031