Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է բոլոր տեսակի զենքերը ձեռքերիցս թողնենք»․ միասնության 505 մետրանոց դրոշը Կապանում էր

Օգոստոս 29,2021 16:06

«Դավիթբեկյան ուխտերի»  101-րդ տարեդարձով պայամանավորված օրերս  «Միասնության դրոշ» նախաձեռնության ստեղծած 505 մետրանոց դրոշը հասավ Սյունիքի մարզկենտրոն՝ Կապան։ Դրոշի երկարությունը  պատահական չի որոշվել։ Այն ամփոփում է  1920 թ-ին Սյունիքում Գարեգին Նժդեհի մասնակցությամբ 5 կարեւոր իրադարձությունները։

101 տարի հետո այդ իրադարձությունների հանրագումարն էլ դարձել է Եռագույնի երկարությունը՝ 5×101։ Մասնավորապես, դրոշը խորհրդանշում է 1920թ․ հունիսի 17-ին Կապանի հանքերում Կապարգողթի հայության ժողովը, հուլիսի 6 -ին Սյունիքի 37 գյուղերի ժողովը, օգոստոսի 25-ին Դավիթբեկյան ուխտերի կազմավորումը, հոկտեմբերի 10-ին Կապանի ապստամբությունը, դեկտեմբերի 25-ին համազանգեզուրյան առաջին համագումարը Տաթեւի վանքում։

Նախաձեռնության մասնակիցները կապանցիների հետ քաղաքի կենտրոնից 505 մետր դրոշով քայլեցին դեպի Գարեգին Նժդեհի հուշահամալիր։

«Միասնության դրոշ» նախաձեռնության հիմնադիրը աբովյանցի  Արա Շահինյանն է։ Չնայած նախաձեռնությունը կազմավորվել է Աբովյան քաղաքում, բայց համագործակցում է Հայաստանի մարզերի եւ Արցախի հայրենանվեր առաքելություն ունեցող անհատների եւ խմբերի հետ։

«Փետրվարին,  երբ առաջին անգամ բարձրացա Սյունիքի սահմանամերձ  դիրքեր՝ սահմանին կանգնած տղաներին առաջին անհրաժեշտության իրեր հանձնելու, այդ  ժամանակ  միտք ծագեց մեր պետական դրոշը տարածել։  Նկատեցի, որ մեր դիրքերում Եռագույնի պակաս կար, ու որոշեցի ինչքան հնարավոր է մեր դրոշներից պատրաստել եւ ուղարկել Հայաստանի բոլոր դիրքերը»,-ասում  Արա Շահինյանը։

Մեկ-երկու ամիս հետո՝  ապրիլին որոշեց  Հայոց եռագույնի շուրջ համախմբել գաղափարակից մարդկանց, որպեսզի միասին գործեն ի նպաստ Հայաստանի։ Ըստ մեր զրուցակցի՝ գաղափարը  նաեւ միասնության յուրօրինակ կոչ էր դառնում։  2020թ․-ի նոյեմբերի 9-ին եռակողմ պայմանագիր ստորագրելուց հետո ադրբեջանցիները տեղակայվեցին Սյունիքի որոշ հատվածներում՝ «իբր պատմական իրենց հողերում»։ Իհարկե, պատմական ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում եւ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի։ Արա Շահինյանը համոզված է՝ ինչպես իր, այնպես էլ բոլորիս համար ոչ ընդունելի է Սյունիքի այդ հատվածներում հակառակորդի դրոշներ տեսնելը։

«Դրոշների առկայությունը մինչեւ հիմա էլ անտանելի է։ Անձամբ ես ոչ մի կերպ չեմ համակերպվում, ու կարծես այդ  թշնամական վերաբերմունքն էլ դրոշների հանդեպ ստիպում է ավելի շատ աշխատել»,-ասում է նա։

Իսկ  նախաձեռնության նպատակը միայն 505 մետրանոց դրոշը Հայաստանի մարզերում ներկայացնելը չէ։ Ունեն 4 ուղղվածություն՝ սոցիալական, որի շրջանակներում  սնունդ, հագուստ, այլ պարագաներ էր հասցնում կարիքավորներին։ Ռազմա-ուսումնական ծրագրի շրջանակներում բացի թեմատիկ հայրենասիրական միջոցառումներից, համագործակցում են ռազմա-հայրենասիրական ճամբարներ կազմակերպող անհատների եւ կառույցների հետ։ «Շատ կարեւոր է սահմանային նյութապահովության ուղղությունը, որով փորձում ենք մեր սահմանները հսկողներին ապահովել քնապարկերով, քողարկիչ ցանցերով, անձրեւանոցներով, որոնց կարիքը շատ է զգացվում։ Արդեն քողարկիչ խալաթներ ենք սկսել արտադրել»,-ասում է Արա Շահինյանը։

Նախաձեռնության 4-րդ  ուղղվածությունը մշակութային է, փորձում են պահել ազգային ավանդույթները,  որպեսզի հայկական արմատները երբեք չկտրվեն։ Ի դեպ, դրամական միջոցները գոյանում են նախաձեռնության մի քանի անդամի ներդրումներից։

Արա Շահինյանը սովորություն չունի խոսել ապագայի ծրագրերի մասին, բայց կարծում է՝ 505 մետրանոց դրոշը պիտի երկարի ու գուցե համահայկական միջոցառում անեն՝ մասնակից դարձնելով մայրաքաղաքի, Հայաստանի մարզերի եւ Արցախի բնակիչներին։ Այլ փակագծեր մեր զրուցակիցը չի բացում։

«Մենք միշտ պետք է պայքարենք, չպետք է բոլոր տեսակի զենքերը ձեռքերիցս թողնենք։ Հայաստանը անվտանգ երկիր պիտի դառնա, երբեք ու երբեք հայը չպիտի կորցնի իր ազգային դիմագիծը»,-Aravot. am-ի հետ զրույցը եզրափակեց Արա Շահինյանը։

Լուսանկարները տրամադրել է Արա Շահինյանը

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031