Լրահոս
Օրվա լրահոսը

Էմանուել Հովհաննիսյանը` դուդուկի հաղթարշավի ու բացառիկ նախագծերի մասին

Սեպտեմբեր 02,2021 13:00

Իբրեւ դուդուկահար յուրահատուկ ճանապարհ անցած Էմանուել Հովհաննիսյանի եւ «Dudukman Production»-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվեց Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որն ունեցավ 80 եւ ավելի մասնակից, որից 60-ը` Հայաստանից, 4-ը՝ Արցախից, իսկ մնացածը` արտասահմանցիներ, ընդ որում՝ 20-ը օտարազգի:

«Հետաքրքիրն այն է, որ օտարազգի մասնակիցների՝ֆրանսիացի, բելգիացի, ուկրաինացի եւ այլն, դասատուները հայ դուդուկահարներն են, այսինքն՝ մեր հայկական դուդուկի դպրոցն այսօր տարածվում է ամբողջ աշխարհում, եւ եթե, օրինակ, ֆրանսիացին ուզում է դուդուկ նվագել, գիտի, որ պետք է գնա հայի մոտ, որովհետեւ ամենալավ դուդուկը հայերն են նվագում, որովհետեւ հայկական դպրոցն է ամենաճիշտ դպրոցը, որպեսզի կարողանան դուդուկի ճիշտ ձայն հանել եւ ճիշտ տեխնիկայի տիրապետել»,-ասում է Էմանուելը, որը 20 տարուց ավելի դուդուկ է նվագում: Նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, սովորել ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանի դասարանում, ապա ասպիրանտուրայում:

Այժմ դասավանդում է հարազատ բուհում եւ իր սեփական նախագծերն է իրականացնում` «Շերամ» անսամբլ, Emmanuel Hovhannisyan and Emotion Band, համագործակցում է աշխարհում շատ հայտնի, հայաստանցի երաժիշտներից բաղկացած «Գյուրջիեւ» անսամբլի հետ (գեղարվեստական ղեկավար` Լեւոն Էսկենյան), որի հիմնադիր դուդուկահարն է, «Նաղաշ» անսամբլի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանն է, եւ որի հետ տարեկան 50-60 համերգ են ունենում, տարբեր լարային քառյակների, world music ժանրի երաժիշտների հետ: Դուետով հանդես է գալիս Կարեն Ասատրյանի, ինչպես նաեւ նրա` Եվրոպայում բավականին հայտնի Armenian Spirit Band-ի հետ: Էմանուել Հովհաննիսյանի «Dudukman Production»-ը աջակցում է երիտասարդ դուդուկահարներին, երաժիշտն ունի դուդուկ սովորեցնելու իր հատուկ մեթոդը, որ ժառանգել է իր վարպետ Գեւորգ Դաբաղյանից, մասնագիտական ձեռնարկը` հաստատված կոնսերվատորիայի կողմից:

Ներկայացնելով դուդուկահարների ինքնատիպ մրցույթ-փառատոնը` Էմանուելն ասում է, որ հայաստանցի մասնակիցների թվում էր իր ուսանողուհի Արփինե Տոռոզյանը` Գորիս քաղաքից, հավելում, որ արտասահմանցի մասնակիցների մեջ եւս եղել են աղջիկներ. «Օտարազգի մասնակիցների մեջ առաջին մրցանակակիրը եղել է ֆրանսուհի Լյուսին, ունենք նաեւ երկրորդ, երրորդ մրցանակակիրներ Ռուսաստանից եւ Բելգիայից»: Ինչ վերաբերում է մրցույթի ձեւաչափին, այն այսպիսին էր. «Արտասահմանցիները չէին մրցում հայաստանցիների հետ, իրենց համար առանձին պահանջներ էին, տարիքային սահմանափակում չկար, նույնիսկ ունեինք 64 տարեկան մասնակից` Բելգիայից: Ի տարբերություն արտասահմանցիների` հայաստանցի դուդուկահարները մասնակցում էին 3 փուլով, ամեն փուլ իր պայմաններն ուներ, թե ինչ երաժշտություն պետք է կատարեն` Կոմիտաս, հոգեւոր երաժշտություն, աշուղական երաժշտություն: Մեր երեխաները կարողանում էին ցանկացած ժանր մեկնաբանել յուրովի: Շատ կարեւորում եմ շրջաններից եկած երեխաների բարձ պատրաստվածությունը: Օրինակ, միջին տարիքային խմբում հաղթող ճանաչվեց գյումրեցի պատանի դուդուկահար Հարություն Հարությունյանը, որն առաջին մրցանակակիրն էր, փոքր տարիքային խմբում առաջին մրցանակակիրը Սեւանից էր` Նարեկ Խանզադյանը: Երրորդ տարիքային խումբը մեծերի խումբն էր, առաջին մրցանակակիրը Գագիկ Հակոբյանն էր: Կարծում եմ` բոլորին շատ մեծ ապագա է սպասվում: Շուրջ մեկ ամիս Երեւանում` կոնսերվատորիայում, երաժշտական կրթօջախի էպիկենտրոնում դուդուկի մեծ տոն էր` չնայած իրադարձություններին, պատերազմական վիճակին: Ես փորձեցի երեխաներին կտրել այդ ամենից, չնայած բոլորս սգում ենք, ցավում ենք, բայց կյանքը շարունակվում է: Բոլոր մասնակիցների կատարումները պրոֆեսիոնալ տեսագրվում եւ ձայնագրվում էին, այդ ամենը հետո տեղադրվում էր յութուբում: Մեկ ամսվա ընթացքում մոտ 4000 վիդեո ունեցանք, ինչը լայն պրոպագանդա էր հայկական դուդուկի համար: Բացի այդ, դուդուկի ռեպերտուարի համարյա բոլոր ստեղծագործությունները կատարվեցին»:

Էմանուել Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրային ռադիոյին, որի շնորհիվ բոլոր տարիքային խմբերի առաջին մրցանակակիրները ձայնագրվում են Հանրային ռադիոյի ստուդիայում: Արդյունքում` առաջին մրցանակակիրները կունենան 8 ստեղծագործությունից բաղկացած ձայնասկավառակ, երկրորդ մրցանակակիրները` 5 ստեղծագործությունից բաղկացած, իսկ երրորդ մցանակակիրները` 3:

Մեր դիտարկմանը, որ դուդուկը հաճախ ասոցացվում է տխուր երաժշտության հետ, մեր զրուցակիցն այնպես արձագանքեց. «Մտածելակերպ կա, որ դուդուկը սգո գործիք է, ինչը պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ մեր տխուր արարողությունների ժամանակ դուդուկ ենք լսում, սակայն պետք է փոխել այս մտածելակերպը, որովհետեւ դուդուկը ոչ թե օգնում է մարդուն, որ տխրի, այլ օգնում է, որ խորհի, մտածի: Դուդուկահարներս պետք է այնպես նվագենք, որ մարդիկ դուդուկի երաժշտության ներքո ոչ թե սգան, այլ խորհեն, մտածեն, փիլիսոփայեն»:

Էմանուել Հովհաննիսյանին խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ պատմել համերգային գործունեությունից: Նա առանձնացրեց 2019թ. Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Սիմֆոնիկ նվագախմբի հետ` Դուբայի օպերայում ունեցած համերգը. «Գլադիատոր» ֆիլմ էր ցուցադրվում, եւ երաժշտությունը մենք նվագում էինք: Ես երբեւէ նման փորձառություն եւ զգացողություն չէի ունեցել, թեեւ բազմիցս Վահագն Հայրապետյանի եւ այլ երաժիշտների հետ համր ֆիլմեր ենք նվագել»:

Անդրադարձավ նաեւ Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում «Գյուրջիեւ» անսամբլի հետ ունեցած համերգին, նաեւ «Կուս» քառյակի (գեղարվեստական ղեկավար` Միքայել Հախնազարյան) հետ ունեցած բացառիկ համերգից խոսեց:

Չմոռանանք նշել, որ Էմանուել Հովհաննիսյանը, հիրավի, բացառիկ երաժիշտ է, նա նաեւ ստեղծագործում է, ունի հեղինակային ստեղծագործություններ: Նրանից տեղեկացանք, որ շուտով շվեյցարական Global Music ընկերությունը կթողարկի նրա ձայնասկավառակը` Emmanuel Hovhannisyan and Emotion Band-ի հետ ձայնագրած: Այնտեղ ընդգրկված է 11 ստեղծագործություն, որից 9-ը իր հեղինակայինն են:

Ստեղծագործություններից ձայնագրություններ կան Վահագն Հայրապետյանի հետ, «Վան» էթնոջազային քառյակի հետ եւս 2020թ. ձայնագրվել է ձայնասկավառակ, որտեղ 3-ը Էմանուելի ստեղծագործություններն են: Ձայնասկավառակը, որ կրում է նրա «Վերադարձ» ստեղծագործության անունը, բարձր գնահատականի է արժանացել ամերիկյան երաժշտական քննադատների կողմից: Էմանուելը ունի նաեւ Կոնցերտ՝ դուդուկի եւ լարայինների համար, եւ որպես դուդուկահարի գրած կոնցերտ այն միակն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Էմանուել Հովհաննիսյանը

«Առավոտ» օրաթերթ
01.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930