Երեւանի Մերգելյանի, Սիրահարների եւ Վահագն Դավթյանի այգիներում կկայանան դասական եւ ջազային համերգներ, որոնք իրականացվում են «Երևանի գիշերները» մշակութային նախագծի շրջանակում։
«Երևանի գիշերները» բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային։ Համերգաշարն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Aravot.am-ը «Կանտատա» ՀԿ-ի տնօրեն, օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանից հետաքրքրվեց՝ ինչպես է բացօթյա եւ ազատ ձեւաչափն իր կարծիքով ազդում երաժշտության ընկալման վրա, արդյոք սա փորձ է ներգրավելու այն լսարանին, որը սովորաբար չի հաճախում դասական կամ ջազային համերգների: «Կարծում եմ՝ բացօթյա և ազատ ձևաչափը հնարավորություն է տալիս երաժշտությունը մարդկանց ներկայացնել ավելի անմիջական և հասանելի միջավայրում։ Երբ համերգը տեղի է ունենում այգում՝ առօրյա և անկաշկանդ մթնոլորտում, մարդիկ կարող են առաջին անգամ հետաքրքրվել դասական կամ ջազային երաժշտությամբ՝ առանց համերգասրահ այցելելու հետ կապված որևէ նախնական պարտավորության կամ ձևականության։
Կարդացեք նաև
Այս միջավայրը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնք սովորաբար չեն հաճախում դասական կամ ջազային համերգների։ Կարծում եմ՝ նման հանդիպումները կարող են աստիճանաբար ձևավորել բարձր երաժշտական ճաշակ և նոր լսարան։ Մարդը, ով առաջին անգամ երաժշտությունը լսում է այգում, կարող է հետագայում ցանկություն ունենալ այցելելու համերգասրահ, օպերա կամ այլ դասական երաժշտության միջոցառում։ Այս առումով «Երևանի գիշերները» մեզ համար ոչ միայն համերգաշար է, այլ մշակույթը մարդկանց ավելի մոտեցնելու և նոր լսարան ձևավորելու միջոց»,-ասաց Վարսենիկ Ավանյանը։
Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվել համերգային այգիները, և ինչպե՞ս է կազմվել երկացանկը, արդյոք հաշվի՞ է առնվել տվյալ այգիների մթնոլորտը, ակուստիկ առանձնահատկությունները կամ այցելուների ակնկալվող հոսքը, այս հարցերին ի պատասխան էլ մեր զրուցակիցը նշեց. «Համերգային այգիներն ընտրվել են՝ հաշվի առնելով քաղաքացիների կողմից դրանց հաճախակի այցելությունն ու հանրային ակտիվությունը։ Վերջին տարիներին Երևանի բազմաթիվ այգիներ բարեկարգվել և վերածվել են քաղաքացիների համար հաճելի հանգստի ու ժամանցի վայրերի։ Համերգների ընթացքում այդ գեղեցիկ միջավայրերը վերածվում են յուրօրինակ բացօթյա համերգասրահների, որտեղ մարդիկ հնարավորություն են ունենում իրենց առօրյա հանգստին զուգահեռ վայելելու բարձրաճաշակ երաժշտություն։
Երկացանկը կազմելիս հաշվի ենք առել ինչպես Երևանի բազմազգ մշակութային միջավայրը, այնպես էլ քաղաքի բնակիչների և հյուրերի երաժշտական նախասիրությունները։ Դասական համերգների ծրագիրը բաժանված է տարբեր ազգային երաժշտական ուղղությունների՝ հայկական, ֆրանսիական, իտալական և ռուսական։
Այս ընտրությունը հնարավորություն է տալիս ներկայացնելու ինչպես հայ երաժշտության սիրված ստեղծագործությունները, այնպես էլ տարբեր մշակույթներ ներկայացնող երաժշտություն, որը հետաքրքիր և հարազատ կարող է լինել մեր քաղաքի տարբեր ազգությունների բնակիչների և հյուրերի համար։ Ջազային համերգների ընթացքում կհնչեն Վահագն Հայրապետյանի հեղինակային մշակումները՝ հիմնված հայկական ժողովրդական երգերի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա, ինչպես նաև հայտնի ջազային ստեղծագործություններ։ Այսպիսով, «Երևանի գիշերները» փորձում է համադրել երաժշտությունը, քաղաքային միջավայրն ու բացօթյա մշակութային կյանքը՝ յուրաքանչյուր այգի վերածելով յուրահատուկ երաժշտական հարթակի»:
Վարսենիկ Ավանյանը հավելեց. «Եթե նախորդ տարի նախագիծն ընդգրկում էր երեք այգի և երեք դասական համերգ, ապա այս տարի այն ընդլայնվել է․ դասական երաժշտության երեք համերգներից բացի նախատեսված են երեք ջազային համերգներ։ Հետագայում հույս ունենք ընդլայնել նախագծի աշխարհագրությունը՝ ընդգրկելով Երևանի ծայրամասային և այլ վարչական շրջաններում գտնվող այգիները, որպեսզի բարձրարժեք երաժշտական մշակույթը հասանելի լինի մայրաքաղաքի տարբեր հատվածների բնակիչներին։ Կա նաև նախագիծը նոր ձևաչափերով համալրելու գաղափար․ մասնավորապես՝ նախատեսվում է ապագայում ներառել ժողովրդական գործիքների անսամբլի համերգներ։ Այսպիսով, Երևանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը կունենան տարբեր երաժշտական ուղղություններից ընտրելու հնարավորություն և կկարողանան այցելել իրենց նախընտրած այգում անցկացվող համերգը։Մեր նպատակն է, որ «Երևանի գիշերները» վերածվի Երևանի մշակութային կյանքի կարևոր և սպասված իրադարձություններից մեկի»։
Հավելենք, որ նախագիծը կտեւի օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































