Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի Հալլեի համալսարանում կայացավ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 15-րդ համաժողովը

Սեպտեմբեր 04,2021 16:21

Սեպտեմբերի 2-ից 4-ը, Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 15-րդ ընդհանուր համաժողովը, որն այս տարի ընթացավ առցանց ձևաչափով՝ պայմանավորված համաճարակային իրավիճակից բխող սահմանափակումներով, ինչը սակայն, որևէ կերպ չխոչընդոտեց մասնակիցների մեծ թվով ներգրավվածությանն ու աննախադեպ ակտիվությանը:

Հայագիտության ոլորտում այս կարևոր իրադարձությունը նշանավորվեց նաև նրանով, որ այս տարի այն հոբելյանական է՝ լրանում է Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության 40-ամյակը: Ընկերությունը հիմնադրվել է 1981 թ-ին:

Երեք օր շարունակ շուրջ 100 ներկայացուցիչ՝ աշխարհի 20 երկրներից, այդ թվում՝ հեղինակավոր պրոֆեսորներ ու գիտնականներ, քննարկեցին հայագիտության տարբեր ոլորտներին առնչվող արդի խնդիրներն ու մարտահրավերները:
Գիտաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկան և մասնակիցներին իրենց ողջույնը հղեցին AIEA-ի նախագահ Վալենտինա Կալցոլարին, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի փոխնախագահ Վուլֆ Գալլերթը, Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի Լայբնիցի ինստիտուտի (GWZO) տնօրեն Քրիստիան
Լյուբքեն, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հալլեի համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնի ղեկավար, AIEA Գիտակազմակերպչական հանձնախմբի անդամ, դոկտոր-պրոֆեսոր՝ Արմենուհի Դրոստ-Աբգարյանը։
ՀՀ դեսպանն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց համաժողովի կազմակերպիչների և մասնակիցների լայն աշխարհագրությանը` այս համատեքստում ընդգծելով գիտության և մշակույթի միջոցով պետությունների և ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու և համագործակցությունը խորացնելու առանձնահատկություններն ու կարևորությունը։ Արտերկրում հայագիտության զարգացմանն ուղղված քայլերի առումով շեշտեց «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի արժեքավոր գործունեությունը և ունեցած երկարամյա ավանդը:

Կենտրոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանն, իր հերթին, մեծ պատիվ համարեց AIEA 15-րդ հոբելյանական Համաժողովը Հալլեում հյուրընկալելու փաստը, միաժամանակ՝ հիանալի նվեր՝ Մեսրոպ հայագիտական կենտրոնի ծննդյան տարեդարձին ընդառաջ, որն ամեն տարի նշվում է սեպտեմբերի 6 -ին: Իր խոսքում տիկին Աբգարյանը շեշտեց, որ չնայած համաճարակով պայմանավորված առկա խոչընդոտներին՝ Համաժողովը հավատարիմ է իր որդեգրած ուղուն և վճռական՝ հետևելու հայագիտության ոլորտում կարևոր հետազոտություններին և օժանդակելու գիտնականների փորձի փոխանակմանը: Այս տարի Համաժողովի պաստառը և ծրագրային բուկլետը խորհրդանշական կերպով ձևավորված էին 12-րդ դարի Արցախի ավետարանների պատկերով, որը Գերմանիայում ամենահին հայկական ձեռագիրն է և պահվում է Հալլեում:

Համաժողովի եռօրյա նիստերի և դասախոսությունների ընթացքում հայ և այլազգի գիտնականների, ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների կողմից անդրադարձ կատարվեց արդի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը, հայ միջնադարյան գրականության և բանահյուսության արժեքավոր գործերի քննությանը, արծարծվեցին Իրավունքի պատմութեան, քաղաքագիտության, միջմշակութային հարաբերություններին առնչվող հարցեր: Լիագումար 3 նիստերի ընթացքում հիմնական դասախոսություններով հանդես եկան՝ Վահե Թաշչյանը (Բեռլին)՝ Օսմանյան շրջանի Հայոց պատմության և հայկական մշակութային ժառանգության պահպանության դիտարկումներով, Քրիստինա Մարանչին (Բոստոն)՝ Հայկական եկեղեցիներում որմնանկարների մասին նոր վկայություններով, իսկ զուգահեռ ընթացող՝ թվով 20 նիստերի ընթացքում հայագիտության թեմաներով ներկայացումներ ունեցան ավելի քան 90 մասնակից, այդ թվում՝ Միքայել Սթոունը, Յանա Չեկանովեցը (Երուսաղեմ)՝ Սուրբ Երկրում հայկական հնագիտության նոր հայտնագործություններով, Ռուբինա Փերումյանը (Լոս Անջելես)՝ Հայաստանում Ստալինի ահաբեկչության թագավորության, Ցեղասպանության վերապրածների հուշերի վկայություններով և այլն:

Ի հավելումն՝ նշենք, որ Հայկական մշակույթի ուսումնասիրությունը Գերմանիայում արմատներ է գցել դեռևս Ռեֆորմացիայի և Լուսավորության դարաշրջանում, ավելին՝ հայոց լեզուն դարձավ Հալլե քաղաքում Ֆրանկեի հիմնադրամների կրթական ծրագրի անբաժանելի մասը: Այս ավանդույթը արմատավորվեց նաև արդի ժամանակաշրջանում՝ և 2010 թվականից սկսած արդեն Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանում հայագիտությունը ուսումնական ծրագրի մաս է կազմում, որտեղ գործում է արտապլանային հայագիտական ամբիոն, որը եզակի է Գերմանիայում ՝ իրեն կից գործող Մեսրոպ Մաշտոցի անվան` «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնով հանդերձ:

2021 թվականին Մեսրոպ հայագիտական կենտրոնի և Լայբնիցի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որի նպատակն է ամրապնդել Հայագիտությունը Կենտրոնական Գերմանիայում երկարաժամկետ հեռանկարում: Երկու գիտական հաստատությունների փոխգործակցության հիմքում ընկած է փորձի փոխանակումը, համատեղ գիտական և ուսումնական միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև՝ հայագիտության ոլորտում արժեքավոր հրապարակումների տպագրությունը: Հետագայում նախատեսվում է կենտրոնական Գերմանիայում համապատասխան հետազոտական ենթակառուցվածքի ինստիտուցիոնալ համախմբում:

Աննա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երևան-Հալլե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930