ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագիրն ավարտվեց: Ծրագիրն իրականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Փակման արարողության ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարները, փոխնախարարներն ամփոփեցին 50 սփյուռքահայ մասնագետների մեկամյա աշխատանքը:



««իԳործ»-ը անգնահատելի ծրագիր է, և այս ծրագրի տրամաբանության մեջ են նաև Հայաստանի արագ աճի երաշխիքները»,-ընդգծեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Կարդացեք նաև

«Երբեք չէի մտածի, որ կգամ Հայաստան, բայց ոչ միայն ես հայրենադարձվեցի, այլև ծնողներս: Կմնամ և աշխատանքս կշարունակեմ Հայաստանի ազգային փոստային օպերատորում՝ «ՀայՓոստ»-ում»,-ընդգծեց ռուսաստանահայ Դավիթ Իվանյանը, որը մեկ տարի աշխատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում:
«Որպես «իԳործ»-ական՝ ես սկսեցի իմ աշխատանքը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ ձեռք բերելով ամուր կապեր և ընկերներ: Պատերազմից հետո որոշեցի տեղափոխվել Արցախ և աշխատել Արցախի նախագահի աշխատակազմում զարգացման ծրագրերի ուղղությամբ: Շարունակելու եմ աշխատանքս Արցախում»,-իր ամփոփիչ խոսքում նշեց լիբանանահայ Շուշան Քեշիշյանը:
Այնուհետ մասնակիցները ստացան իրենց վկայականները:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Հայաստանի կառավարման համակարգն այս ամսվա ընթացքում կընդունի ևս 50 նոր մասնագետների: Նրանք ժամանում են 20 երկրներից և կաշխատեն 20 պետական մարմիններում: Նրանք մեկ տարի կաշխատեն գերատեսչություններում՝ իրականացնելով տարաբնույթ ծրագրեր:
«իԳործ» ծրագիրը Հայաստանի պատմության մեջ առաջին պետական ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս մեծաթիվ սփյուռքահայ մասնագետների աշխատել ՀՀ կառավարությունում: Ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին ճանաչել կառավարության աշխատանքը ներսից, այլև նրանց սերտորեն կապում է հայրենիքին պետականաշինության մասնակցության մակարդակով:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ


















































