Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանակերտը վտանգված է․ Ադրբեջանը չի գտել այն ադրբեջանականացնելու մեխանիզմը»․ Համլետ Պետրոսյան

Սեպտեմբեր 10,2021 21:21

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովի ժամանակ այսօր հնագետ, արցախյան Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հայկական մշակութային հետքը ոչնչացնելու եւ յուրացնելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը կիրառվել է դեռեւս 60-ական թվականներին, իսկ հիմա վտանգված է Արցախի օկուպացված տարածքների հայկական հուշարձանների ճակատագիրը։

Հնագետն անհիմն որակեց Ադրբեջանի պնդումները, թե Արցախի մահմեդական հուշարձանները չեն պահպանվել։ Նա օրինակներով ու լուսանկարներով ցույց տվեց այդ պահպանված մահմեդական հուշարձանները եւ մատնանշեց, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանն այդպես չի վարվում․ օկուպացված տարածքների որոշ հուշարձաններից արդեն իսկ մաքրվել են հայերեն արձանագրությունները։

Համլետ Պետրոսյանը ներկայացրեց նաեւ Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտի պեղումների արդյունքները․ Տիգրանակերտը, մասնագետի խոսքով, տարածաշրջանային բացառիկ կառույց է, որում առկա են տարածաշրջանում հունարեն առաջին արձանագրությունները, 18 հայալեզու արձանագրություններ։ «Հիմա Ադրբեջանը լուրջ խնդիր ունի։ Եթե քրիստոնեական ժառանգությունը կարողանում է դարձնել աղվանական եւ յուրացնել, ապա ինչպե՞ս վարվել Տիգրանակերտի հետ․ չէ՞ որ այն վկայված է գրավոր աղբյուրներում, պեղված է։ Եթե Տիգրանակերտն աղվանական է, ապա ի՞նչ գործ ունի «Տիգրան» անունը։ Եթե «Տիգրանակերտ» անվանումը կա, ինչպե՞ս կարող է այն աղվանական լինել։ Այս ամենը մեծագույն վտանգի տակ է, որովհետեւ չի գտնվել այն ադրբեջանականացնելու մեխանիզմը»,-նշեց Նա։ Համլետ Պետրոսյանը շեշտեց, որ Տիգրանակերտի թանգարանի նմուշները փրկված են, եւ հիմա Ադրբեջանը մեզ է մեղադրում «իր մշակութային ժառանգությունը» գողանալու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930