Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխել մշակութային եղեռնը». Գարեգին Բ

Սեպտեմբեր 09,2021 20:11

«Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։ Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ու խաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առ այսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը և դրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսի գործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկական նվաճումների և միջոցների օգտագործմամբ»,-այսօր Մայր Աթոռ սբ. Էջմիածնում կայացած «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով համաժողովի ժամանակ, իր ելույթում ասաց Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը: Համաժողովն ընթացավ կաթողիկոսի օրհնությամբ:

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերվող հարցեր։ Քննարկումների առանցքում Արցախի մշակութային ժառանգությունն է, 44-օրյա պատերազմի պատճառով տուժած հուշարձանների ճակատագիրը։ Հայաստանի հոգեւոր կենտրոնում՝ Մայր աթոռ սբ. Էջմիածնում համախմբվել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդներ, գիտնականներ եւ փորձագետներ:

«Անհատի և ազգերի ազատության ու խաղաղության նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումների մարդկությունը բախվել է բազմիցս: Մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում ևս կրել է ազատության ոտնահարման և էթնիկ ատելության հետևանքները»,- ասաց Վեհափառը՝ հիշեցնելով 20-րդ դարասկզբին, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց ժամանակ մեկ և կես միլիոն հայեր զոհ դարձան Ցեղասպանության, և հայ ժողովուրդը մեծագույն կորստի վիշտը կրեց՝ զրկվելով նաև իր պատմական հայրենիքից։ «Մարդկության պատմության առաջին ցեղասպանության հանդեպ անտարբերությունն ու իրավական միջոցների կիրառման հապաղումը բերեցին այլ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց ցավալի հետևանքներից էին անցյալ դարի կեսերին իրագործված հոլոքոստը, 20-րդ դարավերջում՝ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և այլն»,- ասաց նա՝ հավելելով, որ նման ցավալի իրադարձությունների բախվեցինք նաեւ բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց:

«Ռազմական գործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգային ահաբեկչական խմբավորումներ, գործածվեցին ֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ նաև խաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ։ Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատեր, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար ցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգային մարդասիրական, եկեղեցական ու միջեկեղեցական բոլոր հաստատություններին և կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ։

Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունը և ավերումը, որի դրսևորումները եղան նաև պատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչպես որ 2003 թ. հիմնապես ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարեր, և տարածքը վերածվեց հրաձգարանի։ Դեռևս թարմ են հիշողությունները, թե պատերազմական գործողությունների հետևանքով վերջին տասնամյակներին ինչպիսի մշակութային կոթողների ավերածություններ տեղի ունեցան Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում։ Այս առումով խիստ անհրաժեշտ են միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։

Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Ի հավելումն նշենք, որ Մոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում»,- ասաց Վեհափառ հայրապետը։

Նա նկատեց, որ հայ ժողովուրդը եւ Հայոց Եկեղեցին դարեր ի վեր պատմական հանգամանքների բերումով և հատկապես Հայոց Ցեղասպանության հետևանքով ապրել և շարունակում են ապրել աշխարհի գրեթե բոլոր աշխարհամասերում, ամենատարբեր կրոնամշակութային միջավայրերում՝ խաղաղ համակեցությամբ բնակվելով իսլամական, բուդդիստական, հինդուիստական, հուդայական, քրիստոնեական հարանվանությունների հետ՝ լավագույն վկայությունը բերելով աշխարհում կրոնների երկխոսության և խաղաղ համակեցության. «Կրոնի ազատությունը այսօր էլ գերակա սկզբունք է: Այն ամրագրված և երաշխավորված է միջազգային հիմնարար հռչակագրերով, պայմանագրերով, ժողովրդավարական երկրների սահմանադրություններով և օրենքներով։ Կրոնական ազատության գաղափարը, սակայն, հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքի համամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։ Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ներկայիս ձևավորվում և գործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելով մարդկանց հոգևոր և հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնում ընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնական կառույցների նկատմամբ։ Այս առումով ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնական ազատության գաղափարները չարիքի պատրվակ չդառնան, այլ ծառայեն մարդկանց, հասարակությունների և ժողովուրդների բարօրությանն ու լուսավոր գալիքին, ամրապնդեն արդեն կես դարից ավելի զարգացող միջեկեղեցական եղբայրության ու համագործակցության ոգին, ծառայեն համընդհանուր քրիստոնեական վկայությանն աշխարհում»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930