Լրահոս
Օրվա լրահոսը

Միրա Անտոնյան. «Ընտանիք առ ընտանիք մտնում էինք պատերազմից տուժած արցախցիների կացարաններ եւ փաստաթղթավորում նրանց բոլոր կորուստները»

Հոկտեմբեր 21,2021 17:50

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան եւ «Աննա Աստվածատրյան» հիմնադրամն այսօր ներկայացրին «Արցախյան պատերազմ 2020, կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության արդյունքները, որ համատեղ իրականացրել են 2020 թվականի արցախյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում: Նպատակն էր՝ պարզել պատերազմից տուժած արցախցի ընտանիքների ժողովրդագրական պատկերը եւ սոցիալ տնտեսական կարիքները, պատերազմի պատճառած կորստի ծավալներն ու տեսակները, պատերազմական եւ հետպատերազմյան իրողությունների համատեքստում դրսեւորվող տագնապներն ու դրանց տարածվածությունը եւ ապագայի պլանավորման համատեքստում արցախցիների մտադրությունները:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը Aravot.am-ին ասաց. «Սա բնույթով ոչ ստանդարտ հետազոտություն էր: Մենք մտնում էինք ընտանիք առ ընտանիք եւ հարցազրույցներ անում: Ու երբ պարզվում էր, որ տվյալ ընտանիքը շատ արագ լուծում պահանջող կենսական խնդիրներ ունի, հարցազրույց վարողը անմիջապես դիմում էր մեր ասոցիացիային, կամ համապատասխան այլ մարմիններ, եւ խնդիրը շտապ լուծվում էր: Հաջորդը՝ բազան հավաքելուց հետո մենք փաստաթղթավորել ենք բոլոր անհատական կորուստները՝ տունը, անասնագոմը, մեքենան, վարելահողը, կոմբայնը, որ վարկով է վերցրել, մի խոսքով, ամբողջը, որպեսզի միջազգային իրավական ատյաններում դատական պրոցեսներ սկսելիս այդ մարդկանց իրավունքները պաշտպանվեն: Այսինքն, մենք գնում ենք ընտանիք առ ընտանիք կետային լուծումներ տալու ճանապարհով: Մեր աշխատանքի արդյունքներից մեկն էլ այն է, որ ստեղծված խառը վիճակում, երբ հայտնի չէր թե ով է այստեղ, ով՝ այնտեղ, լինի հստակ վիճակագրություն, տվյալների հստակ բազա, թե որտեղ քանի ընտանիք կա, ինչ քանակի մասին է խոսքը: Այդ շտկված բազան տվեցինք մի կողմից Արցախի կառավարությանը, մյուս կողմից՝ Հայաստանի կառավարությանը՝ օպերատիվ շտաբին, որպեսզի ոչ մեկը դուրս չմնա աջակցությունից»:

Հետազոտությունը ներառում է Արցախում եւ Հայաստանում բնակվող պատերազմից տուժած 83 հազար 286 անձի մասին տվյալներ, որոնք հավաքվել են ավելի քան 20 հազար հարցազրույցների արդյունքում:

Միրա Անտոնյանը հավաստիացրեց, որ ահռելի աշխատանք է կատարվել, որն սկսվեց կամավորականներով, այնուհետեւ կառավարությունը վերցրեց իր ձեռքը:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում Հայաստանի կառավարությունը, կարծես, ոչ միայն դադարեցնում է տեղահանված արցախցիներին տրամադրվող աջակցությունը՝ նպաստը, այլ ստիպում ազատել ժամանակավորապես զբաղեցրած կացարանները, թեեւ առջեւում ձմեռ է, տիկին Անտոնյանը պատասխանեց. «Ասեմ իմ իմացածը: Ինձ թվում է, որ Հայաստանի կառավարությունը գնում է զարգացման ծրագրերի: Հայաստանում հյուրանոցները այլեւս չեն կարող պահել մարդկանց: Դա, այո, խնդիր է: Բայց պիտի հասկանալ, որ հյուրանոցային բիզնեսը մասնավոր բիզնես է: Ընտանիքներին տեղափոխում են բացառապես պետական կացարան կառույցներ: Իմ կարծիքով համատարած բոլորին գումար տալն էլ ճիշտ մոտեցում չէ: Այս պահին փոխվել է համատարած գումար տալու մոտեցումը: Դա պետք է խոցելիության աստիճանով եւ որոշակի չափանիշներով լինի: Աշխատող, աշխատունակ մարդկանց ուզում են առաջարկել զարգացման ծրագրեր: Եվ մեր հետազոտությունը հենց այն մասին է, թե ինչ զգուշավոր քայլերով է պետք գնալ առաջ, այլ ոչ թե կացնային քայլերով, որպեսզի որոշում ընդունողները դա հաշվի առնեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031