Մանվելին շատ եմ հանդիպել թե՛ Աղանուսում՝ դպրոցում, թե՛ առաջնագծում՝ Ապրիլյան քառօրյայի ժամանակ, թե՛ իր տանը, որտեղ արդեն մենակ էր ապրում և զբաղված էր մենատնտեսությամբ։ 1999 թվականին նրանց բազմազավակ (7 երեխա) ընտանիքը ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից տեղափոխվեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան։ Բնակություն հաստատեցին Աղանուսի գյուղական համայնքի կազմում գտնվող Ապարան բնակավայրում՝ Բերձոր շրջկենտրոնից մոտ 10 կմ հարավ։
5-ամյա տղայի համար հետաքրքիր տարածք էր Ապարան գյուղը՝ Հակարիի ձախակողմյան ձորալանջերին, քարանձավներով ու անտառապատ տարածքներով։ Այստեղ հասակ առավ Մանվելը, հաճախեց Աղանուսի՝ Արցախյան ազատամարտի անմահ հերոս Արսեն Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2010 թվականի ամռանն Աղանուսի դպրոցում կազմակերպեցինք ռազմամարզական ճամբար՝ շրջանի աշակերտների մասնակցությամբ։ Իրականացրինք նաև ճանաչողական արշավ գյուղի վարչական տարածքում, որտեղ կա նաև միջնադարյան մատուռ։
Մեզ ուղեկցեց Մանվելը, որ դեռ դպրոցական էր ու ճամբարի մասնակից։ Լավ ծանոթ էր արդեն իր հարազատ գյուղի տարածքին։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2012-14 թթ․, ծառայել է հայոց բանակում՝ Արցախում։ Ընդհանրապես քաշաթաղցիները միշտ էլ աչքի էին ընկնում բանակում՝ կարգապահ և օրինակելի զինվորի կերպարով։ Մանվելն էլ տուն եկավ զորամասի հրամանատարության կողմից պատվոգրերի, կրծքանշանների արժանացած։
Կարդացեք նաև
Աղանուսի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի խոսքով՝ պարտաճանաչ ու համեստ տղա էր Մանվելը, աշխատասեր։ Զորացրվելուց հետո ընդունվել և ավարտել էր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ֆիզկուլտուրայի և ռազմագիտության բաժինը։ Դեռևս 3-րդ կուրսի հեռակա բաժնի ուսանող էր, որ հարազատ դպրոցում նշանակվեց ռազմագիտության ուսուցիչ՝ զինղեկ։ Ինքն է ստեղծել ռազմագիտության կաբինետը, կահավորել համապատասխան դիդակտիկ նյութերով։
2016 թվականին, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, շատ քաշաթաղցի կամավորականների հետ առաջնագիծ շտապեց նաև Մանվելը։ Միասին էինք Մատաղիսի մարտական հենակետերում։ Գիտեր անելիքը։ Մինչև հունիսի կեսերը մնաց առաջնագծում՝ թիկունք ժամկետային զինծառայողներին։
Իջնելով դիրքերից՝ զբաղված էր տնտեսությամբ, համայնքային հոգսերով։ 2020 թ․ գարնանը համավարակի պատճառով քիչ էր շփումը բնակչության հետ։
The HALO Trust, Nagorno Karabakh (HALO in Nagorno Karabakh)-ի աշխատակիցները հումանիտար օգնություն էին բերել Աղանուսի բնակչությանը։ Աշխատանքները լուսաբանելու համար համայնքապետի հետ ուղեկցում էի նրանց։
Հանդիպեցինք նաև Մանվելին, ով սկսել էր զբաղվել թռչնաբուծությամբ։ Մեծ ծրագրեր ուներ, ինկուբատորներ էր ձեռք բերել, պայմաններ էր ստեղծում։
Սակայն խաղաղությունը միշտ է կարճ տևում Հայոց աշխարհում․ սկսվեց Սեպտեմբերյան պատերազմը, և դարձյալ ոտքի ելան շատ քաշաթաղցիներ։ Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, ոտքով էր Մանվելը հասել Բերձոր՝ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ և կամավոր մեկնեց առաջնագիծ։ 2 օր անց լրացավ նրա 26-ամյակը։ Բայց պատերազմ էր, ու մարտական ընկերների հետ հայրենիքի սահմանի պաշտպանության կռիվն էր մղում։ Թշնամու հրետանին ու անօդաչուները չարիք էին թափում մեր տղաների գլխին։
Ուղիղ 1 ամիս մարտնչեց հերոսը Ջաբրայիլի, Մարտունու տարածքներում։ Ծանր մարտերը շարունակվում էին։ Ընկնում էին տղերքը, վիրավորվում։ Հոկտեմբերի 26-ին վերջին մարտը տվեց Արցախի Մարտունու տարածքում ու անմահացավ Մանվել Սամվելի Դալլաքյանը, ով միշտ ասում էր՝ հայրենիքի համար մարդ ոչինչ չպետք է խնայի։ Նույն օրը նրա հետ նահատակվեցին նաև քաշաթաղցիներ Հունանը, Սարոն ու Նարեկը և մի ժամկետային զինծառայող։ Այս մասին պատմել են զինակից ընկերները։
Ցավով է խոսում հերոսի մասին համայնքապետ Ա․ Աբրահամյանը․
– Մանվելը հայրենասեր էր․ դա զգացվում էր նաև խաղաղ ժամանակներում։ Շատ էր սիրում իր գյուղը, հարևաններին օգնում։ Ողջ համայնքն էր սիրում նրան՝ համեստության, աշխատասիրության, բարության համար, ու բոլորի համար մեծ ցավ էր նրա կորուստը։
Արցախյան վերջին պատերազմի պատճառով թշնամուն մնաց նաև Մանվելի տունը, ստեղծած ինկուբատորը, երազանքը… իսկ հոգին, ինչպես բոլոր մարտիրոսներինը, դեռ չի գտել իր հանգիստը, սպասում է իր տանը հային տեսնել։
Զոհրաբ Ըռքոյան






















































