Որպեսզի անհայտ կորածների որոնման աշխատանքներն արդյունավետ լինեն, պետք է գործընթացին ներգրավվեն ընտանիքները, ինչպես նաև պետք է այս հարցով համագործակցել հակառակորդ կողմի հետ։ Այս հիմնական հարցերն են բարձրաձայնվել Երևանում նոյեմբերի 19-20-ն անցկացված «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում։
Կիպրոսի, Կոսովոյի, Բոսնիայի և Հերցեգովինայի փորձագետները և անհայտ կորածների ընտանիքների անդամները հայ ընտանիքներին կոչ են անում այս հարցով քննարկումներ անել ադրբեջանցի ընտանիքների հետ։
Բոսնիայի և Հերցեգովինայի Անհայտ կորած անձանց ինստիտուտի խորհրդատվական մարմնի անդամ՝ որպես ընտանիքների ներկայացուցիչ Միդհետա Կալոպերը, ով 20 տարի անցկացրել է բանտում և 34 տարի սպասում է անհայտ կորած եղբորը, ասում է, որ հակամարտող կողմերի միջև հնարավոր է եղել երկխոսություն սկսել, ինչն էլ տվել է իր արդյունքը։ Նա հայերին կոչ է անում վերցնել միջազգային փորձը, տեղայնացնել և կիրառել։
Կարդացեք նաև
Կոսովոյի ներկայացուցիչ, «Կրուշայի այրի կանայք» ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Սելամի Հոտին նշեց, որ իրենց Կրուշա գյուղում դեռ 64 անհայտ կորած կա։ Նա կարևորում է որոնողական աշխատանքների շարունակականությունը և հայերին կոչ անում չհանձնվել։
«Աշխատանքը չի կարող դադարել, մինչև բոլորի ճակատագրերը հայտնի չդառնան։ Ճշմարտությունն իմանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Ընտանիքներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել իրենց հարազատների հետ, ինչ հանգամանքներում են նրանք անհետացել, սա քաղաքական հարց չէ, սա հումանիտար, բարոյական պարտավորություն է։ Ուստի, մեզ պետք են ավելի լայն ինստիտուցիոնալ ջանքեր, հասանելիություն արխիվներին, ավելի արդյունավետ քննչական գործողություններ և միջազգային համագործակցություն։ Մեզ պետք է, որ ընտանիքների ձայնը լսելի լինի ոչ միայն միջազգային համաժողովներում, այլև որոնողական աշխատանքների բոլոր փուլերում։
Ընտանիքները չպետք է դժվարությունների բախվեն իրենց հարազատների մասին տեղեկատվություն փնտրելիս, նրանք պետք է կապի մեջ լինեն համապատասխան մարդկանց հետ, որոնք պետք է պատրաստակամ լինեն նրանց այդ տեղեկատվությունը տրամադրել։ Ես ուղիղ կապ էի պահում Կոսովոյի կառավարչական հանձնաժողովի հետ։ Սա ինձ հնարավորություն է տվել քննարկել այն հարցերը, որոնց բախվում են ընտանիքները, հատկապես իմ գյուղում»,- ասաց Սելամի Հոտին։
Նա շեշտադրեց նաև միջազգային համագործակցությունը՝ նշելով, որ անհայտ անձանց ճակատագրերը միշտ չէ, որ կարող են պարզվել մեկ երկրի ջանքերով։
Մանրամասները՝ տեսանյութում
Կիպրոսի ներկայացուցիչ Էրբեյ Ականսոյը նույնպես նշեց, որ ընտանիքները պետք է դառնան գործող անձինք, այսինքն՝ այս գործընթացի կրողը։
«Ուստի, այս գործընթացի հենց սկզբից պետք է ընտանիքները ներգրավված լինեն ու առաջատար դերակատարում ունենան։ Երբ նոր էին նախաձեռնությունները, ցավոք սրտի, շատ ընտանիքներ ընդհանրապես այս գործընթացի մաս չէին կազմում Կիպրոսում»,- ասաց նա։
Միջազգային փորձագետները անհայտ կորածների որոնման հարցերում շատ են կարևորում նաև լրատվամիջոցների դերը։
«Կիպրոսում լրագրողների դերն էր մեծ։ Լրագրողները հավաքում և հրապարակում էին հոդվածներ, թե որտեղ կարող են լինել հուղարկավորված մարմինները։ Սա շատ է օգնել տվյալների բազա ստեղծելու հարցում»,- նշեց Էրբեյ Ականսոյը։
Որքանո՞վ են պատրաստ հայ ընտանիքներն անհայտ կորածների ճակատագիրը պարզելու հարցում երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ընտանիքների հետ։
Լրագրողների այս հարցերին ի պատասխան՝ 44-օրյա պատերազմում անհայտ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ Ասյա Դանիելյանն ասում է․ «Ցանկալի է, որ մեր ձայնը լսվի նաև Ադրբեջանում, մենք պատրաստ ենք այնտեղի անհայտ կորած անձանց ընտանիքների հետ էլ համագործակցել, որովհետև ցավը նույնն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհայտ կորած՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից։ Իսկ Բաքուն խոսում է 4000 անհայտ կորածների մասին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































