Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետերի են ձերբակալել․ քաղաքապետի ընտրության նախաշեմին ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել

Հոկտեմբեր 27,2021 22:15

Aravot.am-ին հասած  տեղեկություններով, ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է Գյումրու քաղաքապետարանի երկու բաժնի պետերի՝  քաղաքաշինության  և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և անշարժ գույքի կառավարման բաժնից Հովիկ  Գևորգյանին։

Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, մարզի իրավապահները հաստատեցին մեր տեղեկությունը։ Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ հանցանքի մեջ են կասկածվում,  պաշտոնապես դեռ չի մեկնաբանվում, ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։

Փոխարենը շտապում են մեկնաբանություններ անել  շարքային գյումրեցիներից ոմանք՝ զարմանալով, թե ինչո՞ւ Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին է  ԱԱԾ-ն սկսել  ստուգումներ անցկացնել քաղաքապետարանում և արդյո՞ք սա ՏԻՄ ընտրություններում  ձայների քանակով առաջին տեղը զբաղեցրած «Բալասանյան դաշինքի» աչքը վախեցնելու միջոց չէ, որպեսզի ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցության դեպքում առավել  շատ պաշտոններ զիջի իշխող քաղաքական ուժին։

Մենք արեն գրել ենք, որ քաղաքապետի պաշտոնը մնալու է «Բալասանյան դաշինքի» ձեռքում․ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, «Բալասանյան դաշինքը» թեև ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմելու, սակայն իր թեկնածու Վարդգես Սամսոնյանին քաղաքապետ ընտրելու գործում սատարելու դեպքում որոշակի պաշտոններ է զիջելու ՔՊ-ականներին։

Նշենք, որ Արթուր Հակոբյանը  44-օրյա պատերազմի ակտից մասնակիցներից է, նա  կամավորականների ջոկատ էր հավաքագրել ու որպես հրամանատար՝ մեկնել թեժ կետերից մեկը։

Վերջինս  շիրակցի 62 կամավորականների հետ շրջափակման մեջ էր  հայտնվել Շուշիի Հին Շեն բնակավայրի մոտակայքում, սակայն ականատեսների վկայությամբ, կարողացել էին դուրս գալ նաև Արթուր Հակոբյանի հմտության շնորհիվ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031