Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա լուսանկարը․ կարկուտից տուժածների դիմում գրելու հերթը՝ Գյումրու քաղաքապետարանում

Հունիս 22,2026 17:44 Share

Կեսօրին Գյումրու քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրեց հայտարարություն, համաձայն որի՝ հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ը։

«Հունիսի 19-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտը հերթական անգամ զգալի վնասներ է հասցրել քաղաքին և բնակիչներին։ Տեղումների հետևանքով տուժել են քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքը, տրանսպորտային միջոցներն ու տնամերձ հողատարածքները։

​ Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքային իշխանություններն արդեն սկսել են կարկտահարության հետևանքով պատճառված վնասների արձանագրման գործընթացը»,- գրված է հայտարարության տեքստում։

Հայտարարությունից կես ժամ անց քաղաքապետարանում այս պատկերն է (տես՝ լուսանկարներում)։

Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր արդեն 500 քաղաքացի դիմում է ներկայացրել, իսկ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղացած կարկտահարությունից 170 քաղաքացի է դիմում ներկայացրել։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին տեղացած կարկուտից ավերվել էին մարդկանց առանձնատներ, սպասարկման օբյեկտներ, իսկ վերջին կարկտահարությունից հիմնականում տուժել են ավտոմեքենաների վարորդները․ ձվի մեծությամբ կարկուտը ջարդուփշուր էր արել ավտոմեքենաները՝ մեծ վնասներ պատճառելով քաղաքացիներին:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է կատարվելու փոխհատուցումը, Գյումրու քաղաքային իշխանությունը քաղաքային բյուջեի սուղ հնարավորություններով ի վիճակի կլինի՞ օգնել տուժած քաղաքացիներին, Գագիկ Մանուկյանը փոխանցեց, որ քաղաքապետարանն արձանագրման գործընթացն է իրականացնում, փաթեթներն ու լուսանկարները փոխանցելու են Շիրակի մարզպետարան, որտեղ կազմված հանձնաժողովները գնահատում են կատարելու ու ուղարկելու են կառավարություն։

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական հայտարարության մեջ նշված է․ «Քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին գործել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի հանձնաժողովները կարողանան ժամանակին իրականացնել տեղազննությունն ու գնահատել հասցված վնասի իրական չափը՝ հետագա աջակցության ծրագրերում դրանք ներառելու նպատակով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930