Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի բանակցող չկար, մեզ թողել էին անօգնական»․ ինչպե՞ս հաջողվեց Շիրակի կամավորագրված պաշտոնյաներին դուրս գալ շրջափակումից

Դեկտեմբեր 20,2020 20:33

Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, որը շիրակցի 62 կամավորականների հետ Շուշիի Հին Շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել էր շրջափակման մեջ և նախորդ օրն էր կարողացել դուրս գալ շրջափակումից, որոշակի մանրամասներ ներկայացրեց։

Նա ասաց, որ ինքը կամավորագրվել է ինքնակամ՝ ոչ վարչապետի կոչով։ Շիրակի մարզի 62 կամավորներից միայն 8-ը եղել են Ամասիա խոշորացված համայնքի վարչական ղեկավարներ, համայնքապետի տեղակալներ, աշխատակիցներ։ Նրանք կամավորագրվել էին պատերազմ գնալու հենց առաջին օրերից, սակայն պատասխանել էին՝ հինգ օրից կտանենք, ու այդ հինգ օրը դարձել էր մեկ ամիս տասը օր։

Իսկ երբ Շուշիի Հին Շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել էին շրջափակման մեջ, նրանց օգնության ոչ մեկը չի հասել․ միայն իր ընկերոջ՝ Կարապետ Պողոսյանի բարձրացրած աղմուկից հետո են ուշադրություն դարձրել իրենց։

Վահրամ Սաղաթելյանի խոսքով, ռուս խաղաղապահները պատրաստ էին շրջափակման հենց չորրորդ օրը իրենց օգնելու, սակայն հայկական հրամանատարությունից ոչ մեկը չի գնացել ռուսների հետ բանակցելու։ Այնպես որ, ըստ նրա, անտարբերության պատճառով իրենք գերեվարվելու վտանգի տակ էին։

Մեղրաշատի վարչական ղեկավարի խոսքով, Հայաստանի իշխանության ո՛չ մի իշխանավոր, ո՛չ մի պատգամավոր ոչինչ չեն արել իրենց շրջափակումից դուրս հանելու գործում։ Մամուլում աղմուկ բարձրանալուց հետո Վիտալի Բալասանյանի մակարդակով բանակցել են ռուսների հետ։

«Ամսի 29-ին մենք շարժվել ենք Արցախի Հանրապետություն, որպես կամավորական՝ մեզ տեղափոխեցին այնտեղ։ Շատ դժվարությամբ գնացինք, գիշերը ձյան տակ, մեքենաները գյուղ չեն բարձրացել, ոտքով ենք բարձրացել։ Մեզ իջեցրել են Հին Շեն գյուղ՝ մշակույթի տուն, այդ օրը գիշերել ենք կրակի շուրջ, հետո տեղափոխեցին դպրոց։
Դեկտեմբերի 2-ին մեզ տարան դիրքեր՝ ծանոթացնելու, նոր դիրքեր էին, տարել, ասել էին՝ այս կետը մեր սահմանն է։ Մեզ միայն այդ օրը ցույց են տվել այդ կետը, ու դրանից հետո ոչ ոք տեղյակ չի եղել՝ մենք այնտեղ ինչ ենք եղել, ոչ մի հրամանատարական կազմ չի եղել, մեզ միայն սնունդ են ապահովել՝ չորս օրը մեկ։ Հարցրել ենք՝ քանի օրո՞վ ենք լինելու հերթափոխի, հերթափոխն առհասարակ լինելու է 15 օրը մեկ, մեզ չպատասխանեցին, 18 օր մնացինք հենց դիրքում, 21-րդ օրը նոր վերադարձել ենք։
10-րդ կամ 12-րդ օրն էր՝ իմացանք ընկել ենք շրջափակման մեջ»,-պատմեց Վահրամ Սաղաթելյանը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ հենց առաջին օրը, երբ հսկում էին դիտակետը, երկու ժամ անց եկել է ադրբեջանցի զինվորականների շարասյուն՝ մեքենաներով, իրենց դասակի հրամանատար Արտավազդ Ղուկասյանն՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է նրանց հետ բանակցել։

«Արկադի Ղուկասյանն ահազանգեց հրամանատարություն, ասացին՝ դո՛ւք բանակցեք։ Ադրբեջանցիները պահանջում էին ճանապարհ տալ անցնելու, մենք չտվեցինք, իրենք ուզում էին անցնել Աղանուս գյուղ։ Մենք ճանապարհ չտվեցինք, իրենք սուսուփուս հետ են դարձել, բանակցային գործընթացը նույնիսկ կատարեց մեր դասակի հրամանատարը»։

Մեր զրուցակիցը պնդում է, որ եթե իր ընկերոջ՝ Կարապետ Պողոսյանի բարձրացրած աղմուկը չլիներ, իրենք դժվար թե շրջափակումից դուրս գային։

«Եթե այդ աղմուկը չլիներ, հնարավոր է՝ մենք էլ գերի ընկնեինք։ Ես անձամբ գերի ընկնելուց չեմ վախենում, երկրորդ հերթին ես գերի չէի ընկնի, ես ինձ կխփեի։ Կարապետ Պողոսյանի շնորհիվ աղմուկը բարձրացավ, ու բանակցությունները սկսվեցին։ Ռուսը միշտ էլ պատրաստ է եղել, հենց չորրորդ օրը պատրաստ էր մեզ շրջափակումից հանելու, հայկական հրամանատարական կազմից ոչ մի բանակցող չէր գնում։
Մենք կյանք տեսել, անցել ենք, սա ազգադավ իշխանություն է, այսպես կոտորել չի կարելի։ Ու մենք մինչև այսօր թույլ ենք տալիս», -ասաց Վահրամ Սաղաթելյանը։

Նա նաև նեղվեց, որ շրջափակումից դորս գալուց հետո հենց շարժվել են Լաչինի միջանցք, որտեղ Հայաստան տեղափոխող մեքենաներն իրենց էին սպասում, պատգամավորներն ասել են, թե գնացել-բանակցել ենք։

«Էդ ո՞ր պատգամավորն է բանակցել, դե թող գար, տեսներ մեզ, ես մեքենայով շարժվել եմ, նոր եմ տեսել երկու կին պատգամավորների, ինչի՞ էս երկիրը տղամարդ պատգամավոր չունի, կինն է գնում բանակցելո՞ւ։ Տեղափոխումն էլ կատարել է Կարեն Արշակյանը՝ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը ՝ իր բոլոր ծախսերով մինչև զորամաս։

Մեր իջնելուց հինգ րոպե հետո Լանջիկի խաչմերուկում մարզպետն է ներկայացել այնտեղ, բնակիչները կանգնած էին․ գերի ընկած երեխաներ ունեին, նայում էին ՝ հնարավո՞ր է մեքենայի մեջ են, մեզ հետ են, իհարկե, անհնար, բան էր դա։ Զորամաս հասնելուց հետո էլ կես ժամ անց եկավ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Շիրակի մարզի կամավորներն էին՝ էդ տեսակ կարելի՞ էր դիմավորել կամավորին։ Ես չեմ ասում այնտեղ ինչ օրեր եմ քաշել, ուրախ ենք անցկացրել, բայց շատ մեծ տանջանքով․ վրանը խփած էր, բայց վառարանը չուներ խողովակ, ինչո՞վ վառես, բայց դրանից էլ դժգոհ չեմ, ջրից էլ դժգոհ չեմ, որ չենք ունեցել վեց օր, հացից էլ դժգոհ չենք, բայց սա ի՞նչ հրամանատարական կազմ է, սա ի՞նչ արդյունք է։ Մենք այսպիսի երկիր ենք հանձնե՞լ իրենց »-ասաց Վահրամ Սաղաթելյանը։

Նա նաև ասաց, որ 52 տարեկան է, 23 տարի համայնքի ղեկավար է աշխատել, հարյուր անգամ ավելի հայրենասեր է, քան ներկա իշխանություններից որևէ մեկը, մեռնելուց չի վախենում, սակայն մեծ ցավ էր ապրում, երբ տեսնում էր՝ իրենց հետ կային չամուսնացած տղաներ։

«Իրենցից շատ գյուղիս օգուտ եմ տվել, դպրոցից մինչև գազաֆիկացում արել եմ, թող ցանկացած իշխանավոր այսօր այդքան բան կատարի, նայենք մեր երկիրը չի՞ ծաղկի»,-ասում է վարչական ղեկավարը;

Նա նաև նշեց, ո դիրքը 18 օր պահել են, բայց վերջում ասել են՝ սա մեր դիրքը չէ։

«Ո՞նց կարող ես գնաս, 18 օր պահես այդ դիրքը, վերջում ասեն՝ այդ դիրքը մերը չէ։ Ես չեմ կարող ասել, թե ադրբեջանցիները ցանկություն ունեին մեզ խփեին, կրակեին, չի եղել այդպիսի բան, բայց պայթունավտանգ էր։ Ընդամենը տասը րոպեում հնարավոր էլ բոլորիս՝ 60 հոգուն էլ գերի վերցնեին, ամբողջությամբ շրջափակված ենք եղել, իրենց մոտ էլ լավ էր ստացվում, նոր տեխնիկա ունեն, իրենց ամեն ինչը շատ ավելի լավն է, քան մերը։ Վերջին օրերը պահ եղավ միջադեպի, բայց փառք Աստծո, բանակցությունների միջոցով հարթվեց»։

Վահրամ Սաղաթելյանը պնդում է, որ խաղաղ պայմաններում գերեվարվելը իշխանության անգործունակության հետևանքն է։
«Ինչի՞ց են վախենում, որ չեն խոսում, ես վարչական ղեկավար եմ, կարող եմ հենց վաղը դիմումս գրել ու դուրս գալ, բայց դիմումս գրեմ, դուրս գամ, որ ավելի լավ քանդեն, հա՞»։

Ըստ պաշտոնյայի, Արցախի այն մասում, որտեղ ինքն է եղել ու տեղանքն ուսումնասիրել՝ կարող է ասել, որ հնարավոր չէր այդտեղ պարտվել։
«Թող մնացածն էլ իրենք մտածեն, ինչո՞ւ են պարտվել»,- ասում է Վահրամ Սաղաթելյանը։

Ի դեպ, նա նաև նշեց, որ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը ևս կամավորներին ամեն ձևով աջակցել է թե՛ սնունդով, թե՛ ծխախոտով, այն ամենով, ինչի կարիքը եղել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031