Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ ջան, յա վեթինգ կա, յա չկա». թեժ քննարկում՝ վեթինգի թեմայի շուրջ՝ արդարադատության նախարարի բացակայությամբ

Նոյեմբեր 02,2021 17:42

«Ուղղակի ողբերգություն է, որ մենք հեղափոխությունից չորս տարի հետո դեռ քննարկում ենք վեթինգի հեռանկարները Հայաստանում» «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական եւ հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ վրդովվեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը:

Նինա Կարապետյանցը հայտարարեց՝ կներեք, բայց պետական մարմինների բոլոր ներկայացուցիչները, որոնք ասում են՝ վեթինգը սկսվել է, նրա բնորոշմամբ կարծես Հ1-ի Հայաստանը նայեն. «Ժողովուրդ ջան, յա վեթինգ կա, յա չկա, էս մանր-մունր դետալային իրավիճակները, որ արվում են, ովքեր երիտասարդ են՝ մոռացել են, ասեմ, որ նախկինում էլ էին դատավորներին աշխատանքից ազատում, քրեական գործեր հարուցում: Այս ինքնամաքրման գործընթացն էն ժամանակ էլ է եղել: Մինչդեռ մեզ պետք են կոնկրետ, հստակ կոմպլեքս գործողություններ, որը մենք պիտի անեինք, բայց իրականում մենք այդ շանսը բաց ենք թողել: Կա՞ արդյոք հիմա այդ քաղաքական որոշումը: Հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ հեսա վեթինգ ենք անելու, բա ո՞ւր է հիմա, ումի՞ց ի՞նչ ենք ուզում, ես չգիտեմ: Սահմանադրություն փոխելու որևէ ցանկություն չկա: Այդ սահմանադրությունը էլի բազմաթիվ խնդիրներ առաջացրեց ամենադժվար իրավիճակներում, էդ ի՞նչ սկզբունքային հարց է այս Սահմանադրությունը, փոխել ինչո՞ւ չկարողացանք, որ ոչ մեկի կոստյում չհանդիսացող Սահմանադրություն չլինի, ինչո՞ւ չենք ուզում փոխել: Բայց առանձնապես մեծ հույսեր չեմ կապում: Այն, ինչ իրականացվում է, սա վեթինգ չէ, նույնիսկ մասնիկ չէ»: Նինա Կարապետյանցն այս ասելով դիմում էր ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որն արդեն լքել էր քննարկումը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը փաստեց՝ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը և այդ պարտականությունը դնում պետական մարմինների վրա, թե մենք ընդունում ենք, որ դատաիրավական համակարգը տուժում է, խեղվում է արդարադատությունը, չի իրականացվում այն արդարադատությունը, դժգոհությունները տպավորիչ մասշտաբների են հասնում: Ստեփան Սաֆարյանը Սահմանադրության փոփոխության թեզի կողմնակից չէ, ուստի կարծում է, որ պետք է սկսենք Սահմանադրության գործունեություն, համաձայն որի՝ պետությունը պարտավոր է հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները:

Հնչեցված մտահոգությունների առիթով ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հայտարարեց. «Կիսում եմ շատ մտահոգություններ, ուղղակի քաղաքական զսպվածությունից ելնելով՝ իմ՝ մտահոգությունները կիսելու հանգամանքը կարող է ցայտուն չարտահայտվել: Եթե մեր նպատակը հրապարակային քննությամբ ճշմարտություն բացահայտելն է, մենք կարող ենք ստուգել առանց Սահմանադրություն փոխելու, բայց վերջնական որոշում կայացնելը պետք է բերի ԲԴԽ-ին: Սահմանադրության որևէ դրույթ չի խանգարում ստուգում իրականացնել: Ստուգում իրականացնելու համար անհամատեղելիության նոր կանոն սահմանելու համար և դրա հիման վրա խոցելությունը, բոլոր ռիսկերը ստուգելու համար որևէ արգելք չկա: Բայց, եթե դա տալիս ենք ԲԴԽ-ին, նորմալ է, բայց քանի որ հանձնաժողովը պիտի վերջնական լուծում կայացնի, ինքը դատարանն է, հետևաբար ինքը պիտի ստեղծվի Սահմանադրության կետի տակ, որ կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ, բայց այդ հարցը չի կարող լուծել այդ հանձնաժողովը: Եթե այդ հարցը չի կարող լուծվել, հետևաբար դատարան, մասնագիտացված դատարան կոչել չես կարող»:

Դավիթ Խաչատուրյանը վստահեցրեց՝ վեթինգն իրականում բխում է դատական իշխանության շահերից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930