Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրանտ Այվազյան. «Եթե կոնֆլիկտներ լինեին, պարոն Մարուքյանն ընդհանրապես ներգրաված չէր լինի ցուցակներում»

Նոյեմբեր 03,2021 23:50

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ «Լուսավոր Հայաստանը»:  Բազմաթիվ լուրեր էին շրջանառվում, որ այս անգամ եւս կուսակցության ավագանու ցուցակը կգլխավորի խմբակցության մարզային կառույցի ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը: Սակայն խորհրդի որոշմամբ այս ընտրություններում ավագանու ցուցակի առաջին հորիզոնականում Հրանտ Այվազյանն է:

Aravot.am-ը փորձեց  Հրանտ Այվազյանից հետաքրքրվել, թե արդյոք խնդիրներ չե՞ն առաջացել իր եւ պարոն Մարուքյանի միջեւ, որ ցուցակը գլխավորելու է ինքը, այլ ոչ Քրիստ Մարուքյանը, Այվազյանը պարզաբանեց. «Եթե կոնֆլիկտներ լինեին, պարոն Մարուքյանն ընդհանրապես ներգրավված չէր լինի ցուցակներում: Եվ ինքն, իր վերջին հորիզոնականներում գտնվելով ցույց է տալիս, որ մենք  մտածում ենք ավելի կոլեգիալ եւ մեզ համար առաջնային է համայնքային խնդիրների լուծումը, երկրի ու Վանաձորի զարգացումը: Ոչ մեկը ոչ նեղացած է, ոչ ամբիցիաներ ուներ, որ չի իրականացվել, նման բան մեր կուսակցության մեջ չկա»,- ասաց Հրանտ Այվազյանն ու շարունակեց. «Մեր ցուցակը եզրափակում են քաղաքական առավել պոտենցիալ ունեցող մարդիկ, ովքեր որ աշխատել են՝ եւ՛ ՏԻՄ-ում, եւ՛ ԱԺ-ում, եւ՛ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ են: Եթե չեմ սխալվում Քրիստ Մարուքյանը մեր ցուցակի նախավերջին հորիզոնականում է: Այսինքն, մենք չենք կարեւորել, որ առաջին համարներում դնենք այնպիսի մարդիկ, որոնք որ նախկինում ունեն փորձ եւ գիտելիքներ: Մեզ համար ինքնանպատակ չի ավագանու անդամ աշխատելը»:

Այվազյանի խոսքով՝ կուսակցության ցուցակում ընդգրկված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Կուսակցությունը փորձել է իր շուրջը համախմբել ավելի երիտասարդ կադրեր. «Հիմնական երիտասարդ թիմ ենք ներկայացրել՝ սպասարկման ոլորտից մինչեւ գործարար ոլորտի ներկայացուցիչներ, հայրենիքի զինվորից մինչեւ գնդապետ, ուսուցչից մինչեւ դասախոսներ եւ այլն: Մեր ցուցակն ընդգրկուն է եւ ամեն ոլորտից մենք ունենք ներկայացուցիչներ, որպեսզի հետագա աշխատանքներում կարողանանք այդ ոլորտի հիմնախնդիրները հենց ներսից ծանոթ լինելով լուծենք: Ունենք նաեւ համախոհներ, ովքեր ընդգրկված չեն ցուցակներում, սակայն պատրաստ են աջակցել, իրենց փորձով ու գործով ներդրում ունենան հետագա մեր Վանաձորի կառավարման գործընթացում»:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ընտրություններին կմասնակցի  ավագանու անդամի 34 թեկնածու:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հրանտ Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930