Սկիզբը՝ այստեղ:
«Հարեւաններն ու միջազգային հանրությունը, ներառյալ «Հայաստանի ընկերները», վերահաստատել են իրենց այն դիրքորոշումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է»
Դիտարկումներ եւ նկատառումներ երկարաժամկետ քաղաքականությունների համար
Ղարաբաղ
Ա. Ինչպես վերը նշվեց, Ղարաբաղի կարգավիճակը պարունակում է ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչ հարցեր։ Առաջինն այն է, թե ո՞ւմ գերիշխանության տակ է այն գործում. սեփական ինքնիշխանությամբ որպես անկախ պետությո՞ւն, թե՞ մեկ այլ պետության կամ մանդատի ներքո։ Երկրորդն այն է, թե ինչպե՞ս է այն կառավարվում։
Բ. Արդյո՞ք Ղարաբաղի ապագա կարգավիճակն արդեն որոշված է, թե՞ այն դեռեւս բանակցությունների առարկա է։ Տարբեր դերակատարների դիրքորոշումները հակասական են եւ որոշ դեպքերում` առհասարակ փոխբացառող։ Սա լավ չէ ապագայի համար.
Կարդացեք նաև
1. Կարգավիճակի առաջին բաղադրիչի կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ խնդիրը լուծված է. որ Ադրբեջանը՝ հայտարարելով Ղարաբաղի վրա դե յուրե ինքնիշխանության հաստատման մասին, այժմ նաեւ դե ֆակտո վերահսկողություն է հաստատել, բացառությամբ նախկին ԼՂԻՄ-ի՝ ինքնավար այդ տարածքի մի հատվածի, որը նա ժամանակավորապես վստահել է ռուս խաղաղապահներին։ Հարեւաններն ու մնացյալ միջազգային համայնքը համաձայն են Ադրբեջանի հետ։ Բաքուն ընդունում է, որ որոշ մանրամասներ պարզաբանման կարիք ունեն, սակայն դա կարելի է անել ավելի ուշ։ Այդ մանրամասները կարգավիճակի երկրորդ բաղադրիչի մասն են՝ ինքնավարության այն ձեւն ու աստիճանը, որ հայերը կարող են ունենալ։ Արդյո՞ք հայերը կունենան տարածքայնորեն սահմանված, ինքնակառավարվող հայկական Ղարաբաղ։ Ոչ, ասում է Բաքուն։ Երկարաժամկետ հեռանկարում, Ադրբեջանի կառավարության պնդմամբ, հայերը կարող են ապրել Ղարաբաղում, եթե ցանկանան, սակայն նրանք դա կարող են անել որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ պիտի կառավարվեն որպես այդպիսիք։ Բաքուն կարծում է, որ այդ հայե՛րը պիտի ցանկանան լինել այդ շրջանի համար ծրագրվող՝ բարգավաճող տնտեսության մի մասը։ Ադրբեջանի նախագահը մինչ պատերազմը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը կարող էր ինքնավարություն ունենալ Ադրբեջանի կազմում։ Բայց սա մինչ այն էր, երբ Ադրբեջանն ստիպված եղավ գնալ պատերազմի, որպեսզի հետ շրջի Ղարաբաղի առաջին պատերազմի արդյունքները։ Դժվար է ասել, թե այդ դիրքորոշումն արդյո՞ք նորից կփոխվի։
2. Ռուսաստանի նախագահը, որ միջնորդ հանդիսացավ հրադադարի հայտարարության համար, պատերազմից հետո ավելի քան մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, որ նա ավելի վաղ չմիջամտեց պատերազմին, որովհետեւ Ռուսաստանը Ղարաբաղը համարում էր Ադրբեջան, եւ զորք ուղարկեց միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը խնդրեց։ Ուստի պարզ է, որ երբ Ռուսաստանը խոսում է կարգավիճակի խնդրի մասին, նկատի ունի կարգավիճակի երկրորդ բաղադրիչը. արդյո՞ք այն, ինչ մնացել է Ղարաբաղից, ապագայում ինքնակառավարվող տարածք է լինելու, արդյո՞ք Բաքվի կողմից ենթադրվող լուծումը պիտի հաղթանակի, թե՞ որեւէ մի այլ կարգավորում պիտի կիրառվի։
3. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է երկրորդ այս չափմանը՝ երկու փոքր-ինչ հակասական հայտարարություններով. (1) ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է զբաղվել այդ հարցով, եւ (2) կարգավիճակը պետք է քննարկել մի քանի տարի հետո, երբ հայերն ու ադրբեջանցիները ապրած կլինեն միասին, եւ մյուսները կարող են տեսնել, թե ինչպիսին են նրանց փոխհարաբերությունները. այն ժամանակ կարելի է լուծումներ պատկերացնել, որոնք այսօր անհնար են թվում։
4. Ղարաբաղի իշխանությունը երկու բաղադրիչներն էլ համարում է չլուծված. նա չի ճանաչում Ադրբեջանի գերիշխանությունն այդ տարածքում, կտրուկ հայտարարել է, որ ոչ մի հայ չի մնա Ղարաբաղում, եթե Ղարաբաղը հայտնվի ադրբեջանական գերիշխանության տակ, նա դեռեւս նշում է անկախության համար պայքարի մասին եւ կասկած չունի, որ ցանկացած իրավիճակում պետք է ինքնակառավարվող լինի: Այդ իշխանության համար միակ կարեւորագույն փաստը ռուսական զորքերի ներկայությունն է, որոնք ներկայացնում են ավանդական Ռուսաստանին՝ հայերի պաշտպանին, որի հետ Ղարաբաղի իշխանությունն այսօր կապում է այդ տարածքի ապագան։
5. 2020 թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունը, որը համաձայնությունից ավելին է, բայց պայմանագրից նվազ մի փաստաթուղթ, բացահայտորեն չի անդրադառնում կարգավիճակի հարցին։ Սակայն, այդ փաստաթղթի չորրորդ կետի առաջին նախադասությունը հայտարարում է, որ հայկական ուժերը դուրս կգան Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը զուգահեռ։ Հարցն այն է, թե ինչո՞ւ պիտի դուրս գան։ Ոմանց համար թաքնված պատասխանն այն է, որ Հայաստանի զորքերն իրավունք չունեն այնտեղ լինելու, քանի որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։ Այդուամենայնիվ, մինչ այսօր Հայաստանի կառավարությունը որեւէ հայտարարություն չի արել, որ համաձայն է այդ գնահատման հետ, եւ կան նշաններ, որ կառավարությունը նախկինի պես Արցախը Ադրբեջանի մաս չի համարում, եւ որ Մինսկի խումբը պետք է շարունակի բանակցել Ղարաբաղի ապագայի շուրջ։
6. Բացի այդ, որեւէ երկիր, օտարերկրյա առաջնորդ, ոչ էլ տարածաշրջանային կամ միջազգային որեւէ կազմակերպություն չի դատապարտել Ադրբեջանին՝ նոր պատերազմ սկսելու եւ ոչ միայն յոթ գրավյալ տարածքները, այլեւ նախկին ԼՂԻՄ հարավային մասն ու Շուշին հետ վերցնելու համար։ Դատապարտումներ չկային, ուր մնաց արդյունքները հետ շրջելու պահանջներ լինեին, չնայած այն հանգամանքին, որ այդ արշավը մի շարք հատկանիշներ ուներ, որոնք հակասում էին միջազգային չափանիշներին։
7. Այսպիսով, կարելի է ենթադրել, որ գոնե հարեւաններն ու միջազգային հանրությունը, ներառյալ «Հայաստանի ընկերները», վերահաստատել են իրենց այն դիրքորոշումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հաղթանակին հասնելու Ադրբեջանի կիրառած միջոցները որեւէ բան չեն փոխել ու չեն փոխելու։
8. Նրանք, ովքեր հակառակն են պնդում, կարելի է ասել, որ ինքնախաբեության մի նոր շրջանի մեջ են ներգրավված։ Որեւէ այլ լուծում հետապնդելը, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղի անկախությունն է, ոչ միայն անօգուտ է, այլեւ ներկայիս պայմաններում կարելի է նաեւ վտանգավոր համարել։
Գ. Ղարաբաղում հայերին տրվելիք ինքնակառավարման մակարդակի առնչությամբ անորոշությունները մնում են. այն դեպքում, երբ ռուս խաղաղապահները դեռեւս փնտրում են հստակորեն սահմանված մանդատ եւ իրենց պարտավորություններն ու իրավասությունները ճշտող փոխհամաձայնեցված կանոններ չունեն։ Ղարաբաղի հնարավորությունները շատ ավելի սահմանափակ կլինեն, քան Հայաստանինը։ Քանի դեռ ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, հավանական է, որ պիտի որոշեն, թե արդյոք Ղարաբաղի բանակը պիտի գոյություն ունենա, եւ եթե այո, որքան ժամանակով եւ ինչ նպատակով։ Բաքուն հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում, որ Ղարաբաղը զինվորներ ունենա։
Դ. Այս անորոշությունները չեն կարող նպաստել բոլոր ղարաբաղցիների՝ իրենց տները վերադառնալուն եւ այնտեղ երկարաժամկետ մնալու հանձնառությանը։ Դեռեւս ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը կարծես չեն շտապում վերացնել այդ անորոշությունը։
Ե. Ռուսաստանը հանգիստ է նոյեմբերի 10-ի հայտարարության հիբրիդային բնույթի հետ (ո՛չ պարզապես հրադադար, ո՛չ էլ լիարժեք միջազգային պայմանագիր), քանի որ այն համապատասխանում է իր շահերին, բացառությամբ նրա, որ փորձում է հստակեցնել իր խաղաղապահ զորքերի մանդատը։ Ռուսաստանը կցանկանար ամրապնդել իր ներկայությունն Ադրբեջանում՝ հստակ մանդատով. Ադրբեջանն առայժմ հնարամտորեն շրջանցել է այդ փորձերը։
Զ. Տարածաշրջանի ապագայի տեսանկյունից, որն առաջիկա մի քանի տարիներին առնվազն լինելու է ռուս-թուրքական (եւ իրանակա՞ն) տնօրինության տակ, եւ որտեղ, միեւնույն ժամանակ, հիմնական վիճակը անորոշությունն է, տարածաշրջանային տերություններից մեկը կամ երկուսն էլ կարող են ավելի կամ պակաս հաստատակամ լինել միջնաժամկետ հեռանկարում։ Ռուս խաղաղապահներին կարող է խնդրեն հեռանալ արդեն 2025 թ.-ին, առաջին հնգամյա ժամկետի վերջում, կամ դրանից հետո՝ ցանկացած հնգամյակի վերջին։ Չնայած ռուսական ներկայությունը Ղարաբաղում ենթադրում է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի այնտեղ երկար ժամանակ մնալու համար, Մոսկվան կարող է որոշել, գոնե տեսականորեն, այլ քաղաքականություն հետապնդել ի՛ր իսկ պատճառներով։
Է. Որեւէ քաղաքականություն կամ գործողություն, որն արտացոլի նոյեմբերի 10-ի հայտարարությունը մերժելու կամ այդ փաստաթղթում ամրագրված պատերազմի ելքը ուժի գործադրմամբ շրջելու որոշում, կարող է պատճառ դառնալ, որ Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Ղարաբաղի մնացյալ հատվածի նկատմամբ եւ, հավանաբար, կրկնի իր ճնշման արշավը Հայաստանի սահմանին։
Ը. Չպետք է մոռանալ, որ չնայած Ղարաբաղի ղեկավարները չէին հրավիրվել ստորագրելու 2020 թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունը, նրանք Հայաստանի վարչապետին հորդորել էին համաձայնել ցանկացած պայմանի եւ ստորագրել այդ հայտարարությունը, որպեսզի վերջ դրվի ադրբեջանական առաջխաղացմանը։ Այսպիսով, Ղարաբաղի իշխանություններն օգտվեցին Հայաստանի արած այդ քայլից եւ այդ առումով պատասխանատվություն են կրում։
Թ. Նոյեմբերի հայտարարությունն ունի անորոշություններ, որոնց մի մասը կառուցողական է։ Այդպիսի անորոշությունները հնարավորություններ են ընձեռում բարելավելու Հայաստանի դիրքը՝ Ադրբեջանի հետ ճարտար ու դրական ոգով բանակցությունների վարման միջոցով։
Ժ. Այսպիսի երկիմաստությունների եւ անորոշությունների օգտագործմամբ է, որ Արեւմուտքը մտադիր է կրկին գործուն կերպով ներգրավվել քննարկումներում ու բանակցություններում, որի կարիքը Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան չեն տեսնում։ Հայկական կողմը, հատկապես Հայաստանը, կարող է օգտվել Արեւմուտքի վերադարձից, եթե (ա) սխալ չմեկնաբանի այդ հարցում Արեւմուտքի՝ ավելի ներգրավման ցանկության պատճառները, եւ (բ) չգերագնահատի այն, ինչ Արեւմուտքը կարող է եւ պատրաստ է տալ։
Ի. Միջազգային համայնքին՝ Ղարաբաղյան հակամարտությանը կապելուն ուղղված քաղաքականությունը ծրագրելիս՝ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է գիտակցեն, որ պատերազմի արդյունքը (ա) նվազեցրել է հակամարտության մի շարք չափումների շրջանակը եւ (բ) այն դարձրել է տարածաշրջանային՝ ի համեմատ առավել միջազգայնացված բնույթի, որն ուներ մինչեւ պատերազմը։
Լ. Հակամարտությունը ներկայումս տեղափոխվել է նաեւ Հայաստանի սահմաններ։ Ադրբեջանն օգտագործում է հարձակողական հռետորաբանություն, ներառյալ մի նոր պատերազմի սպառնալիք. պատերազմ, որը կուղեկցվի ռազմական գործողություններով՝ Հայաստանի հետ իր սահմանին, եւ որը կհետապնդի երկու նպատակ: (ա) Հայաստանին պարտադրել արեւմտյան Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ բացելու հաղորդակցության/փոխադրական մի հատուկ կապ, որի մասին արձանագրված է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Բաքվի կարծիքով, սա պետք է լինի Լաչինին համարժեք մի միջանցք, իսկ Հայաստանի կարծիքով՝ անհրաժեշտություն չկա հատուկ կարգադրության, որ բաց, բնական հաղորդակցությունը բավարարի այդ պահանջը: Եվ (բ) Հայաստանին պարտադրել, որ պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից իր իսկ տարածքային ամբողջականության ճանաչման եւ վերջ կդնի իր՝ հետպատերազմյան անկայունություն առաջացնող վարվելակերպին։
Այս երկու՝ իրար հետ կապված հարցերի լուծումը, Հայաստանի թե Ադրբեջանի նախընտրած այլընտրանքով, նշանակալի հետեւանքներ պիտի ունենա Հայաստանի տարածքի, տնտեսության եւ սահմանամերձ համայնքների համար։ Հետեւաբար, Հայաստանը սա պետք է համարի իր արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրը՝ դառնալով այդ հարցի լուծման շահախնդիր կողմ եւ որոշում կայացնողներից։
Շարունակելի
«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները
ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)
«Առավոտ» օրաթերթ
03.11.2021