Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեղյակությո՞ւն թե՞…

Նոյեմբեր 11,2021 15:00

Օրերս կարդացինք «Regnum» ռուսական տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի «Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ» հոդվածը: Եթե նման վերաբերմունքն ու սխալ մտածողությունն առաջին անգամ լսեի կամ կարդայի, գուցե զարմանայի կամ զայրանայի, բայց դա արդեն սովորական երեւույթ է դարձել ներկա իրականության մեջ: Քառասունչորսօրյա հայ- թուրք- ադրբեջանական պատերազմի ընթացքում բազմաթիվ անգամներ բոլոր պետությունների ղեկավարների կողմից հավասարության նշան է դրվել պատերազմող երկրների միջեւ: Ակամայից մտածում ես՝ աշխարհը կուրացե՞լ է, թե՞ իր համար պարզապես միեւնույն է, թե ով է սկսել պատերազմը, ով է խախտում ընդունված միջազգային օրենքները՝ հրետակոծում ու ռմբակոծում բնակավայրերը, ով է նախնադարյան բարբարոսությամբ կտրում զոհերի գլուխները, ով է գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսեւորում, ով է ավերում, ոչնչացնում եւ պղծում պատմական հուշարձաններն ու հազարամյակներից մեզ հասած սրբավայրերը:

Երբ սկսում ես ընթերցել Կոլերովի հոդվածը, սկզբում կարծես թե արդար, ազնիվ, անկողմնակալ վերաբերմունքի տպավորություն է թողնում: Բայց դա ընդամենը մուտքն է, ընթերցողին բռնելու ձեւականություն: Իսկ քիչ հետո, երբ սկսվում է հեղինակի հիմնական ասելիքը, պարզվում նպատակը, հասկացվում է, որ նա եւս հավասարության նշան է դնում անհավասար մեծությունների միջեւ: Հավասարության նշան դնելուց անդին հեղինակն այլ կերպ վարվել անկարող է, կամ իրեն ձեռք չի տալիս:

Որ հեղինակը Ռուսաստանի քաղաքացի է ու պետք է պաշտպանի իր պետության շահերը, ոչ միայն պարզ է, այլեւ՝ ներելի: Սակայն, երբ կշեռքի նժարին է դնում ագրեսորին ու զոհին, մարդախեղ, մարդակեր արարածին ու մարդասիրության օրենքներով առաջնորդվողին, միջազգային մարդասիրական օրենքների վրա թքած ունեցողին ու այդ օրենքներով ապրողին, որ այդ նժարները հավասարակշռվում են, ուղղակի չես կարող թաքցնել ե՛ւ զարմանքդ, ե՛ւ զայրույթդ: Եթե նա պաշտպաներ իր երկրի դաշնակցին, էլի կարելի էր հասկանալ, բայց իր պետության դաշնակցի թշնամու կողմը պահելն արդեն չափից դուրս է: Չէ՞ որ իր երկրի դաշնակցի թշնամին իր երկրի թշնամին է՝ իրականում այդպես պետք է լինի: Թե՞ գիտի, որ այդ դաշնակցությունը ձեւական է Ռուսաստանի համար, նա էլ է իր դաշնակցի ու Բաքվի միջեւ հավասարության նշան դնում: Միգուցե ճիշտ է այն շրջանառվող կարծիքը, թե իր հարազատ Ռուսաստանն ու Թուրքիան ձեռք ձեռքի տված կիսեցին Արցախը, վտանգի տակ դրին նրա 30 տարվա պետականությունը, որ սկսված պատերազմը ծրագրված էր երկուսի կողմից:

Սակայն հեղինակը, այդքանով չբավարարված, վարպետորեն անցում է անում պատմական անցյալին եւ աշխատում նորից հավասարության նշան դնել երկու պետությունների կյանքի ու գործունեության միջեւ: Առանց խղճի խայթի հավասարության նշան է դնում երկու պետությունների միջեւ, որոնցից մեկը գալիս է հազարամյակների խորքից, իսկ մյուսն ընդամենը մեկդարյա պատմություն ունեցող արհեստականորեն ստեղծված պետական կառույց է: Ի՞նչ է ուզում սրանով ասել հոդվածագիրը եւ ո՞րն է նրա նպատակը: Արդյոք չի՞ ցանկանում այնքան ստորացնել ու ահաբեկել Հայկական անկախ պետականության գոյությունը, այնքան անիմաստ դարձնել, որ Հայաստանը կամավոր կերպով հրաժարվի անկախությունից եւ խնդրի Ռուսաստանին՝ ընդունել իր կազմի մեջ, ապահովել բնակչության անվտանգությունը դարավոր թշնամի թուրք բարբարոսից: Եվ ուզում է սարսափի մատնել. «Առանց Ղարաբաղի խաղաղարարների Գյումրիի ու Էրեբունու ռուսական բազաները կորցնում են իրենց իմաստը: Հարկավոր է ուղիղ ասել՝ Հայաստանը կորցնում է անկախ պետականությունը»: Ապա խորամանկելով՝ ցանկանում է սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ եւ շարունակում է, թե ի՞նչ կարող է տալ ժամանակակից Հայաստանը Ռուսաստանին, բացի թուրքատյացության եւ իսլամատյացության քարոզչությունից: Այդ ատելությունը հասցեագրվում է բազմազգ Ռուսաստանին, «որտեղ թուրքերն ու մուսուլմաններն իրենց արյունն են թափել ու թափում են ընդդեմ մեր ընդհանուր թշնամու՝ ահաբեկչական ինտերնացիոնալի դեմ»: Սա այն դեպքում, երբ որպես երկու կրոնների բարեկամական կապ, Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետության փոխհարաբերությունները համարվում են օրինակելի, մինչդեռ նույն կրոնը դավանող Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները միշտ էլ ընթացել են լուրջ ելեւէջներով։ Իսլամական այլ երկրների հետ բարեկամական օրինակները քիչ չեն։
Հեղինակը կամ անգիտացված է, կամ խորամանկ խաղ է խաղում: Եթե չգիտի, թե ինչ ատելություն են դաստիարակում Բաքվի թուրքերն իրենց երեխաների մեջ՝ սկսած մանկապարտեզից, իսկ հայկական մանկապարտեզներում ու դպրոցներում՝ ինչ մարդասիրություն, ուրեմն տգետ է: Բայց տգիտության մեջ չես կարող մեղադրել, նա պարզապես ստում է:

Հոդվածի հեղինակը, զարգացնելով հերթական կեղծ մտքերը, հավասարության նշան է դնում նաեւ համաթյուրքական-հիտլերական Ադրբեջանի արհեստական պետության հիմնադիր, ադրբեջանցի Մոհամեդ Էմին Ռասուլզադեի եւ Հայ ժողովրդի ազգային հերոս Գարեգին Նժդեհի միջեւ: Նա անխիղճ անամոթությամբ Նժդեհին համեմատում է դավաճան հիտլերականներ Վլասովի ու Կրասնովի հետ: Նման համեմատությունը ողջամիտ մարդու համար պարզապես անհեթեթություն է: Նույնիսկ դպրոցականը գիտի, որ Վլասովն ու Կրասնովը Ռուսաստանի նոր իշխանությունների թշնամիներն էին եւ ցանկանում էին նրանց կործանումը, իսկ թե ինչ էր ցանկանում Ռասուլզադեն, թող ադրբեջանցիներն ասեն: Գարեգին Նժդեհը երազում էր միայն ու միայն իր ազգի անկախ պետականության վերականգնումը եւ ոչ մեկի թշնամին չէր, բացի իր ազգին եղեռնողից: Յուրաքանչյուր հայ գիտի այդ մասին եւ Գարեգին Նժդեհը նրա համար ազգային հերոս է, Զանգեզուր-Սյունիքը թուրքից պաշտպանողն ու հայկական պահողը, ինչ ուզում են բարբաջեն օտարները: Մի՞թե հեղինակն այնքան կարճամիտ է, որ չի հասկանում՝ կատաղի հիտլերականը հոժար կամքով չէր հանձնվի խորհրդային ուժերին եւ «ժողովուրդների հայրն» այնքան միամիտ ու մարդասեր չէր, որ կատաղի հիտլերականին չգնդակահարեր, ինչպես անմեղ ու մեղավոր միլիոնավոր սեփական երկրի քաղաքացիներին: Եվ Թուրքիայի դեմ ծրագրվող պատերազմ սկսելու մտադրության ժամանակ չէր ընդունվի հիտլերականի առաջարկած ծրագիրն ու «հիտլերական» Նժդեհին աքսորավայրից չէին տեղափոխի Երեւան, որպեսզի իրականացվի նրա առաջարկած ծրագիրը:

Հոդվածագիրը երեւի չգիտի, որ հայ ազգը հերոսաբար, անմնացորդ նվիրումով է մասնակցել 1941-45թթ. Հայրենական պատերազմին, ունեցել բազմաթիվ հերոսներ, որոնց շնորհիվ է նաեւ պարտության մատնվել գերմանական ֆաշիզմը: Թվաքանակով փոքր լինելով իր հարեւան հանրապետություններ Ադրբեջանից ու Վրաստանից, նրանցից շատ զինվոր է ուղարկել ռազմի դաշտ, բազմաթիվ անգամ շատ հերոսներ է տվել: Փոքրաքանակ հայ ժողովրդից 600 000-ը մասնակցել է գերմանական ֆաշիզմի դեմ պատերազմին, որից 300 000-ը զոհվել է հանուն ընդհանուր հայրենիքի պաշտպանության:

Հարգարժան Կոլերովը գուցե չգիտի, որ Ադրբեջանի ռազմաճակատ ուղարկված զինվորները հիմնականում ազգային փոքրամասնություններից էին, որոնց թվում նույնպես բազմաթիվ հայեր կային: Ինչպե՞ս կարող էր չիմանալ, որ միայն հերոսական հայաբնակ Չարդախլու գյուղից 1941-45թթ. Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 1250 մարդ, քաջաբար զոհվել 452-ը: Գյուղը Հայրենիքին տվել է 2 մարշալ, 12 գեներալ, 57 գնդապետ, 199 սպա, 7 ԽՍՀՄ հերոս: Նշեք նման մի գյուղ նույնիսկ Ռուսաստանում: Եվ ի՞նչ, արդեն ԽՍՀՄ օրոք, մարշալ Բաղրամյանի ծննդյան 90-ամյակի օրը՝ 1987թ. դեկտեմբերի 2-ին, գյուղում Ադրբեջանի կողմից իրականացվում է վայրագություն՝ ավերվում է Մարշալի հուշարձանը, իսկ նրա կիսանդրին, թոկը վզին, քարշ է տրվում գյուղի փողոցներով, սկսվում է ջարդ ու թալան, հայ բնակչության տեղահանություն: Եվ արդեն 1988 թվականին դադարում է գոյություն ունենալ 1600-ամյա հայկական հերոսական գյուղը, իսկ Մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի տուն-թանգարանը դարձնում են թեյարան:

Ա՞յդ է Սովետական Ռուսաստանի գնահատականը:
2020 թվականի 44-օրյա պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախի պատմական Ավետարանոց գյուղում ավերեց Ռուսաստանի 1812թ. Հայրենական պատերազմի ու հետագա ռուս- թուրքական եւ ռուս- պարսկական պատերազմի հերոս՝ գեներալ Վալերյան Մադաթովի հայրենական կալվածքը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ ԽՍՀՄ Ավիացիայի մարշալ, երեք Մեծ տերությունների ղեկավարների Թեհրանի (1943թ.) եւ Յալթայի (1945թ.) կոնֆերանսներում Ի. Ստալինի ավիացիայի գծով խորհրդական Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) տուն-թանգարանը: Թուրք- ադրբեջանական վանդալիզմի ցանկը շատ մեծ է:

Միայն կույրը կարող է չտեսնել, որ այսօր էլ աշխարհի աչքի առջեւ, անամոթաբար պղծվում ու ոչնչացվում են ոչ միայն Շուշիի հանրահայտ Ղազանչեցոց ու մյուս եկեղեցիները, այլ նույնիսկ գերեզմանները, իսկ հայերի կողմից վերականգնվել է Շուշիի միակ մզկիթը:

Ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել քնած հայ սպային կացնահարողին ու նրան ազգային հերոս հռչակող պետությանը եւ աշխարհին մարդասիրության օրինակներ տվողին: Այսպես կարելի է երկար շարունակել: Հետեւաբար հեղինակին խորհուրդ կտանք գրելիս եւ խոսելիս չկորցնել խիղճն ու մարդկային ազնվությունը, տարբերել ավազակին արդարից, իր կորուստը վերադարձնողին՝ հափշտակողից, մարդուն՝ մարդկության թշնամուց: Վերջապես պատմական փաստ է, որ ոչ միայն թուրքի անմիջական հարեւանները, այլեւ Եվրոպան դարերով տառապել են թուրքի ձեռքին: Եվ եվրոպացին է ասել՝ այստեղով թուրքն է անցել: Իսկ ժամանակն անզոր է՝ չի կարող փոխել մարդու բնույթը, եթե նա ավարառու է, ուրիշի վաստակով ապրող:

Ո՞ւր է ռուսական կողմի արձագանքը հարյուրամյակների իր հավատարիմ դաշնակցի հանդեպ իրականացված ոճրագործությանը:
Թուրքն այսօր էլ նույն թուրքն է: Թող չմոռանա հաղինակը, որ ոչ միայն ռուսական պետության քաղաքացին, այլեւ ռուսական պետությունը դեռ թուրքից կստանան իրենց բաժինը՝ իրենց թուրքամետ քաղաքականության դիմաց, եթե նպաստեն նրա հզորացմանը: Նրանց սիրելի թուրքն այսօր էլ գործում է ընդդեմ Ռուսաստանի, սակայն ռուսն ու Ռուսաստանը կարծես թե չեն նկատում նրա երկիմաստ խաղը: Վախենանք հետո ուշ կլինի:

Լենսեր ԱՂԱԼՈՎՅԱՆ, ակադեմիկոս,
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ, գրող-ազատամարտիկ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930