Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արդյոք պաշտոնատար անձին քննադատելը զրպարտություն է

Նոյեմբեր 20,2021 14:00

Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան Արա Ղազարյանն այսպիսի միտք էր արտահայտել անցյալ տարի, երբ երեք լրագրողների ՖԲ գրառման հետ կապված դատի էին տվել. «Գայթակղությունը մեծ է լրագրողներին դատի տալու: Բայց կարճ ժամանակ անց հասկանում են՝ դա անիմաստ նախաձեռնություն է, որովհետեւ վերջին խոսքը միշտ լրագրողինն է»:

Իսկ լրագրող Սոնա Հարությունյանի դեմ գործով «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը նշել էր. «Ոչ ֆորմալ հարթակում կարծիք հայտնելու համար լրագրողը աղբյուր մեջբերելու պարտականություն չպետք է ունենա»:

Ինչու հիշեցի այս ամենը…

Օրեր առաջ ֆեյսբուքյան իր մի գրառման համար տասնյակ ոստիկաններ ուղղակի փողոցից առեւանգեցին, ոստիկանության բաժին բերման ենթարկեցին ռեժիսոր, հրապարակագիր Հովհաննես Իշխանյանին:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՖԲ գրառման համար երբեմն մեջքից հարձակվում են անձի վրա, տուն գալիս, խուզարկություն են կատարում, համակարգչային առգրավումներ եւ պարզապես՝ առեւանգում քաղաքացուն: Մեր դատարաններում ՖԲ գրառումների հետ կապված դատական հայցերի պակաս չկա: Ընդ որում, որպես կանոն, պաշտոնատար անձինք են հայցապահանջը դատարան ներկայացնելու «առաջնագծում»:

Երեւի հիշում եք, երբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ գրառման համար դատի տվեց Մասիսի բ/կ նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին («Միայն մի բան կասեմ Թորոսյան, բավական է խաբես ազգիս, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով…»), երբ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի էր տվել նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին: Ըստ վերջինի՝ 68 դրվագով էր հայցադիմումը, եւ ըստ էության, նախկին մարզպետի կարգադրությունները, հրամանները տեղադրելով իր էջում՝ մարզպետի նախկին օգնականը ընդամենը տեղեկացրել էր, սակայն Պետրոսյանը դա համարել էր վիրավորանք, քննադատություն: ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն էլ դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանին՝ նրա ՖԲ երկու գրառումների համար: Գրառումը, որից վիրավորվել էր նախկին վարչապետը, հետեւյալն էր. «Արմեն Դարբինյանն ու Հրանտ Բագրատյանը ճանաչվել են քույր նախկին վարչապետներ»:

Անցյալ տարի ՖԲ գրառումների համար դատի տրված լրագրողներն էին Սոնա Հարությունյանը, Նարինե Կիրակոսյանը, Կարինե Վանեսյանը…

Վերջերս, դատական նիստերից մեկի ժամանակ հղում կատարվեց ՄԻԵԴ 2007թ. գործերից մեկին, որը փորձեցի գտնել եւ հասկանալ, թե ինչն է Եվրոպական դատարանի դատավորների ուշադրության կենտրոնում եղել:

«Ժյուլի եւ Սառլ Լիբերասիոնն ընդդեմ Ֆրանսիայի գործով» դատարանը հանգել էր նրան, որ դիմողները դատապարտվել են մամուլի ասուլիսի ժամանակ մի դիմումի բովանդակության հրապարակման համար, որը վերաբերել է քրեական գործի հանգամանքների բացահայտմանը:

Հայցվոր կողմի կարծիքով, ասուլիսում հրապարակված քրեական գործի նախաքննության տվյալները վերաբերել են մահվան հանգամանքների պարզմանը, չփարատված կասկածներին: Մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվել է տուժողի կնոջ նամակն ուղղված արդարադատության նախարարին, խոսք է գնացել դատական թույլ վերահսկողության մասին, ինչն առաջ էր քաշել մահացածի կինը իր մի դիմումով:

Դատական գործընթացի ժամանակ եղել է քննադատություն գործը քննող դատավորների հասցեին:

ՄԻԵԴ -ի հարցադրումներից մեկն այն էր, թե օրինակ, Վերսալի վերաքննիչ դատարանն արդյոք հաստատված է համարել այն փաստը, որ ասուլիսում հնչածը՝ հրապարակվածն էական ազդեցություն է գործել գործը քննող դատավորների պատվի, արժանապատվության, մասնագիտական համբավի վրա, արդյոք, իրականում գործ չունենք լրագրողի կողմից զրպարտության հետ, այլ ոչ թե՝ քննադատության:
Գործը քննող դատավորները մեղադրել են լրագրողին, որ ասուլիսի ժամանակ հնչածից հետո չի հրապարակել մամուլով, փաստերի հետեւից չի գնացել, չի դիմել դատարան:

Մինչդեռ, Ֆրանսիայի ներպետական դատական ընթացակարգերով նման իրավունք վերապահված չէ լրագրողին, բացի այդ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված են տեղեկատվության տարածման եղանակները, գաղափարների շրջանառությունը: Ըստ դատավորների, լրագրողը ասուլիսի ժամանակ ընդհանուր բովանդակությունից հանել է «իրեն ձեռնտու» տեղեկությունները, կարծիքներ հրապարակել մի գործի վերաբերյալ, որն ընթացքի մեջ էր:

ՄԻԵԴ-ն ուշագրավ հետեւության էր հանգել. լրագրողի ասուլիսի ժամանակ ներկայացված քննադատական խոսքը չէր բացահայտել պետական պաշտոնյաների, այն է՝ դատավորների անձնական դիտավորությունը, այն բացահայտվեց գործի քննության ժամանակ: Ըստ ՄԻԵԴ-ի՝ «Այնուամենայնիվ, ինչպես այս գործով, այնպես էլ ընդհանրապես՝ պետական պաշտոնյաներին՝ իրենց գործունեության հետ կապված քննադատության սահմանները շատ ավելի լայն են, քան սովորական անհատներինը: Իրականում մեղադրվող անձինք երկուսն էլ պատկանում են պետության կարեւորագույն մարմիններին, կարող էին անել անձնական բնույթի քննադատություն թույլատրելի սահմաններում, այլ ոչ թե՝ ընդհանրական»:

Մամուլի ասուլիսի ժամանակ հղում է կատարվել երրորդ անձի: ՄԻԵԴ-ի գնահատմամբ, ասուլիսի ժամանակ լրագրողները չեն դիմել չափազանցված, դրդիչ միջոցների, ինչը ժողովրդավարական հասարակության մեջ՝ ազատ լրագրողական գործունեություն ծավալելու սկզբունքներից է, եւ ըստ էության, քննադատել են, չեն անցել թույլատրելի սահմանները:

«Զրպարտությունից» խոցված պաշտոնյաների պահանջը իրավաչափ չէր, եւ ՄԻԵԴ գնահատմամբ, չէր բխում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջներից:

Ի դեպ, «Լեսնիկն ընդդեմ Սլովակիայի» գործով էլ պետական մեղադրողի դեմ արված հայտարարությունները գնահատվել են արժեքավոր դատողություններ, բայց ահա, երբ դիմողը քննադատել է, որ մեղադրողը չարաշահել է իր լիազորությունները, վերահսկել իր հեռախոսային խոսակցությունները, ներգրավված է կաշառակերության մեջ, սա համարել են վիրավորանք:

Երբ պետական մեղադրողի դեմ նամակն ուղարկվել է գլխավոր դատախազին, Սլովակիայի ներպետական ընթացակարգով սա համարվել է ազդել դատախազի գործունեության վրա, վնաս պատճառել նրա հեղինակությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930