Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը հնարավորություն է՝ սահմանափակելու հայկական ժողովրդավարության մարտահրավերները․ «Անալիտիկոն»

Դեկտեմբեր 19,2021 10:45

Դեկտեմբերի 9-10-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ու առցանց անցկացված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի կազմակերպիչների կողմից մասնակիցների ցուցակի որոշման արդյունքում մասնակից 110 երկրների թվում չեն հայտնվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը։ Իսկ Հայաստանից բացի հետխորհրդային երկրները ներկայացված էին Ուկրաինայիով, Վրաստանով, Մոլդովայով, ինչպես նաև մերձբալթյան երկրներով։ Գագաթնաժողովի արդյունքներով նախագահ Ջո Բայդենը տեղեկացրեց «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը 2022-ին՝ արդեն առերես ձևաչափով անցկացնելու մտադրության մասին։

Գագաթնաժողովի օրակարգը կանխատեսելիորեն հանգեցվել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի և ավտորիտարիզմից պաշտպանության հարցերին։ Գաղտնիք չէ, որ արդեն երկար տարիներ ԱՄՆ-ն աշխարհում ժողովրդավարական հաստատությունների պաշտպանությունն ու արդիականացումը համարում է իր արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Սա էլ ԱՄՆ-ին թույլ է տալիս տրամաբանորեն հիմնավորելու սեփական ջանքերը միջազգային տարբեր միությունների ու ալյանսների ամրապնդման ուղղությամբ։ Այս առումով բացառություն չէր նաև «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը. իր ներածական խոսքում նախագահ Բայդենը հայտարարեց ժողովրդավարական նորացման նախաձեռնության մեկնարկի մասին։ Վերջինս միտված է այլ երկրներում կառավարությունների աշխատանքի թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, ներառյալ աջակցությունը ազատությանը, միջազգային կոռուպցիայի դեմ պայքարին, ազնիվ ընտրությունների սահմանմանն ու պաշտպանությանը։

Ուշագրավ է, որ այս ամենի համար, նախագահ Բայդենի խոսքերով, ԱՄՆ-ն պատրաստ է ժողովրդավարական նորացման շահառու երկրներին տրամադրել 424.4 միլիոն դոլար։ Նախաձեռնությունն ընդգրկում է հինգ հիմնական ուղղություն՝ աջակցություն ազատ և անկախ լրատվամիջոցներին, կոռուպցիայի դեմ պայքար, զորակցություն նրանց, ովքեր ժողովրդավարական բարեփոխումներ են անցկացնում, «ժողովրդավարությանն ի սպաս դրվող տեխնոլոգիաների» առաջմղում, ազատ և ազնիվ ընտրություների ու քաղաքական գործընթացների պաշտպանություն։ Ավելի ուշ Սպիտակ տունը ճշտեց, որ այդ միջոցների հատկացումը հնարավոր է լինելու Կոնգրեսի որոշումից հետո։ Միջոցները տրամադրվելու են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ Ֆինանսների նախարարության միջոցով։

Հասկանալի է, որ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը մեծ քննադատության թիրախ է դարձել չհրավիրված երկրներում։ Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն, իր ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով, գագաթնաժողովում նկատել է «յուրայիններին ու ոչ յուրայիններին հավաստանշելու» ձգտում և միջազգային ընկերակցությունում ջրբաժան նոր գծեր անցկացնելու մտադրություն։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում քաղաքական-փորձագիտական մակարդակով հակված են գագաթնաժողովի հռչակած նպատակների խորքում տեսնելու միանգամայն այլ՝ ներկայիս ամերիկյան կառավարության համար ավելի կարևոր խնդիրներ։ Մանրազնին ուսումնասիրելով բոլոր վարկածները, այդ թվում՝ նաև այն վարկածներն, ըստ որոնց «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը գնահատվում է որպես դավադրության տեսության բաղկացուցիչ մաս կամ միջուկային պատերազմի նախակարապետ, մենք որոշեցինք առանձնացնել դրանցից մեկը։ Խոսքը գնում է ԱՄՆ գործող վարչակազմի արտահայտությունների և նախորդ վարչակազմերի այն հայտարարությունների միջև անալոգիային, ըստ որոնց անհրաժեշտ է արմատապես բարեփոխել ՄԱԿ-ը։

Առանց Չինաստանի ու Ռուսաստանի և որոշ ասիական ու աֆրիկյան երկրների «ժողովրդավարական ՄԱԿ»-ի մասին խոսել են ինչպես Բուշ-կրտսերը, այնպես էլ Դոնալդ Թրամփը։ Եվ Ջո Բայդենի վերջին քայլերը, ըստ այդ վարկածի, խոսում են այն մասին, որ ժողովրդավարությունը սեփական չափանիշներով բարեփոխելու ամերիկյան մտադրությունը դեռևս ուժի մեջ է։ Ռուսաստանում, մասնավորապես, ի դեմս «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի տեսնում են աշխարհը ժողովրդավարական ու ավտորիտար երկրների բաժանելու գործիք։ Իսկ մասնակիցների ցուցակում այնպիսի երկրների հայտնվելը, ինչպիսին են Բրազիլիան, Իրաքը և Անգոլան, էլ ավելի է ամրապնդում այն կասկածները, որ գագաթնաժողովի նպատակն ամենևին էլ այդ նույն ժողովրդավարությանն առնչվող խնդիրների լուծումը չէ։

Վերադառնալով Հայաստանին՝ հարկ է ընդգծել այն առանձնակի ուշադրությունը, որ երկրում դարձվել է նախագահ Բայդենի անձնական հրավերին Նիկոլ Փաշինյանին։ Նաև՝ վերջին ամսվա ընթացքում քանիցս ընդգծվել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներից գագաթնաժողովին հրավիրվել են միայն Հայաստանն ու Վրաստանը։ Իսկ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը դուրս են մնացել։ Ընդհանուր առմամբ, հնարավոր է թվում այն բանի արձանագրումը, որ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետին հրավիրելն ի սկզբանե կանխատեսելի էր։ Քանի որ նույնիսկ մինչև 2018-ի իշխանափոխությունը ԱՄՆ-ն տարածաշրջանից Հայաստանը քանիցս առանձնացրել է ժողովրդավարության առումով։

Այսպիսով, ներկայացուցչական նման համաժողովում Հայաստանի առաջնորդի մասնակցությունը դրական գործոն է դարձել երկրի համար։ Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանն այդ հնարավորությունից օգտվել։ Կարծում եմ, վերջին տարվա ընթացքում Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական բավականին ծանր իրավիճակի համապատկերում վարչապետ Փաշինյանը պիտի ձգտեր միջոցառման կազմակերպիչներին հասցնել գլխավոր միտքը, այն է՝ Հայաստանը ժողովրդավարական երիտասարդ երկիր է, որի ինքնին գոյությունը վտանգի է ենթարկված և կասկածի տակ է դրված ոչ ժողովրդավարական ու ավտորիտար Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։

Գագաթնաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքացիները հանուն ժողովրդավարության պայքարել են երկրի նորագույն պատմության ողջ ընթացքում։ Եվ 1991 թվականին հանուն անկախության քվեարկությունից ի վեր վերականգնել են բազմակուսակցական համակարգն ու քաղաքական իրավունքները, որոնք էլ կոչված են զորացնելու յուրաքանչյուր առանձին քաղաքացու ներուժը։ Նա նաև նշել է, որ միայն վերջին երեք տարում հայերը երկու անգամ՝ 2018-ին և 2021-ին, ժողովրդավարությունը գերադասեցին ավտորիտարիզմից։ Իր գլխավորած կառավարության ապագայի պլաններում Փաշինյանն առանձնացրեց կառավարման համակարգի բարեփոխումները և պետական այն քաղաքականությունը, որը միտված է լինելու վստահության ամրապնդմանը թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանյան գործընկերների շրջանում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հոդվածի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031