Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբաջանյանցիների՝ անզուգական համերգը Գյումրիում (տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 26,2021 21:27

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի կամերային նվագախմբի համերգը։ Մայրաքաղաքի մշակութային կյանքին ակտիվորեն ներգրավված այս նվագախումբն առաջին անգամն էր Գյումրիում։

Նվագախումբը համերգով հանդես եկել է Արցախում, իր մեծ մասնակցությունն է ցուցաբերել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին։

Նրանք Գյումրի հյուրընկալվել էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Սպարտակ Պետրոսյանի ու տնօրեն Հասմիկ Հարությունյանի հրավերով։

Շուրջ յոթ տարվա պատմություն ունեցող նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը երիտասարդ մանկավարժ Արամ Հարությունյանն է․ այն ստեղծվել է հենց նրա նախաձեռնությամբ ու ջանքերով։

Նվագախմբի անդամների՝ տվյալ դեպքում քոլեջի սաների ելույթն ունկնդրելու էին եկել գյումրեցի արվեստագետներ, ուսանողներ։ Տեխնոլոգիական կենտրոնի փոքր դահլիճը լեցուն էր։

Համերգին ներկա էր նաև քոլեջի տնօրենը՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Հարությունյանը։

Ի դեպ, Հարությունյանները ողջ ընտանիքով մասնակից էին համերգին․ համերգի 4 մենակատարներից երկուսը նրա որդիներն էին՝ Արամ Հարությունյանը (ջութակ), Տիգրան Հարությունյանը (ջութակ)։ Մասնակցում էր նաև հարսը՝ Տիգրան Հարությունյանի կինը՝ Արծվիկ Հովումյանը (ջութակ)։ 4-րդ մենակատարն  Անահիտ Վարդանյանն էր (թավջութակ)։

Պրոֆեսորի երկու որդիներն էլ, ինչպես նաև հարսը ուսումը շարունակել են Գերմանիայում։

Նվագախմբի հիմնադիր Արամ Հարությունյանն, ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիան՝ իր հոր մասնագիտական դասարանում, այնուհետ ուսումը շարունակելով Գերմանիայում, վերադարձել է հայրենիք, այժմ դասավանդում է նաև  մայրաքաղաքի 5 երաժշտական դպրոցներում։ Նա շատ հաճախակի է միջոցառումներին ներկայացնում ջութակի մասնագիտական դասարանի իր սաներին։

Նրանք  գյումրեցի հանդիսատեսին ներկայացրեցին տարբեր ստեղծագործություններ, համերգը սկսվեց Էդվարդ Գրիգի` հանդիսատեսին առավել քիչ հայտնի «Հյուսիսային մեղեդիներ»-ի կատարմամբ, հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի` «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» և «Կոնցերտ երկու ջութակի և նվագախմբի»  ստեղծագործությունները։ Ավարտին հնչեց թախծոտ մի ստեղծագործություն․ ամերիկացի 20-րդ դարի կոմպոզիտոր Մ․ Բարբերի «Ադաջիո լարայինների համար» ստեղծագործությունը։

Նշենք, որ համերգը վարում էր կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ Նոնա Ոսկանյանը, որը մանրամասնորեն ներկայացնում էր յուրաքանչյուր ստեղծագործության պատմությանը։ Նա գյումրեցի հանդիսատեսին ծանոթացրեց նաև Հարությունյանների տաղանդավոր ընտանիքի անդամներին՝ պատմելով նրանցից յուրաքանչյուրի երաժշտական կյանքի մասին։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Հասմիկ Հարությունյանն իր ելույթում ասաց․ «Այսքան տաղանդավոր երեխաներ, այսքան փայլուն մասնագետներ և գերխտացված Երևանում․․․ Ես այս մի քանի օրը դրա մասին եմ մտածում, մենք ինքներս Գյումրիում չենք կարող դեռևս կազմակերպել դասական երաժշտության լսարան։ Եվ երևի թե ուժերը պետք է համախմբել, որ այս հրաշք երաժշտությունը չհնչի  միայն կենտրոններում։

Անշուշտ, մայրաքաղաքը պետք է այսպիսին լինի, մենք մի բան պիտի անենք, որպեսզի մեր փոքրիկ Հայաստանում, Արցախ աշխարհում, ինչու ոչ նաև Սփյուռքում, բայց Հայաստանում առավել ևս, ոչ թե էպիզոդիկ հնչի, հյուրախաղերով հնչի, այլ դառնա մշտական, կյանքը լցնելու ու հոգևոր սնունդի կարևոր բաղադրիչը»։

Քոլեջի տնօրենը՝ Արմեն Հարությունյանն էլ իր ելույթում ասաց, որ Գյումրին իր ամենասիրելի քաղաքներից է, իր հայրը գյումրեցի է։

«Այս երեխաների համար շատ կարևոր է լինել Գյումրիում, գյումրեցիների համար նվագել, որովհետև գաղտնիք չէ, որ գյումրեցիներն արվեստի մեծ նվիրյալներ են, մեր ժողովրդին մեծ մարդկանց են տվել և կարծում եմ, դա լրացուցիչ խթան պիտի հանդիսանա, որ էլ ավելի կատարելագործեն իրենց վարպետությունը»,-ասաց Արմեն Հարությունյանը

Նա տեղեկացրեց, որ այսուհետ ինքը դասավանդելու է նաև կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում։

«Տիկին Ոսկանյանն ասաց, որ Գյումրին երկրաշարժից հետո փյունիկի պես հառնեց, ես ուզում եմ, որ պատերազմից հետո մեր հոգիների երկրաշարժը, ավերակները կարողանանք վերացնել։ Եվ այս սերունդը, ապագա սերունդը պետք է կառուցի հիանալի այս երկիրը, որի տերը մենք պետք է լինենք բոլորս: Տարեմուտին ուզում եմ ցանկանալ, որ բոլորիս օջախներում լինի առողջություն,  խաղաղություն, բայց ուզում եմ, որ արժանապատիվ խաղաղություն լինի․ ամեն խաղաղություն չէ, որ խաղաղություն է»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031