Հունվարի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված թատրոնի 100-ամյակին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
«Այս պահին այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու պետք է կոչել ընտրյալ։ Հարյուր տարիների ընթացքում այս թատրոնը սիրողների և սիրվողների պակաս չի ունեցել»,-ասաց նա։

Կարդացեք նաև
Վարդան Մկրտչյանի խոսքով՝ այսօր թատրոնն ապրում է գեղարվեստական նոր վերելք և իրենք կրում են թատրոնը առաջ մղելու պատասխանատվությունը։
Ելույթ ունեցավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Փառք ու խոնարհում բոլոր այն մեծանուն ականավոր գործիչներին, որոնց շնորհիվ անմահացել է հայկական մշակույթը»,-ասաց նախարարը: Նրա ձեւակերպմամբ՝ մայր թատրոնն ապրում է նոր շրջան և այդ ընթացքն իրականանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ։

Ընդունելությանը ներկա էին թատրոնի մարդիկ: Դերասան Ալբերտ Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ապրում է թատրոնով։ «Առանց թատրոնի ես չկամ»,-ասաց Դավիթ Հակոբյանը։ Դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանի խոսքով, թատրոնն իր տունն ու ընտանիքն է։
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ























































