Այսօր Եռաբլուրում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեցինք՝ այն, ինչ վերջին տարիներին չի փոխվում Եռաբլուրում, ձեր ծառայողական շքեղ ամենագնացներն են: Մհեր Գրիգորյանը անմիջապես ցույց տվեց իր մեքենան ու ասաց. «Իմ մեքենան ամենագնաց չի»:

Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասած ձեր հարցը չեմ հասկանում, իրոք»: Նորից կրկնեցինք՝ ե՞րբ եք հրաժարվելու ծառայողական մեքենաներից՝ նա պատասխանեց. «Ոտքո՞վ քայլենք: Իրականության մեջ՝ հաճույքով, ես դրան էլ դեմ չեմ: Բայց ամեն դեպքում բերեք մեքենայի ֆունկցիան չգերագնահատենք էլի»:
Կարդացեք նաև


Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ մեքենաների թիվը կրճատվել է. «Հանրային բարեփոխումների գործընթացում նախարարությունների եւ պետական մարմինների թիվը կրճատվել եւ կրճատման միտում ունի: Առնվազն դա նշանակում է, որ մեքենաների թիվը…Ես ինքս չեմ էլ հաշվել, որովհետեւ դա այդպես էական չեմ համարում այսօրվա խնդիրերի շարքում, բայց հաստատ կրճատվել է ու դրա վրա կարծում եմ՝ պետք չի կենտրոնանալ»:
Դիտարկմանը, որ դա հանրային միջոցներին է առնչվում՝ փոխվարչապետը արձագանքեց, որ հանրային միջոցներին առնչվում է ամեն ինչ. «Միլիոնավոր դոլարների սուբսիդավորում պետք է անենք: Երեկ որոշումներ ենք կայացրել, խնդրում եմ՝ դուք էլ հետեւեք այդ որոշումներին: Եթե համադրության մեջ նայեք՝ ինչ է ֆինանսական ծավալը այդ միջոցառումների ու ինչ ծախսային ծավալների մասին եք դուք հիմա ինձ հարցեր տալիս, անհամադրելի է»:
Բացատրեցինք, որ այստեղ սկզբունքի հարց է, ոչ թե ծախսած միլիոնի քանակը, մի բան ասել եք, մեկ այլ բան անում եք՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում, որ ոտքո՞վ գնամ այստեղից: Համեցեք, գնանք միասին»:
Լրագրողները տարբերակներ առաջարկեցին՝ շրջեք երթուղայինով, տաքսիներով, ինչպես մենք՝ լրագրողներս՝ նա պատասխանեց «Բան չունեմ ասելու, եթե դա է ձեր ցանկությունը՝ քննարկենք, բայց դա արդյունավետ չէ»:
Հիշեցրինք Փաշինյանի խոսքերը, որ պաշտոնյաները պետք է երթուղայինում կռացած գնան, ինչպես քաղաքացիները՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում ասեմ, ձեր ակնկալվող պատասխանը ասեք»: Հուշեցինք՝ հանձնեք ծառայողական մեքենաները եւ ապրեք աղքատ քաղաքացիների պես՝ փոխվարչապետը խոստացավ մտածել այդ հարցի շուրջ ու հեռացավ իր ծառայողական մեքենայով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
























































