Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ ինչ-որ քաղաքացիների խավի այդ տեսքով են ընտրակաշառք տվել». Լոռու մարզպետ

Փետրվար 01,2022 23:23

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց  Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ասաց. «Ես չեմ պարտվել, ես հաղթել եմ: Իմ պայքարը տարիներ շարունակ եղել է, որպեսզի ընտրությունները չկեղծվեն եւ այսօր 2018 թվականից ի վեր ՀՀ-ում ընտրությունները որեւիցե մակարդակում չեն կեղծվում, համենայն դեպս իշխանության կողմից: Բայց նաեւ ուզում եմ անդրադառնամ մի շատ կարեւոր հանգամանքի վրա, որ այո, մենք իբրեւ իշխանություն այնպես ենք անում, որ ընտրությունները չկեղծվեն»:

Սակայն, միեւնույն ժամանակ Խաչատրյանը կարծում է նաեւ, որ ընտրությունների ընթացքում կիրառվել են մի շարք ապօրինություններ. «Ըստ օդում կախված լուրերի, քաղաքապետարանում էլ կան այդ ֆինանսական մուտքերը, որտեղ, որ բնակվարձի, աղբի վարձի, գույքահարկի հետ կապված նոյեմբերի 15-ից մինչեւ 30-ը միլիոնավոր մուտքեր են եղել: Սա խոսում է այն մասին, որ չի բացառվում, որ ինչ-որ քաղաքացիների խավի այդ տեսքով են ընտրակաշառք տվել, այսինքն՝ գույքահարկն են զրոյացրել, բնակվարձը կամ աղբի վարձը: Գույքահարկի կամ բնակվարձի հետ կապված անցած տարվա համեմատ 40 միլիոն դրամի տարբերություն կա: Այսինքն, անցած տարի նոյեմբերի 15-ից 30-ը եղել է 40 միլիոնի մուտք, այս տարի՝ 80 միլիոն դրամի: Այսպիսի կասկածելի երեւույթներ կան»:

Մարզի ղեկավարը բերեց եւս մեկ օրինակ կապված ընտրությունների հետ, նշելով, որ այն սակայն ունի ուսումնասիրության կարիք. «Վանաձորում մոտավորապես 1000-1500 հոգի տարբեր տեղերից գրանցված եւ ըստ ինձ հասած տեղեկությունների, նույնիսկ այն տեղամասերում, որ այդ մարդիկ գնացել են քվեարկության, քաղաքացիները նրանց առաջին անգամ են տեսել: Օրինակ 3-4 սենյականոց բնակարանում գրանցված են 17 հոգի: Սա նոր բան չէ, 20 տարի շարունակ այս մեխանիզմը կիրառվել է եւ չի բացառվում, որ հիմա էլ է կիրառվել, եւ արդյունքն ունենք այն ինչ ունենք: Ես չեմ ուզում թեկնածուներից որեւէ մեկին մեղադրել, բայց սա շատ կարեւոր երեւույթ է, որ պետք է ուսումնասիրենք եւ հետագայի համար կանխենք»,- ասաց Արամ Խաչատրյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28