Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը «Բամբակե պատերից» ներս

Փետրվար 02,2022 15:00

Ինչ մտքեր է առաջացնում Վահրամ Մարտիրոսյանի վեպը

Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպը «Սովետի», իսկ ավելի ստույգ՝ «բրեժնեւյան լճացման» ժամանակաշրջանի մասին է: Դա, ըստ էության, Խորհրդային երկրի վերջին շրջանն էր. համակարգը գնում էր դեպի իր տրամաբանական վախճանը՝ համընդհանուր անհավատության, ցինիզմի պայմաններում՝ «պաշտոնական» երեսպաշտության ֆոնի վրա: «Բամբակե պատեր»-ը վեպ է, գեղարվեստական ստեղծագործություն՝ ռեպորտաժ չէ 1980-ականների սկզբի մասին: Բայց, քանի որ դա նաեւ իմ երիտասարդությունն էր, իմ ուսանողական տարիները, ցանկություն է առաջանում՝ հիշելու այդ տարիների սեփական զգացողությունների մասին: Դա, կարծում եմ, բնական ցանկություն է. երբ որեւէ բան նկարագրված է վառ գույներով, համոզիչ մանրամասներով, ընթերցողն ուզում է դա համեմատել ի՛ր ապրումների հետ: Եթե ես փորձեի վերլուծել այդ պատմական դարաշրջանը, ապա մի քանի տասնամյակների հեռավորությունից, «սառը հայացքով» կարելի էր թվարկել նաեւ դրական երեւույթներ, որոնք առայսօր բարենպաստ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա: Բայց դա առանձին պատմական, քաղաքագիտական վերլուծության նյութ է:

Միանգամից ասեմ, որ ինձ համար «Սովետն» այնքան մռայլ գույներով չէր ներկայանում, որքան վեպի գլխավոր հերոսի համար: Գուցե նաեւ այն պատճառով, որ այդ ստեղծագործության «պրոտագոնիստը» սովորում էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, իսկ ես՝ կոնսերվատորիայում: Երաժշտական բուհի հանդեպ կոմունիստական պետության եւ դրա «առաջնապահ ջոկատի»` КГБ -ի ուշադրությունն ավելի թույլ էր: Տրամաբանությունը, կարծում եմ, հետեւյալն էր. երաժշտական ձայների միջոցով դու չես կարող գրել, որ խանութներում բացարձակ դատարկություն է («ոչինչ չկա, բացի սառցակալած բադերից»՝ ինչպես նկարագրված է վեպում), կամ՝ որ Պոլիտբյուրոն մարազմի մեջ է: Բայց գրականության, լրագրության մեջ նման տեքստ կարող էր հայտնվել՝ հենց այդ պատճառով էլ նման մասնագիտությունների մարդիկ գտնվում էին պետանվտանգության ակնդետ ուշադրության կենտրում:

Համալսարանն էլ միատարր չէր. գիտական կոմունիզմ, ՍՄԿԿ պատմություն եւ աթեիզմ դասավանդող դոգմատիկների, ստալինյան ոճի մատնագրեր գրողների կողքին կար, օրինակ, Լեւոն Ներսիսյանը, որը վեպում պատկերված Լեւոն Ադամյանի նախատիպն էր: Կային նաեւ բազմաթիվ այլ դասախոսներ, որոնք գուցե նույնքան արտիստիկ անհատականություններ չէին, բայց բոլոր դեպքերում դրական առումով ձեւավորում էին սերնդի մտածելակերպը: Բայց ասելով՝ «մեր սերունդը» ո՞ւմ նկատի ունենք: Երեւի, այն ժամանակվա 20 տարեկանների մի փոքր մասին եւ ոչ նրանց, ում վեպի հերոսն անվանում է «ագռավներ»՝ տարբեր տեսակի «անկյուն պահողներին», «պպզողներին», ում մեջ տղաների երկար մազերը, մորուքները եւ անգամ ջինսերը դասակարգային ատելություն էին առաջացնում:

1960-ականների վերջին Արեւմուտքում մեծ թափ հավաքած ուսանողական շարժումը (որոնց մասին գրքում խոսում է Ադամյանը), այդ շարժման եւ ընդհանրապես այդ մթնոլորտի ծնած «նոնկոնֆորմիզմը», ռոք-երաժշտությունը, արեւմտյան ազատ մշակույթի տարրերը, ի հեճուկս խորհրդային համակարգի դիմադրության, թափանցում էին մեր կյանքի մեջ: Համակարգն, այո, դիմադրում էր, բայց դա անում էր մեխանիկորեն, մի տեսակ՝ անհավես, որովհետեւ հենց իրենք՝ «կագեբեշնիկները» եւ, պայմանականորեն ասած, գիտկոմի դասախոսները չէին հավատում այն արժեքներին, որոնք իբր պաշտպանում էին: Համակարգի անարդյունավետ, ոչ ֆունկցիոնալ լինելու խորհրդանիշը զառամյալ պոլիտբյուրոն էր, որին ծավալուն անդրադարձ կա գրողի նախորդ գործերից մեկում՝ «Բվեր»-ում, իսկ «Բամբակե պատեր»-ում հակիրճ հիշեցվում է այդ սյուժեն: «Ավտոցիտատը» միանգամայն տեղին է:

Ազգային խնդիրներում «Սովետը» երկակի քաղաքականություն էր վարում: Կար «թույլատրված ազգայնականություն», որը բխում էր Կրեմլի շահերից, ինչպես ձեռնտու էր ի պաշտպանություն բեյրութահայերի ցույցը, որը, կարելի է ասել, վեպի սյուժեի «սկզբնական հանգույցն» է: Այդ թույլատրվածից դուրս՝ ինքնիշխանությանը, անկախությանը, անգամ՝ մայրենի լեզվի գերակայությանն ուղված ակտիվությունն արգելված էր ու հետապնդվում էր: Բայց, այսօրվա աչքերով նայելով, ինձ, ճիշտն ասած, թվում է, որ 1988 թվականի Շարժմանը եւ դրանից հետո պետության ձեւավորմանը նպաստել էին թե՛ «պաշտոնական» եւ թե՝ արգելված ազգային հոսանքները: Ընդ որում, «թույլատրվածի» մեջ էին 19-րդ դարի հայ գրողների՝ ազգային ազատագրական պայքարին նվիրված գործերը: Օրինակներից մեկն է գրքում հիշատակած Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վիպակը, որը դաստիարակչական մեծ ներուժ է պարունակում:

Ի՞նչի համար արժե անդրադառնալ «Սովետին»: Նախեւառաջ, այն պատճառով, որ համակարգը (այն ժամանակ, երբ ես էի գիտակից տարիքում) մարդկանց բաժանում էր «բաշարողների» եւ «անբաշարների»: Վերջիններս ապրում էին իրենց «չորուցամաք» աշխատավարձով, նրանց ձեռքից ոչ մի բան չէր գալիս, պահեստից կամ «տակից» ոչ մի նորմալ ապրանք չէին կարողանում «ճարել»: «Բաշարողները» տեղավորվում էին «պետական գործի»՝ օրինակ՝ «միլիցա» էին դառնում, բանակում այնպես էին դասավորում, որ կարողանում էին «խլեբառեզ» աշխատել կամ «ստրոյբատում գլուխ պահել» (օրինակները, բնականաբար, վեպից են վերցրած): Կարո՞ղ ենք ասել, որ 30 տարում այդ հոգեբանական ջրբաժանը՝ ոչ թե կոնկրետ պատմական երեւույթները, այլ դրանք ծնող «մարդկային գործոնը» ամբողջությամբ հաղթահարված է: Ինձ թվում է՝ ոչ, մենք շարունակում ենք ապրել «հետ-սովետում»: Եվ 2018 թվականի հեղափոխությունն այդ առումով առանձնապես բան չի փոխել:

Այս հոդվածը, բնականաբար, գրախոսական չէ: Պարզապես մտքեր են, որոնք իմ մեջ առաջացրել է այդ ստեղծագործության ընթերցումը: Մի նպատակ էլ ունեմ՝ այս տողերը գրելով. ուզում եմ գովազդել… գիրք կարդալը: Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ մարդկանց մեծամասնությունը միայն գրում է (մեծ մասամբ, իհարկե, համացանցում) եւ շատ քչերն են կարդում: Չկարդալով գրելն ազդում է գրածի որակի վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Չեմ կարծում,որ սովետն է մեղավոր Հայաստանում “բաշարողներ” ձևավորելու մեջ։
    Մենք հարյուրամյակներ պետականություն չունեցող ազգ էինք և բնականաբար իշխանություն չհարգող։
    Իշխանությունից գողանալը, նրան չենթարկվելը շատ նորմալ էր եթե դու այլ երկրի լծի տակ ես և բացարձակ չես ուզում քո օրինապահությամբ սատարել քեզ գերության մեջ պահող երկրի բարգավճմանը։
    Հայաստանում հիմա նույնպես չկա որևէ հարգանք իշխանության նկատմամբ, քանի որ մեր մեջ արմատավորված է,որ մենք պետք է չսիրենք, չվստահենք և չենթարկվենք իշխանություններին։
    Իհարկե,հիմա հայ իշխանություններ են,բայց իշխանությանը չենթարկվելու
    համար բերվում են նույն պատճառները “Դուք, ռուսի,թուրքի,ամերիկացու չինացու շահն եք պաշտպանում,դրա համար մենք ձեզ չենք վստահում”։
    Բայց իրական պատճառն այն է,որ
    մենք դեռ չենք ձևավորել հայ պաշտոնյայի այն կերպարը,որին մենք որպես առաջնորդ կընդունենք և կհարգենք։Մենք չգիտենք ինչպիսի արտաքին տեսք, ինչպիսի բառապաշար և առոգանություն, ինչպիսի կրթվածություն,ինչպիսի արժեհամակարգ և կամային հատկություններ պիտի ունենա մեր իշխանության ներկայացուցիչը։
    Ամեն հայ, նայելով այսօրվա և երեկվա իշխանություններին, կարծում է,որ ինքն էլ կարող էր նույն հաջողությամբ երկիր կառավարել՝ ” Է՜, ո՞վ չի կարող պատերազմ պարտվել,արտագաղթ ապահովվել, անարդար և կախյալ դատավորներ ունենալ և խոսել, խոսել ու շատախոսել”:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28