Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիղճ ունեցող բանաստեղծը երեսուն տարեկանից հետո էլ չի գրում». Վահրամ Մարտիրոսյան

Հոկտեմբեր 01,2022 19:22

Գրքի երեւանյան 5-րդ փառատոնի շրջանակում կայացավ Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված» գրքի շնորհանդեսը: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ գրքի ծնունդը առիթ է խոսելու հեղինակի պոետական ժառանգության մասին: «Վերջին  տասնամյակներին մենք սովոր ենք, որ Վահրամ Մարտիրոսյանը գրի, մեզ հրամցնի մեկը մյուսից հետաքրքիր վեպեր»,-ասաց գրականագետը եւ թվարկեց Վահրամ Մարտիրոսյանի արձակ գործերը, որոնք ժամանակին լավ իմաստով մեծ աղմուկ են հանել: Անդրադառնալով նրա պոեզիային՝ ափսոսանք հայտնեց, որ  բանաստեղծություններ քիչ է գրել:

Ինչ վերաբերվում է «Մեջքով երազի քո կեսին հենված» գրքին, որն ամփոփում է չափածո գործեր, Արքմենիկ Նիկողոսյանը նշեց. «96 էջից է բաղկացած գիրքը, բայց, ինչպես ասում են՝ ծավալին չխաբվեք, դրանք ընդգրկուն 96 էջեր են: Դրանք, ըստ էության, ամփոփում են Վահրամ Մարտիրոսյանի պոետական ժառանգության լավագույն մասը՝ 70 թվականներից մինչեւ մեր օրերը: Այս գիրքը փաստում է, որ պարոն Մարտիրոսյանը թաքուն բանաստեղծություններ է գրել: Այդ գործերը հարստացնում են շատ կարեւոր մի գեղագիտական շրջանակ»:

Նա մեջ բերեց բանաստեղծ Հակոբ Մովսեսի խոսքերը. «Պարոն Մովսեսը մի անգամ թաքուն խոստովանել, որ ինչ-որ տեղ հիասթափված է Վահրամ Մարտիրոսյանից, որովհետեւ խանդով է վերաբերվում, երբ լավ բանաստեղծները փախչում են պոեզիայից դեպի արձակ»:

«Վահրամի բանաստեղծությունները շատ բարձր եմ գնահատում, շատ եմ սիրում: Իրենց սկզբնավորման ժամանակներից՝ թե խոսակցությունների, թե զրույցների, եւ թե տպագրական պրոցեսներում, դրանց մասնակից եմ եղել: Այս ժողովածուի բոլոր բանաստեղծությունները, պատկերավոր ասած, անգիր գիտեմ»,- ասաց Հոկոբ Մովսեսը: Նրա ձեւակերպմամբ, Վահրամ Մարտիրոսյանը կարողանում է բանաստեղծական շոկի ենթարկել ընթերցողին, նա գրում է «խղճի մտոք եւ բանաստեղծության մտոք»:

Նա, վկայակոչելով գրքում զետեղված բանաստեղծությունների տակ գրված թվականները, ափսոսանքով ասաց, որ Վահրամ Մարտիրոսյանը տասնամյակը մեկ է բանաստեղծություն գրել. «Դա նշանակում է, որ Վահրամը մտքի ծայրով երբեմն-երբեմն անցկացրել է բանաստեղծությանը վերադառնալը: Բայց ինձ զարմացրեց հսկայական անջրպետների արանքում իր բանաստեղծական ընկալման միասնությունը»: Հակոբ Մովսեսի բնորոշմամբ, Վահրամ Մարտիրոսյանը խիստ բանաստեղծության կողմնակից է, այսինքն՝ այն բանաստեղծության, որը ծեքծեքումներ թույլ չի տալիս:

«Երբ մենք առաջ գրադարաններում տեսնում էինք Չարենց, Տերյան հատընտիր, այդ հատընտիրն այն ժամանակ տարօրինակ  բառ էր թվում…Այսօր Ավագ Եփրեմյանի հետ խոսում էի այն ամսին, որ բաներ կան՝ ժամանակին գրել եմ, հիմա պիտի փոփոխեմ, մի հատ ժողովածու անեմ, վերնագիրը դնեմ ծյունինգ, այսինքն՝ ծյունինգ արած բանաստեղծություններ…Ասածս այն է, որ կարեւոր բան է ի մի բերելը»,-Վահրամ Մարտիրոսյանի հատընտիր գործերը ներկայացնելիս նշեց վավերագրող, գրող եւ լրագրող Տիգրան Պասկեւիչյանը: «Վահրամը մեծ մասամբ ինձ համար գնահատելի է այն պատճառով, որ եթե ռուսերեն ասելու լինենք, կասեի՝ великий экспериментатор է, ինքն անընդհատ էքսպերիմենտներ է անում, իրեն փորձում է բոլոր տեղերում»:

Տիգրան Պասկեւիչյանը հիշեց, որ Վահրամ Մարտիրոսյանի լուսանկարն առաջին անգամ տեսել է բանակում «Գարունի» էջերում՝ Վիգեն Թադեւոսյանի ձեւավորումներով համարներում. «Առաջին անգամ տեսա Վահրամի նկարն ու բանաստեղծությունները, մտածեցի՝ ինչ հետաքրքիր նոր մարդ է»:

Վահրամ Մարտիրոսյանը փորձեց պարզաբանել ինտրիգը՝ ի վերջո ինքը բանաստեղծ է, թե՞ արձակագիր: «Առաջին հերթին բանաստեղծը մի քիչ տարիքային երեւույթ է, եւ խիղճ ունեցող բանաստեղծը երեսուն տարեկանից հետո էլ չի գրում, բայց, իհարկե, կան բացառություններ՝ Հակոբ Մովսեսը, Ավագ Եփրեմյանը, Տիգրան Պասկեւիչյանը…Ես էլ ի վերջո  դարձա բացառություն, քանի որ մի քանի տարի չգրեցի…իննսունականների սկզբին մտածեցի էլ չեմ գրելու, մտածեցի Տերյանն արդեն էդ տարիքում չկար, էլ չենք խոսում Մեծարենցի ու Դուրյանի մասին, բայց հետո նորից գրեցի…»,-ասաց նա: Հիշեցրեց, որ առաջին բանաստեղծությունները «Գարունում» տպագրվել են, երբ տասնհինգ տարեկան էր, հետո գրաքննության տակ է հայտնվել, մինչեւ Հակոբ Մովսեսը դարձել է պոեզիայի բաժնի վարիչ:

Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ անընդհատ ուզում է մարտահրավերի վիճակի մեջ լինել, դրա համար էլ անընդհատ փոփոխում է ժանրերը. «Եթե ես այդ մարտահրավերի վիճակում չլինեմ, չեմ կարող ստեղծագործել»:

Իբրեւ հանդիպման ամփոփում Վահրամ Մարտիրոսյանը կարդաց իր բանաստեղծություններից մեկը՝ ULTIMA VERBA շարքից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31