Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Ադամյան․ «Ողջի գետում, գյուղատնտեսական հողերում ծանր մետաղներ են հայտնաբերվել»

Փետրվար 02,2022 13:51

Բնապահպանական կազմակերպությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունից պատասխաններ են ակնկալում՝ Արծվանիկի պոչամբարն ի՞նչ են անելու, գետի աղտոտվածության խնդիրներն ինչպե՞ս են լուծելու

«Թուխմանուկ, «Ֆերմերների շարժում» եւ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ները երեք նամակ են հղել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, որում անդրադարձել են Ողջի գետի աղտոտմանը, Արծվանիկի պոչամբարին եւ գյուղատնտեսական հողերի խնդիրներին։ Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։

Սիլվա Ադամյան

Նա ասաց, որ նամակում նշել են գետի եւ գյուղատնտեսական հողերի՝ ծանր մետաղներով աղտոտման մասին եւ պարզաբանում խնդրել, թե ինչ գործողություններ է նախատեսում իրականացնել կոմբինատը։

«Մեր մոնիթորինգային խումբը հետազոտել էր Ողջի գետի պարունակությունը, Արծվանիկի պոչամբարը։ Հայտնաբերել են, որ հողում ծանր մետաղների կտրուկ աճ կա։ Բացի սրանից, այլ հարցեր էլ ենք հղել, սակայն, այս նամակներն ուղարկել էինք սեպտեմբերին եւ մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»,-ասաց Սիլվա Ադամյանը։

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 15% բաժնետոմսերը ՀՀ կառավարությանն են, որը հավատարմագրային կառավարմանն է հանձնել Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդին։

«Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ռուսական «Արդյունաբերական ընկերություն»-ը գնել է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից էլ 15 % բաժնետոմսերը նվիրաբերել է ՀՀ կառավարությանը, իսկ «Արդյունաբերական ընկերության» սեփականատերն է ազգությամբ ռուս մեծահարուստ Ռոման Տրոցենկոն։

«Ռոման Տրոցենկոն հայտարարում էր, որ 4 մլն եւ ավելի դոլարի ներդրումներ պետք է անեն կոմբինատի եւ բնապահպանական խնդիրները լուծելու համար։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները բաց են մնացել եւ այդ հայտարարությունները օբյեկտիվ իրադարձություններ չեն դարձնում։ Արծվանիկի պոչամբարն ունի հինգ տարվա կյանք, սակայն Տրոցենկոն իր հարցազրույցներում նշել է, որ կոմբինատի ծավալները պետք է մեծանան։ Իսկ եթե ծավալները մեծանում են՝ պոչամբարի պարունակությունն է ավելանում։ Պոչամբարում պետք է ռեկուլտիվացիոն աշխատանքներ անեին։ Մեր նամակներում սրա մասին նշել էինք եւ պահանջել ներկայացնել, թե ինչ ընթացքում են այդ աշխատանքները։ Ոչ մի պատասխան չենք ստացել»,-ասաց Սիլվա Ադամյանը։

Նրա խոսքով՝ եթե այս ամիսների ընթացքում կոմբինատի ղեկավարությունը որեւէ պատասխան չի տվել, կարող են եզրակացնել, որ նշված ուղղություններով որեւէ աշխատանք չի կատարվում․ «Այսինքն, միջոցներ չեն ձեռնարկում իրավիճակը բարելավելու համար, ուստի մենք կանգնելու ենք լուրջ խնդիրների առաջ։ Սա շրջակա միջավայրին բավականին լուրջ վնասներ է պատճառելու»։

Ըստ Ադամյանի, անկախ փորձագետների խումբը տարածքի հողերում ծանր մետաղներ է հայտնաբերել, ինչպես նաեւ Ողջի գետի ակունքների ջրերում մշտադիտարկում են իրականացրել, խումբը դեռ 2016 թվականից է աշխատում․ «Քաջարան քաղաքից հետո գետի ջուրը լավ աղտոտված է ծանր մետաղներով։ Բազմիցս հայտարարել են, որ նոր պղնձաձուլարան են կառուցելու, որտեղ ամբողջ հանրապետության հանքանյութն է բերվելու։ Սա շատ վտանգավոր է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստիճանի աղտոտվածություն կլինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28