Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվանիկցիների արյունը նորմայի սահմաններում է․ մասնագետը հերքում է ապատեղեկատվությունը

Ապրիլ 15,2024 12:43

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, կայացել է թվով 4-րդ արյունատվության ակցիան, որն այս անգամ տեղի է ունեցել Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում։

Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր արյան դոնոր միջինում կարող է փրկել երեք կյանք։ Հայաստանում տարեկան իրականացվում է մոտ 26 հազար արյան փոխներարկում։ ԶՊՄԿ աշխատակիցները եւ համայնքների բնակիչները արյան դոնորներ դարձան անհատույց։

«Առաջին անգամ արյուն եմ հանձնել Գորիսի արյունաբանական կենտրոնում՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Այն ժամանակ Արծվանիկից 25-30 հոգանոց խմբով գնացել էինք արյուն հանձնելու», – ասում է արծվանիկցի Նվեր Ստեփանյանը։

Յոլյանի անվան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի Սյունիքի արյան կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը հիշում է՝ Արծվանիկի մի խումբ բնակիչներ բավականին մեծ օժանդակություն ցույց տվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ` դոնորական արյուն հանձնելով Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում։

Արթուր Առաքելյանը հերքեց այն տեղեկությունները, որ Արծվանիկում բնակվողների արյունը չի համապատասխանում դոնորական արյան համար անհրաժեշտ չափորոշիչներին։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ արծվանիկցիների հանձնած դոնորական արյունը չեն պահում արյան բանկում, քանի որ կոմբինատի պոչամբարը գյուղի տարածքում է տեղակայված։

«Տեղաբնակների արյան դոնորների առողջական վիճակի հետազոտությունները ցույց են տվել, որ արյունատվության համար անհրաժեշտ բոլոր ցուցանիշները միանգամայն գտնվում են նորմայի սահմաններում»,-նշեց Ա․Առաքելյանը։

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը ձեռնարկը դիտարկում է մարդասիրության օրինակ։

«Կարեւորում եմ այս նախաձեռնությունը կոնկրետ Արծվանիկում՝ տարբեր հայտնի եւ ոչ այնքան հայտնի սխալ կարծրատիպերի վերացման տեսանկյունից։ Սա 4-րդ ակցիան է, որին մասնակցում են ինչպես մեր ընկերության, այնպես էլ ազդակիր համայնքների ներկայացուցիչներ»,- նշեց Տարոն Նավասարդյանը։

 

Անցած տարվանից մեկնարկած արյունատվական նախաձեռնություններին՝ ընդհանուր առմամբ, մասնակցել են ԶՊՄԿ ազդակիր համայնքների մոտ 100 բնակիչներ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930