Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Քերոբյան, ոնց հաշվում եմ, միևնույն է, լավ չենք ապրում․ «Փաստ»

Փետրվար 05,2022 10:51

Ինչպե՞ս է որոշվում աղքատության մակարդակը: Վիճակագրական կոմիտեն հիմնվում է տարբեր ցուցանիշների վրա, մասնավորաբար՝ որքան գումար է սպառել քաղաքացին ամսվա կտրվածքով: Այս դեպքում 2020 թ.-ին աղքատ է համարվել ամսական 44 482, ծայրահեղ աղքատ՝ 23 828 դրամից քիչ ծախսած անձը: Հրապարակված զեկույցում տարաբնույթ թվեր կգտնեք: Գեղարքունիքում աղքատության ամենաբարձր ցուցանիշն է՝ 48,1 տոկոս, այնուհետև Շիրակի ու Տավուշի մարզերն են 42,9 և 37,5 տոկոսներով: Ամենացածր ցուցանիշը Սյունիքում է՝ 6,1 տոկոս: Սրանք պաշտոնական թվեր են, որոնք գոյանում են տարաբնույթ, երբեմն անհասկանալի հաշվարկների արդյունքում, իսկ իրականությունը միշտ տարբերվում է թվերից:

Իրականության մեջ, որում ապրում է ՀՀ վաղուց արդեն ոչ հպարտ քաղաքացին, ամեն ինչ թանկացել է, քաղաքացին վաղուց արդեն «տուգանքի մատերիալ է», իսկական քաոս է, որից ելքեր գրեթե չեն նշմարվում, իսկ քաղաքացին ուղղակի գոյատևում է: Գնաճ բոլոր ապրանքների պարագայում՝ դեղորայք, բանջարեղեն, մսամթերք, հացաբուլկեղեն, կաթնամթերք, հագուստ, բայց աշխատավարձերը մնում են անփոփոխ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեզ համոզում է, որ անգամ գնաճի պայմաններում սկսել ենք ավելի լավ ապրել: Պարզապես հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է, որ ինքներս չենք զգում, որ ավելի լավ ենք ապրում:

Այն, որ մեր բնակչության ավելի մեծ տոկոսն ընդգրկված չէ աղքատների ցանկում կամ էլ սոցիալապես անապահով չենք համարվում, չի նշանակում, որ չունենք բոլոր «հնարավորություններն» այդ ցանկերից որևէ մեկում հայտնվելու: Փորձենք օրինակով ամեն ինչ հասկանալ: Ասենք, քաղաքացին միջինացված աշխատավարձ է ստանում` 100 հազար դրամ, չունի կողմնակի եկամուտ: Դու ես և քո 100 հազարը: Ի՞նչ ես անում առաջին հերթին գումարը ստանալիս: Ճիշտ է, շտապում ես կոմունալները վճարել: Միջինացված հաշվարկներով այն կկազմի, ասենք, 20-ից 30 հազար դրամ, չեմ խոսում ձմռան ամիսների մասին, երբ ստիպված ես գազի կամ էլէներգիայի համար ավելի շատ վճարել, մտածում ես՝ ավելի լավ է մի երկու-երեք ամիս շատ վճարեմ, բայց հիվանդանոցների դռները չընկնեմ: Հաջորդիվ գնում ես խանութ գնումներ անելու: Նախ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ նպարեղեն, բանջարեղեն, մի քիչ մսամթերք, տնտեսական ապրանքներ, գնումներ կատարելիս առաջնորդվում ես ըստ անհրաժեշտության:

Այսինքն՝ գնեմ այն, ինչի կարիքն ունեմ, հետո արդեն, թե «տակը բան մնա», նոր ուրիշ գնումներ կանեմ: «Յուղ ու բրինձն» առած՝ գալիս ես տուն, նորից հաշվում, թե ինչ ես գնել ու ինչու գումարիցդ գրեթե ոչինչ չի մնացել: Մնացածը պետք է ծախսես ամսվա ընթացքում՝ մինչև հաջորդ աշխատավարձը: Ողջ ընթացքում աղոթում ես Ասկլեպիոսին՝ հունական դիցաբանության բժշկության աստծուն, որ հանկարծ չհիվանդանաս: Նկատեցի՞ք՝ չխոսեցի շոր ու կոշիկ գնելու, ինչ-որ տեղ այցելելու, առավել ևս արձակուրդ գնալու մասին: Միջին աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է մի երկու տարի աշխատի, որ մի երկու շաբաթով արձակուրդ գնա: Սա քաղաքացու մասին է, որը մենակ է ապրում կամ էլ, ասենք, ծնողի հետ, իսկ եթե այս նույն քաղաքացին մանկահասակ երեխա ունի՞ իր խնամքին: Չէ, պարոն Քերոբյան, ոնց հաշվում եմ, միևնույն է, լավ չենք ապրում:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28