Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեմ՝ հասկանալո՞վ են մեզ տանում այս վիճակին, թե՞ մասնագետ չեն. Հրաչ Բերբերյան. «Փաստ»

Փետրվար 08,2022 10:22

«Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն այս գնաճն օրինաչափ է անվանում և բացատրում է, թե ինչու: «Անցած տարի մեր ֆերմերները դիզվառելիքը ձեռք էին բերում 300-350, այս տարի՝ 500 դրամով: Պարարտանյութը գնում էին 6500-7000 դրամով, այս տարի 17-18000 դրամ է՝ մոտ երեք անգամ ավելի: Գնաճ կա նաև թունաքիմիկատների դեպքում: Արդյունքում ունենք գնաճի նման պատկեր: Կառավարության սուբսիդավորումը բլեֆ է, քանի որ սուբսիդավորվում են բանկերը, և ոչ թե գյուղացին: Սա ժողովրդին խաբելու մի նոր ձև է: Գազն է թանկանում, բնականաբար, թանկանալու է նաև ջերմոցի արտադրանքը: Մարդիկ նստած նախարարություններում ծրագրեր են անում, բայց ո՞ր չինովնիկը ժողովրդի համար ծրագիր կանի, պարզ չէ՝ առաջին հերթին իրենց համար են անում: Մնացած ամեն ինչը Գյուլնազ տատու հեքիաթներն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Պարբերաբար թիվ էր շրջանառվում, որ մեր երկրում հողատարածքների 65-ից 70 տոկոսն անմշակ է, անգամ մի տեսակ նախատում էին մարդկանց, որ նրանք չեն ցանկանում աշխատել, հողը մշակել: «Այդ թիվը գնալով ավելի է մեծանալու: Մարդիկ ոչ թե չեն ցանկանում մշակել այդ հողերը, այլ կառավարությունն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ գյուղացին ստիպված չի մշակում դրանք, ուղղակի չի կարողանում այդ պայմաններում աշխատել, ոչ թե «լոդրություն» է անում»,-ասում է նա:

«Անասնակերն անցած տարվա համեմատ երկու անգամ թանկացել է, բնականաբար, մսամթերքն ու կաթնամթերքը ևս պետք է թանկանան ու արդեն թանկացել են»,-ասում է փորձագետը՝ հիշեցնելով՝ իսկ գյուղնախարարություն ունե՞նք, որ դեռ մի լավ բան էլ սպասենք:

«Հիմա էլ ավելի ենք համոզվում, որ այդ նախարարությունը միտումնավոր փակվեց: Խոտհարքերն ու արոտավայրերն ինչո՞ւ պետք է թուրքերին հանձներ, եթե գյուղնախարարությունը տիրություն աներ այդ հողերին: Այժմ արդեն ամեն հարցի պատասխանը կա, տեսնում ենք: Չգիտեմ՝ հասկանալով են մեզ տանում այս վիճակին, թե՞ պարզապես մասնագետներ չեն, գուցե ուղղակի դիտավորությո՞ւն է: Դրա համար կան պատկան մարմիններ, թող նրանք զբաղվեն այս հարցերով»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28