ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին լրագրողները հարցրեցին՝ ընդդիմությունը հայտարարում է, որ նախագահի ընտրությունները լեգիտիմ չեն անցել, քանի որ մի ուժ է մասնակցում: Նա պատասխանեց. «Նույն հաջողությամբ կարելի էր պնդել, որ, օրինակ, իշխանությունները լեգիտիմ չեն, քանի որ առանց կոալիցիայի միանձնյա են կառավարում երկիրը: Իշխանությունները ստացել են բավարար ձայներ, որպեսզի ձեւավորեն թե՛ կառավարություն, ընտրեն թե՛ նախագահ, սահմանադրական օրենքներ ընդունեն եւ օրենսդրական դաշտն ամբողջությամբ ապահովեն եւ դրա լեգիտիմությունը ոչ թե որոշվում է ընդդիմադիր ուժի հայտարարությամբ, այլ՝ ՀՀ սահմանադրությամբ»:
Երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի մթնոլորտի հետ կապված Հակոբ Արշակյանն ասաց. «Արձանագրենք հետեւյալը. մեր ընդդիմադիր գործընկերները մեզ մեղադրում են նրանում, որ մենք հանձնել ենք տարածքների 75%-ը: Ասում են՝ հայրենիք եք հանձնել եւ այլն, բառապաշարն այսպիսին է: Եթե այդպես է, կոնկրետ 7 շրջանների վերաբերյալ ամբողջ բանակցային գործընթացը, փաստաթղթերով վկայությունները, քաղաքական հայտարարությունները թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կողմից այդ տարածքները հանձնելու մասին են եղել: Եթե այդպես է, ապա ինչու նույն բառապաշարով չեն արտահայտվում նաեւ նախկին նախագահների հասցեին: Այնուամենայնիվ, շարունակվում է, ըստ էության, այն գործընթացը, որ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ են փորձել գցել՝ իրենց վրայից այդ պատասխանատվությունը բանակցությունների վարման, ընդհանրապես՝ Արցախի հարցով բանակցել են մի բան, հանրությանը կերակրել են այլ թեզերով»: Ըստ Արշակյանի, հիմա էլ 44-օրյա պատերազմի հարցում են փորձում մոլորության մեջ գցել:
Նա նշեց, որ եթե Կուբաթլուն մեր հայրենիքն է, ապա ինչի՞ մասին էին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները՝ դա հանձնելու:
Կարդացեք նաև
Անդրադառնալով «թալանչի, դավաճան» արտահայտություններին՝ Հակոբ Արշակյանն ասաց. «Թալանած գումարները հիմա հետ են վերադարձնում: Գնացեք հարց տվեք՝ այդ 15 մլրդ-ը ինչու վերադարձրեցին… 30 տարի մոլորության մեջ են գցել մարդկանց, ասել, որ բանակցային գործընթաց է գնում, ամեն ինչ նորմալ է եւ կուլիսներում զբաղվել թալանչիությամբ, որի արդյունքները հիմա տեսնում եք, փաստեր են՝ դատարանի որոշումներով, վերադարձված գումարներով գույքերով ամեն ինչ ապացուցվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































