Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի դեմ հարուցված քրեական գործին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ըստ ՊԵԿ-ի հարուցած այդ քրեական գործի, կոմբինատը չի կատարել հարկային պարտավորություններ, սակայն քրգործի շրջանակներում պետական բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ․ «Սա վերջին տարիների ամենախոշոր վերականգնումներից մեկն է»։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հավելեց․ «Եթե հիշողությունս չի դավաճանում՝ սա քրեական գործի շրջանակներում ամենամեծ վերականգնումն է։ Բազմադրվագ քրեական գործ էր քննվում, կոնկրետ ԶՊՄԿ-ին առնչվող դրվագը կազմված է 2016-17 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ նպատակ են ունեցել հարկվող շահույթը քայքայել։ Քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա առաջադրվել էր մեղադրանք նախկին տնօրենին։ Նա մեղադրանքն ընդունել է։ Նշանակվել էր համալիր հարկային ստուգում, եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել էր ակտ՝ հիմնականում ռոյալթիի եւ շահութահարկի դրվագներով, առաջադրվել էր 15 մլրդ դրամի պարտավորություն։ Վճարումը կատարվել է, ակտի դեմ առարկություն չի ներկայացվել, չի բողոքարկվել»։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Եթե ճիշտ եմ հիշում՝ որ ասում ենք նախկին տնօրեն, խոսքը այն մասին է, որ նախկին է եղել մինչեւ 2021-ի օգոստոս կամ սեպտեմբեր ամսին»։
«Հստակ չեմ կարող ասել, բայց մոտավորապես այո։ Այո, որոշումն անցել է տնօրենների խորհրդով, բաժնետերերն են տեսել պայմանագրերը, բայց քրեական օրենսգրքի 205 հոդվածի իմաստով՝ սուբյեկտ հանդիսանում է տնօրենը։ Ամենակարեւորը՝ 15 մլրդ դրամը չի վճարվել ընկերության առկա ակտիվներից, վճարումը կատարել է ֆիզիկական անձը»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Կարդացեք նաև
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ռուստամ Բադասյանը պարզաբանեց․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 15 մլրդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս, իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում»։
Բադասյանի խոսքով․ «2016 եւ 2017 թվականներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի եւ ԱՄԷ-ում հաշվառված ընկերությունների միջեւ կնքվել են սթրիմինգային պայմանագրեր, ըստ որի՝ խտանյութի օտարումն իրականացվել է միջանկյալ օղակի միջոցով։ Եթե խտանյութի միջազգային շուկայական գինը եղել է 6500 դոլարի շրջակայքում, պայմանավորվել են, որ այդ միջանկյալ օղակին կվաճառեն օրինակ՝ 2000 դոլարով։ Արդյունքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» չի ստացել շահույթի այն մասը, որը կստանար այլ հավասար պայմաններում, եթե չլիներ միջանկյալ օղակը։ Այսինքն` հենց այս մեխանիզմով պետությանը պատճառվել է ավելի քան 15 մլրդ դրամի վնաս»։
Եթե Մհեր Պոլոսկովը պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցվի, ինչպես ասաց Բադասյանը, քրեական հետապնդումը կդադարեցվի։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































