Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ադրբեջանական աղբյուրները վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են հրապարակել». հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը. «Ապառաժ»

Մարտ 03,2022 16:31

Ապառաժ. Արցախյան հիմնահարցի հիմնարար դրդապատճառներից մեկը մշակութային ճնշումներն էին, որոնց Ադրբեջանում ենթարկվում էր հայությունը, նաև՝ Խորհրդային Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Ազատագրելով մեր հայրենիքը՝ մենք 30 տարի անց բախվեցինք այդ նույն խնդրին, երբ խնդրո առարկա է ոչ միայն հայերի ապրելու իրավունքն Արցախում, այլ նաև հայկական մշակութային ժառանգության պահպանությունը, որն Ադրբեջանը կա՛մ ձգտում է ոչնչացնել, կա՛մ ծայրահեղ դեպքում փորձում է զրկել հայկական պատկանելիությունից: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքով, որոշ դեպքերում դա եկեղեցիների «ուղղափառացումն» է, մյուս դեպքերում՝ հայկական մշակութային ժառանգության «աղվանացումը», որոնց մասին ուղղակի հրահանգները տվել է Ադրբեջանի ղեկավարը: «Խորհրդային Միությունում հեշտ չէր այդպիսի գործողություններ կատարել, որովհետև կար վերադաս Մոսկվա, որը զսպիչ դեր էր կատարում. մեկ երկիր էր միասնական ղեկավարությամբ: Հիմա դա չկա»,- նշում է նա:

«Վերջերս ակտիվացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելության խնդիրը: Ադրբեջանը կարծես թե իր համաձայնությունը ևս տվել է, ու մենք պետք է պատրաստ լինենք այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ փոխհարաբերություններին»,- կարծում է հասարակական գործիչը: Սերգեյ Շահվերդյանը ցավով է նշում, որ այդ ուղղությամբ ամեն ինչ արված չէ. այսօր օրախնդիր է դարձել պետական տարբեր մարմինների համակարգված գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելությանը պատրաստվելու և, առհասարակ, Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը մշակույթի առումով հակազդելու ուղղությամբ:

Նա առանձնացնում է մի շարք հրատապ գործողություններ, որոնք պետք է իրականացնի պետությունը՝ հասարակության և մասնավոր հատվածի հետ համատեղ.

— Անհրաժեշտ է բռնազավթված տարածքներում մնացած հուշարձանների և արվեստի գործերի, թանգարանային հավաքածուների վերաբերյալ միասնական տեղեկատվական շտեմարան ստեղծել:

-Հենց ադրբեջանական աղբյուրները վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են հրապարակել: Դա վերաբերում է թե՛ եկեղեցներին, թե՛ գերեզմաններին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի նահատակների հիշատակին կառուցված հուշարձաններին, թե՛ Խորհրդային Միության հայազգի հերոսներին նվիրված հուշակոթողներին: Մեզ անհրաժեշտ է շտապ պատրաստել վանդալիզմի ենթարկված այդ հուշարձանների ցուցակները՝ լուսանկարներով, տեսաերիզներով, և հրապարակել համապատասխան բրոշյուր:

-Մշակույթի և պատմության հուշարձանների վերաբերյալ կարիք կա միասնական վերջնական ցանկերի մշակման, որոնք պետք է լինեն նաև լուսանկարներով ուղեկցված, և յուրաքանչյուր պատմական հուշարձանի համար պետք է թղթածրարներ պատրաստել՝ օտար լեզուներով կարճ նկարագրություններով և լուսանկարներով, որոնք կարող են օգտագործվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դաշտային առաքելություններին ներկայացնելու համար:

— Պետք է հիշեցնել, որ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տարել իսլամական հուշարձանների պահպանման ուղղությամբ: Առանձին գրքույկներ, տեսաերիզներ պետք է հրապարակել իսլամական հուշարձանների պահպանության ուղղությամբ մեր կատարած աշխատանքների վերաբերյալ:

Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ շատ հաճախ մեր ուշադրությունից դուրս են մնում օկուպացված տարածքներում մնացած թանգարանային և արվեստի հավաքածուները:

«Մենք անհրաժեշտություն ունենք պատրաստելու թանգարանների և մասնավոր հավաքածուների մշակութային արժեքների ցանկերը, որոնք պետք է լինեն լուսանկարներով և մշակութային արժեքների փորձագիտական գնահատմամբ. չէ որ դրանք նաև նյութական արժեք ունեն: Պետք է յուրաքանչյուր թանգարանի և մասնավոր հավաքածուների վերաբերյալ հրատարակել պատկերազարդ բրոշյուրներ, տեսաերիզներ ստեղծել, որոնց հիմք կարող են հանդիսանալ տարբեր տարիների՝ Արցախի հանրային հեռուստատեսության նկարահանումները: Ի վերջո, իրավական գործընթացներ սկսելու անհրաժեշտություն ևս կա, որովհետև դրանք կորել են: Պետք է քրեական գործեր հարուցել ու բռնազավթված տարածքներում մնացած արժեքների միջազգային հետախուզում հայտարարել, որպեսզի մշակութային արժեքների ապօրինի վաճառք տեղի չունենա»,- գործողությունների հաջորդականությունը նշում է նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ անուշադրության է մատնվում օկուպացված տարածքներում մնացած եկեղեցական գույքը: Պետք է ամփոփել կորսված եկեղեցական գույքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ գորգեր, ծիսական գույք, սրբապատկերներ, ձեռագործ աշխատանքներ: Անհրաժեշտ է Արցախի հանրային հեռուստատեսության արխիվերի հիման վրա ստեղծել տեսաերիզները, ցանկեր կազմել ու նաև այդ ուղղությամբ հրատարակել առանձին գրքույկներ: «Մի քիչ առանձին հարց է Շուշիի Ղազանչեցոց և վ եկեղեցիների խնդիրը, որոնց հայկականությունը խնդրո առարկա է դարձրել Ադրբեջանը՝ այն ներկայացնելով որպես ուղղափառ եկեղեցիներ»,- նշում է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը՝ շեշտելով  հայկական հուշարձանների աղվանացման դեմ պայքարի ռազմավարության մշակման կարևորությունը:

Շատ կարևոր հանգամանք ևս. պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի իսլամական հուշարձաններին: Ադրբեջանը բարձրացնում է թվեր, որ հայերն իբր 30 տարվա ընթացքում ազատագրված տարածքներում 60 մզկիթ են ոչնչնացրել: Այնինչ, իրականում այդ թվերն ուղղակի հնարված են:

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031