Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքի ազդակիր համայնք Գեղամասարում բնակչությանը տեղում պահելու խնդիր կա. Արոտավայրերն անցել են Ադրբեջանին, եղածներն էլ հանքի պատճառով անջրդի են դարձել

Մարտ 16,2022 19:03

Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում գործում է Մղարթի ոսկու եւ արծաթի հանքավայրը, որը շահագործում էր «Մուլտի գրուպ» կոնցեռն ընկերությունը: «Մուլտի գրուպ»-ը համայնքում գրեթե որեւէ ներդրում չի իրականացրել: Այսօր այս մասին  մտահոգություն հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ ԷկոԼուր մամուլի ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ:

Թեման Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի թիրախ համայնքներում սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունների վերաբերյալ էր: Ըստ Օլեգ Դուլգարյանի սոցիալ-էկոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքարդյունաբերական եւ էներգետիկ բիզնեսը բացասական ազդեցություն են գործում համայնքների վրա, սակայն պատասխանատվություն չեն ստանձնում այդ խնդիրները լուծելու հարցում:

«Երբ Օձուն համայնքում իրականացրինք ուսումնասիրություն, պարզեցինք, որ սոցիալ կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում, «Մուլտի գրուպ» կոնցեռնը համայնքում գրեթե որեւէ ներդրում չի իրականացրել: Ամբողջ տասնամյակների ընթացքում խոսքը ընդամենը 2-3 միլիոն դրամի մասին է, որը հատկացվել է այս համայնքի համար: Այնինչ ազդեցությունը տվյալ համայնքի նկատմամբ ակնհայտ է, նաեւ կան ուսումնասիրություններ, թե ինչպես է այդ ազդեցությունը մարդկանց առողջության վրա ազդում»,-ասաց պարոն Դուլգարյանը: Նրա խոսքով, համայնքն էլ չունի քաղաքականություն տվյալ ընկերության հետ հարաբերվելու եւ չունի գործընկերային հարաբերություններ՝ համայնք ներդրումներ բերելու:

Բացի հանքարդյունաբերությունից, ըստ Օլեգ Դուլգարյանի, համայնքներում կան նաեւ այլ ընկերություններ, որոնք նույնպես օգտվում են համայնքի ռեսուրսներից, բայց գրեթե ոչինչ չեն իրականացնում տվյալ համայնքում. «Նույն վիճակն է նաեւ Ախթալայում: Թեեւ վերջին տարիներին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը որոշակի գումարներ փոխանցում է տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն տվյալ գումարները ծախսվում են միայն ենթակառուցվածքների զարգացման վրա: Այսինքն՝ մարդկանց կյանքը՝ ֆինասական, սոցիալական առումով չի լավանում եւ այդ ներդրումների ազդեցությունը շատ թույլ է»:
Մինչդեռ, ըստ նրա, համայնքներում բացահայտել են մեծ ռեսուրսներ, որոնք կարող ենք օգտագործել տվյալ համայնքների զարգացման համար:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանի խոսքով՝ խոշորացված Գեղամասար եւ Վերին Գետաշեն համայնքներում կատարած հետազոտական աշխատանքները պարզել են, որ այստեղ գործող ընկերությունները համայնքներին մեծ վնասներ են հասցնում, սակայն համարժեք փոխհատուցում չի իրականացվում. «Գեղամասարը ընտրվել է որպես Սոթքի հանքավայրի ազդակիր համայնք, Իսկ Վերին Գետաշենը որպես Արգիճի գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանի ազդակիր համայնք:

Վերին Գետաշենում, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու, Սեւանի մասին օրենքը ոտնահարելով, Սեւանը սնուցող ամենամեծ գետի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայան: Հատկապես՝ գյուղատնտեսական տարածք համարվող  Վերին Գետաշենին ՀԷԿ-ը տարաբնույթ վնասներ է հասցնում: Արգիճի գետը խողովակներով է տեղափոխվում մինչեւ տուրբիններ եւ բնակչությունը զրկվում է ոռոգման ջրից: Վերին Գետաշենում կան տարածքներ, որոնք չի ցանվում եւ չի մշակվում, որովհետեւ ամռան սեզոնին ունեն ջրի խնդիրներ: ՀԷԿ-ը կառուցվել է, օգուտներ է ստանում, սակայն Վերին Գետաշենը միակ ազդակիր համայնքն է, որը ոչ մի դրամ չի ստացել՝ որպես փոխհատուցում»:

Անահիտ Գեւորգյանի խոսքով, ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետեւանքով երկու անգամ մարդկանց ցանած հողամասերը զրկվել են բերքից. «Փոքրիկ գումարներ են փոխհատուցվել գյուղացիներին: Բայց հստակ քաղաքականություն չկա համայնքի հետ համագործակցելու:

Բնակիչներն առաջարկում են, որ ՀԷԿ-ը որոշակի գումար մասհանում անի, որը կփոխանցի համայնքի բյուջե, որպեսզի հնարավորություն լինի նվազեցնելու այն ռիսկերը, որոնք կրում են գյուղացիները: Նրանք առաջարկում են կա՛մ իրենց ցանքատարածությունները փոխարինվի որոշակի մշակաբույսերով, որոնք քիչ ջուր են պահանջում, կա՛մ ջրամբար կառուցեն, որը հնարավորություն կտա ջուրը հավաքելու եւ օգտագործելու՝ ոռոգման եւ ՀԷԿ-ի գործունեության համար»:

Ինչ վերաբերում է Սոթքի ոսկու հանքավայրի ազդակիր համայնքին՝ Գեղամասարին, ապա, ըստ տիկին Գեւորգյանի, այստեղ բնակիչները սովորել են այդ վիճակին, քանի որ այն երկար տարիներ է ինչ շահագործվում է: Բայց, քանի որ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ արոտավայրերի մեծ մասն անցել է հակառակորդի կողմը, մարդիկ զրկվել են արոտավայրերից: Հիմա արդեն, Անահիտ Գեւորգյանի խոսքով,  խնդիր կա բնակչությանը գյուղում պահելու եւ նրանց համար տնտեսական եկամուտներ ապահովելու. «Համայնքի բնակիչներն առաջարկում են այն վայրերը, որոնք ոռոգվող չեն, հնարավորություն ստեղծել այդ վայրերը ոռոգելի դարձնել, որպեսզի իրենք կարողանան ինչ-որ չափով ստանան փոխհատուցում: Այնտեղ եղել են տարածքներ, որոնք հանքը շահագործելու հետեւանքով տարիների ընթացքում դարձել են անջրդի եւ հերթով անցել են հանքի տիրապետության ներքո»:

«Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանի խոսքով, Որոտան գետի վրա կան մեծ եւ փոքր ՀԷԿ-եր, որոնք հսկայական բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ըստ նրա, ճիշտ է՝ խոշոր ՀԷԿ-երը համայնքում իրականացնում են որոշակի ծրագրեր, ինչ-որ խնդիրներ լուծում են, բայց չկա քաղաքականություն, որի հիման վրա կարողանան համայնքի հետ իրականացնեն համատեղ ծրագրեր. «Փոքր ՀԷԿ-երը ոչ մի ներդրումներ համայնքներում չեն անում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031