Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ճգնաժամը չի հանգուցալուծվելու ԱԺ շենքի պատերում, ուրեմն ի՞նչ գործ ունի ընդդիմությունն այստեղ». Քրիստինե Վարդանյանի պատասխանը Ռուբիկ Հակոբյանին

Մարտ 23,2022 16:06

Երեկ Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո ընդդիմադիրները բոլորը միաբերան ասում էին, որ այդ հանդիպումը ոչինչ չտվեց, ոչ մի նոր բան չիմացան, անիմաստ քննարկում էր:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին հարցրեցինք՝ եթե պնդում եք, որ այս իշխանությունները թուրքի օրակարգն առաջ տանող են, մեզ տանում են ցեղասպանության, դուք ի՞նչ եք անում այս շենքում նրանց հետ փակ, բաց, կիսաբաց քննարկումների մեջ մտնելով, անգամ ընդդիմադիր շարքերից Ռուբիկ Հակոբյանը ձեզ կոչ արեց կա՛մ փոխել մոտեցումը, չգնալ քննարկումների, կա՛մ վայր դնել մանդատները, որովհետեւ այսպես շարունակել անիմաստ է: Նա պատասխանեց, որ ուրախանում է քաղաքացիների նման մտահոգ հարցերից. «Մարդիկ անտարբեր չեն ու լավ է, որ նման հարցեր են տալիս: Իրենց ընտրած ընդդիմությունն է, պետք է այդ հարցերը տան: Ինչ ենք մենք անում այստեղ. ցավոք, այնպես է ստացվել, որ այն գնահատակաները, որոնք հնչեցնում եմ ես, ընդդիմադիր գործընկերներս, այդ տեսակով, այդ սրությամբ, այդ ճշմարտացիությամբ չեն հնչում եւ հետեւապես չեն հետեւում դրան համարժեք գործողություններ: Եթե քո գնահատականն այն է, որ սա դիտավորություն է, քո արձագանքն էլ դրան համարժեք պիտի լինի: Ես չեմ խոսում ՔՊ-ին ձայն տվածների մասին, ես խոսում եմ մնացածի մասին՝ ինչո՞ւ ենք մենք այս վիճակում, որովհետեւ ապաշնո՞րհ են: Այո, բայց միայն դա չէ: Իրենք դիտմամբ են իրականացնում այս ծրագիրը: Եթե կարողանանք սա բացատրել…»:

Հարցին՝ փողոցից դա հնարավոր չէ՞ բացատրել հանրությանը՝ առանց մանդատի՝ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Ընդդիմադիրներից բոլորի մոտ կա այդ գիտակցումը, որ այս ճգնաժամը չի հանգուցալուծվելու ԱԺ շենքի պատերում: Ուրեմն ի՞նչ գործ ունի ընդդիմությունն այստեղ: Ընդդիմությունը ընդամենը 2 ֆունկցիա ունի: Այսպիսի խորհրդարանում այն կազմով, որ ինքը կա, այո՛, որեւէ խնդիր չի լուծվելու: Ընդդիմությունը չունի բավարար ձայներ որեւէ բանի «բլոկ» անելու, որեւէ նախագիծ ընդունելու այստեղ: Ուրեմն ի՞նչ ունենք. սա մի տեղ է, որտեղ ընդդիմադիր գործիչները կարող են խոսել հանրության հետ եւ հանրության այդքան լայն շրջանակի հետ: Ինչու ենք այս բոլոր նախագծերը բերում, առաջարկում ընդունել «Շուշիի հռչակագրին» հակառակ հայտարարություն, ինչու ենք բերել ինքնիշխանության դեմ հայտարարությունները քրեականացնող նախագիծը՝ որ մարդիկ այս փաստերը իրար կողք դնեն ու գան այդ գնահատականին: Կարող է մարդը մի անգամ ասի՝ լավ դե, չէին ուզում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել, Շուշիի հռչակագրի դեմ հիմա պետք չէր բան ընդունել, բայց երբ որ մարդը հինգերորդ անգամ տեսնում է, որ արդարանում են, թե հիմա էլ չեն կարող տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող օրենք ընդունել ու քրեականացնել, չեն կարող Արցախի համար հայտարարություն ընդունել, ես վստահ եմ, որ այդ մարդը գալու է այն եզրակացության, որի մասին մենք հիմա խոսում ենք: Այդ բոլոր մարդկանց արդար դժգոհությունը, ազնիվ պայքարը կազմակերպելը մեր առաջնային պարտականությունն է, բայց խորհրդարանում մեր գործունեությունը դրա անբաժան մասն է, պետք չի հակադրել: Որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչով է մանդատներ ունենալը ու ամբիոնից ելույթներ ունենալը հակադրվում փողոցում պայքար ծավալելու հետ: Մենք 2018-ին էլ ենք դա տեսել: Պետք չի արհեստականորեն հակադրել ու արհեստական օրակարգեր ստեղծել»:

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ փողոցային պայքար կազմակերպելը պետք է արդյունավետ լինի. «Մենք չենք կարող կազմակերպել մի բան, պարզապես որ մեզ չքննադատեն: Ես կտրուկ դեմ եմ դրան, մենք պոպուլիստներ չենք, պետք է անել արդյունավետ բան՝ պատասխանատու մարդկանց պես: Ավելի լավ է մեկ ամիս ավել քննադատեն, մեկ շաբաթ ավել քննադատեն, բայց քո գործունեությունը բերի արդյունքի, ոչ թե դրանով ցույց տանք, թե մենք ինչքան ընդդիմադիր ենք, բայց մսխենք առանց այդ էլ այս կքող երկրի օրեցօր փոշիացող ռեսուրսները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031