Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% բաժնեմասը Ստեփան Ավանեսյանին է, 33,3%-ը՝ Նիկոլայ Մխիթարյանինը, եւ նույնքան բաժնեմաս էլ Մանե Բուդաղյանինը։
Կառավարության այսօրվա որոշմամբ, ընկերությունը պարտավորվում է 500 մլն դրամի ներդրում անել՝ գործարանի վարձակալության եւ հումքի ձեռքբերման համար, ստեղծել 27 նոր աշխատատեղ` մինչեւ 171 հազար դրամ աշխատավարձով։
Կարդացեք նաև
Նշվում է, որ ընկերությունը 4 տարիների ընթացքում ստեղծել է 7 հայկական պրեմիում բրենդներ՝ «Wild Hive» սերտիֆիկացված 100% օրգանական մեղրը, «Beak Pick, Coloreat», «Mrgastan», «Boon Bariq» ջեմերի եւ մուրաբաների բրենդները, «Riceman» բասմատի բրենդը եւ «Rubin» նռան գինու բրենդը։ Արտադրանքը արտահանվում է ԱՄՆ, Անգլիա, ՌԴ, Բելառուս, Վրաստան եւ այլ երկրներ։
Ընկերությունը խոստանում է՝ ներդրումային ծրագրի շրջանակներում մեծացնել արտադրության ծավալները եւ արտադրել տարեկան 250 հազար տարա ջեմեր եւ մուրաբաներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53․4 մլն դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ




















































