Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ո՞րն է «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում» զեկույցի նպատակը

Մարտ 29,2022 14:36

ԹԻՀԿ-ը, համագործակցելով Հանրային քաղաքականության ինստիտուտի եւ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի հետ, հրապարակել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտին առնչվող երկու հետազոտական զեկույց: Դրանցից մեկին անդրադարձել ենք, երկրորդը «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում» զեկույցն է: Հետազոտության նպատակն էր՝ գնահատել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցի՝ բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող 16 առաջարկությունների կատարումը:

Զեկույցի ամփոփման մեջ նշվում է, որ Հայաստանը 2003 թ.-ից ներգրավված է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրում (ՍԳԾ): ՏՀԶԿ-ն ֆորում է, որտեղ կառավարությունները համեմատում և փոխանակում են քաղաքականության ոլորտում փորձն ու արդյունավետ գործելակերպերը, ավելի լավ քաղաքականություններ մշակելու նպատակով նպաստում են որոշումների կայացմանը և առաջարկությունների ներկայացմանը։

Նշված զեկույցն անդրադառնում է 2018 թ. հուլիսին ընդունված ՍԳԾ մոնիտորինգի 4-րդ փուլի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցին, որը ներառում է բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ 5 առաջարկություն՝ 16 կետերով: Իրականացված հետազոտության նպատակն էր՝ գնահատել ՏՀԶԿ զեկույցի՝ ոլորտին վերաբերող 16 առաջարկությունների կատարումը:

Գնահատումը ներառում է փաստաթղթերի վերլուծություն, գրավոր հարցումների միջոցով տվյալների հավաքում 10 բուհերից, հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ (իրականացվել է 26 հարցազրույց՝ 16 բուհերի և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների հետ), առցանց անանուն հարցում բուհերի դասախոսների շրջանում, որին մասնակցել է 266 դասախոս:

Իրականացված գնահատման համաձայն՝ ի թիվս այլնի, ՏՀԶԿ որոշ առաջարկություններ խնդրահարույց են՝ հասցեատիրոջ ոչ հստակության կամ լիազոր մարմնի՝ այդ առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ ոչ բավարար իրավասությունների ու սահմանափակ գործիքակազմի պատճառով: Լիազոր մարմինը չի կարող ուղղակի ներազդեցություն ունենալ բուհերի վրա՝ ՏՀԶԿ առաջարկությունների կատարումն ապահովելու համար: Դա նաև ակադեմիական ինքնավարության խախտման ռիսկեր է պարունակում: Լիազոր մարմնի ներազդեցությունն անուղղակի բնույթ ունի՝ լիցենզավորման և որակի ապահովման գործընթացներ, պետական բուհերի կառավարման խորհուրդներում ներկայացվածություն, և այլն:

Ըստ զեկույցի, ՏՀԶԿ առաջարկությունները հիմնականում ընկալվում են որպես ոլորտի և բուհերի իրական կարիքներին ոչ համահունչ, բացակայում է դրանց իրագործման մոտիվացիան:

Զեկույցում առաջարկություններ կան բուհերին ուղղված, որոնց թվում են` մշակել և հաստատել առանձին բուհում հակակոռուպցիոն միջոցառումները կանոնակարգող փաստաթուղթ՝ պատասխանատու պաշտոնյաների / կառույցների և ժամանակացույցի մատնանշմամբ, միջոցառումների պլանի մշակմանը հնարավորինս մասնակից դարձնել դասախոսներին և ուսանողներին, ներդնել թափուր աշխատատեղերի, դրանց համալրման մրցույթների ու արդյունքների ազդարարման թափանցիկ համակարգ: Առաջարկվում է ապահովել թափուր աշխատատեղերի մրցույթներին մասնակցության բաց, էլեկտրոնային մեխանիզմ, ներդնել աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող տվյալների ու վիճակագրության հավաքման մեխանիզմ, սեփական նախաձեռնությամբ անդրադառնալ բուհում բարեվարքության ռիսկերի կառավարման և կոռուպցիայի կանխարգելման հարցերին, պարբերական դասընթացների, իրազեկման արշավների և բուհերի կայքէջերում տրամադրվող տեղեկատվության միջոցով զարգացնել ուսանողների և դասախոսների`բաց աղբյուրներից տեղեկատվության հավաքման և վերլուծության,գրավոր հարցումների միջոցով տեղեկատվության հայցման,բուհի հաշվետվողականության և ներքին վերահսկողության այլ մեխանիզմների կիրառման կարողությունները եւ այլն:

Կետերից մեկն էլ վերաբերվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (www.emis.am) «Բարձրագույն ուսումնական հաստատությունների թափանցիկության եւ հաշվետվողականության խթանման» հարթակի գործարկմանը, որը պետք է ապահովի բոլոր բուհերի կողմից իրենց գործունեությանը և քաղաքականություններին վերաբերելի ողջ տեղեկատվության ներբեռնումն ու շարունակական թարմացումը:

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031