Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ կան, որոնք շահումով խաղերի պատճառով իրենց տներն են վաճառել, որ խաղադրույք կատարեն

Ապրիլ 04,2022 17:06

«Եթե անձը թեկուզ մեկ անգամ փորձնական խաղում է, դրանից հետո հավանականությունը մեծ է, որ նրա մոտ կձեւավորվի կախվածություն»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գեւորգ Փաշիկյանը: Նրա խոսքով, խաղամոլությունը հոգեկան առողջության խնդիր է: Բժիշկը հորդորում է՝ անպայման դիմել բժշկի, եթե ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել խնդիրը:

Հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս իմանալ, որ բոլոր կարմիր գծերը հատել են եւ արդեն խաղամոլ են, Գեւորգ Փաշիկյանը թվարկում է՝ եթե որոշակի ժամանակահատվածում անձը հաճախակի տրվում է խաղերին, դրան զուգահեռ նաեւ նեղանում են նրա սոցիալական կապերը, շփումները շրջապատի հետ, օրվա ընթացքում մտածմունքների մեջ գերակշռում են խաղերի նկատմամբ ֆանտազիաները՝ ինչ կոմբինացիաներ անի, որ հաղթի, անձն արդեն խաղամոլ է: Ասում է՝ ճիշտ է Հայաստանում պաթոլոգիկ կախման խաղամոլության վերաբերյալ որեւէ հետազոտություն կատարված չէ, բայց խաղացողների թիվը մեծ է: Սակայն, ըստ բժշկի, դիմելիությունը բավականին ցածր է. «Հիմնականում դիմում են հարազատները՝ խորհուրդ հարցնելու՝ ինչպես անել, որ էլ չխաղա, բայց կոնկրետ անձը, որն ունի խնդիր, չի դիմում: 2020 թվականից մինչ օրս դիմել են 25 քաղաքացի՝ օգնություն ստանալու նպատակով»:

Գեւորգ Փաշիկյանի խոսքով, կանայք ավելի քիչ են խաղում, հիմնականում տղամարդիկ են՝ 20-60 տարեկանները:

Վկայակոչելով այլ երկրներում՝ խաղամոլության վերաբերյալ կատարված հետազոտությունները, բժիշկ Փաշիկյանն ասաց, որ ԱՄՆ-ում բնակչության 86 տոկոսը իրենց կյանքի այս կամ այն շրջանում հրապուրվել են խաղերով, կատարել են խաղադրույքներ տեւական ժամանակահատված, բայց նրանցից շատ քչերի մոտ է, որ առաջանում է կախվածություն, մոտավոր հաշվարկներով՝ 0,6-ից մինչեւ 5,1 տոկոսի: Եվրոպական տարածաշրջանում՝ 0.3-ից 4 տոկոսը խաղամոլության հակում ունի:

Ըստ նրա, ամբողջ աշխարհում խաղերի ինդուստրիայում տարեկան շրջանառվում է 500 միլիարդ դոլար:

ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը գտնում է, որ անվերահսկելի գովազդը նպաստող գործոններից է մեկն է: Նրա խոսքով, ամենուր շահումով խաղերի գովազդ է՝ սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում, փողոցներում. «Երբեմն այդ գովազդները թաքնված են: Ինտերնետը բոլորին հասանելի է եւ մեր երիտասարդների մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում: Հենց գովազդից էլ սկսում է կախվածությունը»:

Ըստ Գեւորգ Փաշիկյանի, սոցիալական գործոնը եւս նպաստում է. «Մարդիկ հիմնականում սկսում են խաղալ՝ հեշտ փող աշխատելու համար՝ չգիտակցելով, որ այդ խաղերը արված են այնպես, որ հենց իրենք փող աշխատեն, ոչ թե խաղացողը: Մեր երիտասարդները հետաքրքրասեր են, մտնում են խաղադրույք են կատարում եւ դա դառնում է մեծ խնդիր ոչ միայն իր այլեւ ընտանիքի համար: Կապ ունի նաեւ դաստիարակությունը, այդ խաղերից կախում լինում է նաեւ այն երեխաների մոտ, որոնց ծնողները ժամանակին խաղացել են»:

Սուրեն Նազինյանն էլ ասաց, որ աշխարհի փորձը ցույց է տվել, որ խաղերի միջոցով որեւէ մեկը չի հարստացել: Հակառակը մարդիկ կան, որոնք իրենց տներն են վաճառել, որպեսզի խաղադրույքներ կատարեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930