Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում հակառուսական քարոզչությունը շատ բարձր մակարդակ ունի եւ դա արվում է իշխանությունների կողմից». Կարինե Աճեմյան

Ապրիլ 22,2022 15:41

«ՀՀ-ում հակառուսական քարոզչությունը շատ բարձր մակարդակ ունի եւ դա արվում է իշխանությունների կողմից»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցին եւ արդյունքում ընդունված համատեղ հայտարարությանը:

Կարինե Աճեմյանը կարծում է, որ տարիներ շարունակ Հայաստանում ներդրված արեւմտյան գումարներն իրենց արդյունքը տվել են եւ հակառուսականության բորբոքման տարբեր տեխնոլոգիաների արդյունքն այժմ ակնհայտ է դառնում: Հայաստանում հակառուսականության քարոզի աճի ֆոնին, ըստ Կարինե Աճեմյանի, «Փաշինյանը որտե՞ղ եւ ո՞ւմ ինչպե՞ս է փորձում սիրաշահել, ամեն դեպքում իր քայլերում հայկական շահերի որեւէ պաշտպանություն չկա: Ինքը մի նպատակ ունի՝ բոլորին սիրաշահել, հանձնել ինչ-որ ուզում են, միայն թե իշխանությունը պահել»:

Այդ համատեքստում, Կարինե Աճեմյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական ելույթին ու նկատեց, որ Հայաստանում այն ուժերին, որոնք ջանում են փրկել ու պահպանել հայկական պետությունն ու պետականությունը, ռեւանշիստներ են անվանում միայն Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը:

Իր բնութագրմամբ, ընդդիմության գործունեությունը, այդ թվում նաեւ արդեն մեկ շաբաթ ընթացող պայքարը, միտված է հայրենիքը փրկելու, բայց Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն այլ երանգավորում են փորձում դրան տալ: Մինչդեռ, իր բնութագրմամբ, Արցախում նախկին ղեկավարները՝ հասկանալով բոլոր վտանգները, ոչ թե ռեւանշի են ձգտում, այլ միավորվել են, որպեսզի թույլ չտան նոր ողբերգություններ: Նույնը նաեւ պետք է Հայաստանում լինի: Նա հավաստիացնում է, պայմանական ասած, որեւէ նախկին, որեւէ ակնկալիք չունի, բացի գործող իշխանությանը հեռացնելուց, մանավանդ, որ երկիրը եւ բոլոր հարաբերությունները բերվել են այնպիսի հանգրվանի, որ նոր եկող իշխանության համար բարդ է լինելու՝ զրոյական կետի բերելը, դա կարող են անել միայն պրոֆեսիոնալները եւ հայրենասերները:

Կարինե Աճեմյանը նաեւ գտնում է, որ Հայաստանում իշխանությանը հեռացնելու ընդդիմադիրների քայլերը շատ ավելի դինամիկ ընթացք պետք է ստանան: Նա հայտարարեց, որ ընդդիմությունը եւ հասարակությունը պետք է այնպիսի դիմադրություն ցույց տան, որը կբերի գործող իշխանության հրաժարականին. «Ես Արցախում ունեմ բարեկամներ, հարազատներ, որոնք իրենց տների նկուղներն են կարգի բերում, որովհետեւ այս գործընթացը տանում է հերթական պատերազմին, կամ էլ՝ առանց պատերազմի պետք է կորցնենք Արցախը, Սյունիքը, հետագայում էլ՝ ամբողջ հայրենիքը: Այս ամենն արվում է մտածված: Ես երբեք, անգամ 2018-ի մայիսին, չեմ մտածել, որ մարդ է գալիս իշխանության, որը կարող է միամտաբար սխալներ թույլ տալ: Սա միամտություն չի, լուրջ մտածված քայլեր են, որոնք կազմակերպվել են տարիներ շարունակ»:

ՀՀԿ ԳՄ անդամը նաեւ վստահ է, որ ընդդիմությունը կհամախմբվի: Հավաստիացնում է՝ ՀՀԿ-ն ներդրել է եւ կներդնի իր ողջ ներուժը, ստեղծված իրավիճակը հաղթահարելու. «Հայրենիքը փրկելու համար, մենք պատրաստ ենք կոնսոլիդացվել բոլոր ուժերի հետ: Միաժամանակ, հասարակությունը պետք է ակտիվ մասնակից լինի այս գործընթացներին, առանց հասարակության, չի կարող դիմադրություն լինել»:

Նա կոչ արեց մարդկանց՝ ակտիվ լինել, դուրս գալ տներից եւ պայքարը փողոցում շարունակել: Մարզերում ցանցային պայքարն, իր գնահատմամբ, կարող է արդյունք տալ: Ինքը հավատում է վերջնական դրական արդյունքին, քանի որ տնտեսական եւ սոցիալական խնդիրներին գումարվել են անվտանգային լուրջ խնդիրները: Մի բանում ինքը վստահ է. «Այսպիսի դավաճանությունը երկար չի կարող շարունակվել, իրենք իրենց պատիժը ստանալու են»:

Պատասխանելով հարցին՝ ընդդիմության ընտրած ոչ ճիշտ գործիքակազմի կամ աշխատանքի ոչ ճիշտ ոճի մասին, ինչի արդյունքում հասարակության վստահությունը շահել չի լինում, Կարինե Աճեմյանն ասաց, որ միգուցե թերացումներ են եղել ու ամենամեծ թերացումն այն է, որ մինչ օրս ընդդիմության համախմբում չկա եւ հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն ու նրա ղեկավարը միշտ եւ հիմա պատրաստ են դրան: Նա նաեւ նկատեց, որ կան տեխնոլոգիաներ, որոնք կիրառվեցին 2018-ին՝ դրանք ստի եւ կեղծիքի տարածում էր, ինչն անընդունելի է ու հիմա մեղադրել ՀՀԿ-ին, որ մարդկանց չեն խաբում, ճիշտ չէ:

Նա պացիֆիստական եւ սուտ է որակում խաղաղության մասին իշխանության հայտարարությունները եւ հավելում, որ որեւէ ազգ, որեւէ ժողովուրդ պետք է ունենա արժանապատիվ խաղաղություն, բայց այն խաղաղությունը, որն առաջարկվում է այժմ, դա խաղաղություն չէ, այլ ստրկացում:

Բանախոսի դիտարկմամբ, 2020-ի պատերազմի խայտառակ պարտության արդյունքում չեզոքացվեց 30 տարվա արված աշխատանքը, այդ թվում՝ նաեւ միջազգային դիվանագիտական հարթակներում, որպեսզի ունենայինք արժանապատիվ խաղաղությունը, այժմ էլ մեզ ստիպում են՝ մուրալ այդ խաղաղությունը: Կարինե Աճեմյանը կոչ է անում՝ չտրվել նման քարոզչությանը, ամուր եւ հաստատական կանգնել հանուն հայրենիքի: Նա նորմալ չի համարում, երբ աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում, երբ բոլոր երկրների ղեկավարները պայքարում են հանուն իրենց պետության շահերի, մեր երկրի ղեկավարը բոլորի հետ կանգնում՝ ժպտում է, բոլորի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրում, որոնք մեր պետության շահի հետ որեւէ ընդհանրություն չունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    տիկինը ռուսական ագենտուրայի ակտիվ մարտիկներից է, լավ էլ սղոցում է

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930