Լրահոս
Օրվա լրահոսը

Անվիճելին եւ քննարկելին

Մայիս 07,2022 10:00

Երբ Հայաստանի առաջին նախագահը Արցախի հարցով հանդես է գալիս իր դիտարկումներով, արձագանքը սովորաբար երկակի է լինում:

Նրա հակառակորդներն այդ դիտարկումներին բովանդակային առումով պատասխանելու փոխարեն հնչեցնում են ընդհանուր տիպի մեղադրանքներ, որոնք կարելի է ձեւակերպել հետեւյալ հռետորական հարցով. «Եթե Ղարաբաղը պիտի տայինք, ապա ինչո՞ւ էիք 1988-ին սկսում Ղարաբաղյան շարժումը եւ մեր ժողովրդին ենթարկում անասելի փորձությունների»:

Ինձ թվում է, դա, թեեւ էմոցիոնալ առումով կարող է շատերի վրա ազդել, բայց հիմքից թույլ փաստարկ է: Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը 1988-ի փետրվարից մինչեւ 1994-ի մայիսը այդ խնդիրը հասցրել են քիչ թե շատ բարվոք, թեեւ ոչ իդեալական, վիճակի: Մնում էր այդ վիճակն ամրագրել միջազգային երաշխիքներով, ինչը, հայտնի պատճառներով, տեղի չունեցավ:

«Բա ինչո՞ւ էն վախտ…» փաստարկը տրամաբանության տեսանկյունից բավականին խոցելի է: «Հոգեզավակ», «ցուրտումութ» տիպի առարկություններին ընդհանրապես չեմ անդրադառնում:
Մյուս կողմից՝ առաջին նախագահի ասածները նրա կողմնակիցների կողմից հաճախ ընկալվում են որպես գրեթե աստվածաշնչյան ճշմարտություններ, որոնք քննարկելն անգամ մեղք է:

Պարզ է, որ «ապացուցվածի» դեմ վիճելը խելամիտ չէ՝ փոխզիջման մերժումը բերել է աղետի, եւ այդ հնարավորությունները բաց են թողել թե՛ երկրորդ եւ երրորդ նախագահները, եւ թե՛ ներկայիս վարչապետը: Վերջինիս պնդումն այն մասին, որ փոխզիջման դեպքում իրավիճակը նույնը կլիներ, բայց առանց զոհերի, բացի, ըստ էության սխալ լինելուց, բավականին ցինիկ է հնչում. իմ ընկալմամբ, մարդկային կյանքը «փոքրիկ դետալ» չէ, որը կարելի է հաշվի չառնել ռազմավարությունը կառուցելիս:

Բայց քննարկելու հարց Տեր-Պետրոսյանի ասածների մեջ, այնուամենայնիվ, կա: Արդյո՞ք փողոցային այս ցույցերն իսկապես որեւէ ազդեցություն ունե՞ն Հայաստանի բանակցային դիրքի վրա, արդյոք այդ ազդեցությունը բացասակա՞ն է: Նախ՝ պետք է ընդունենք, որ ծանր, ցավագին լուծումներ «մեր վզին փաթաթողը» Ռուսաստանն է՝ Արեւմուտքի ակտիվությունն այստեղ որեւէ էական ազդեցություն չունի:

Մանավանդ հիմա, երբ այդ երկու կենտրոնների մրցակցությունը ծայրաստիճան սրվել է, Մոսկվան թույլ չի տա, որ ԵՄ-ն այս հարցում որեւէ մասնակցություն ունենա (տես՝ Մարիա Զախարովայի արտահայտությունը Շարլ Միշելի նախաձեռնության մասին, որտեղ նա օգտագործում է «անամոթաբար» մակբայը): Ռուսաստանի իշխանությունն ակներեւաբար այն իշխանությունը չի, որին հետաքրքիր լինի որեւէ երկրում (նաեւ սեփական պետությունում) հասարակական կարծիքը՝ եթե մտադրվել է, իր մտածածը, միեւնույն է, կփորձի իրականացնել:

Հարց է առաջանում՝ արդյոք Ռուսաստանն իսկապե՞ս մտադիր է վերջնականապես փակել Արցախի խնդիրը, եթե հաշվի առնենք, որ դա Ադրբեջանի վրա հիմնական լուրջ լծակն է (մեր վրա ազդելու բազմաթիվ այլ լծակներ կան): Եկեք ենթադրենք, որ իրավիճակը զարգանում է մեզ համար վատթարագույն, թեեւ շատ հնարավոր, սցենարով. Փաշինյանը կամ որեւէ մեկը (իսկապես կարեւոր չէ) ստորագրում է «խաղաղության պայմանագիրը», ռուս խաղաղապահները լքում են Արցախը, ամիսների ընթացքում այնտեղ որեւէ հայ չի մնում: Ադրբեջանը հասնում է իր նպատակին, եւ նրան այլեւս Ռուսաստանից ոչ մի բան պետք չէ:

Գուցե ինչ-ինչ ավելի գլոբալ հաշվարկներից ելնելով Մոսկվան պատրաստ է դրան գնալ՝ փոխարենն աշխարհի այլ վայրերում առավելություններ ստանալով: Գուցե նկարագրված սցենարը Ռուսաստանին ձեռնտու չէ: Ես, ի տարբերություն համացանցային քաղաքագետների, վերջնական պատասխանը չգիտեմ: Պարզապես առաջարկում եմ մտածել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Այո պէտք է մտածել, բայց անոր համար պէտք է մտաւորական պարկեշտութիւն եւ համեստութիւն. բաներ որ առաջին նախագահը եւ իր քոնէ կոյր կողմնակիցները շատ չունին.

    Անպարկեշտութեան օրինակ մը իր դիտարկումներէն եւ ընդհանրապէս ոչմիթիզական բառը գործածողներէն. Այդ ե՞րբ, ու՞ր եւ որմէ՞ սորուած են, որ երրորդ նախագահի շրջանին իշխանութիւնները փոխզիջման դէմ եղած են։

    Գալով ձեր գրածին. կը նկատէ՞ք, որ Հայաստանի դիրքորոշումը ոչ իսկ կը մատնանշէք, որտեւ կորսնցուցած է իր ինքնիշխանութիւնը ամբողջովին. Այսօրուայ փողոցի պայքարը այդ (կիսատ) ինքնիշխանութիւնը փորձել վերականգնելու, եւ հանրապետութեան ճակատագիրը միայն մէկ հոգու չթողնելու համար է։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Դուք կրկնում եք առաջին նախագահի «անվիճարկելի» դրույթը, ըստ որի «փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի»: Ազգային աղետի իրական պատճառները պետության հիմքերի թուլացումն էր, որ սկսվեց իր օրոք՝ իր անմիջական մասնակցությամբ: Ի՛նքն է այս աղետի հիմքերում՝ իր ծուլությամբ, մեծամտությամբ, ինքնահավանությամբ, թուլակամությամբ: Ի՛նքն է պատասխանատու իր հավաքած թիմի արած-չարածի համար, դասալքության համար, որով հարցի լուծումը թողեց իրենց: Ու այսքանից հետո ապաշխարանքի ոչ մի խոսք: Իսկ նվաստներիս շնորհ արած յուրաքանչյուր խոսք իր բացառիկության ու մարգարեության մասին է: Սա է հենց իր ասած ձեռնածությունը որով պատասխանատվության իր առյուծի բաժինը դնում է իր հետնորդների վրա: Եվ դուք էլ կրկնում եք, որ աղետի՝ իր ասած պատճառներն անվիճելի են:
    Մտածելու կոչ եք անում: Ու՞մ: Հարցերը, որ առաջ եք քաշում, իշխանությունների մտածելիքն է: Բայց կա՞ այնտեղ այդ անելու ընդունակ մեկը: Կամ եթե կա, արդյոք կա՞ լսելու ընդունակ մեկը: Մարդիկ, որ դուրս են եկել փողոց առաջնորդվել են ինքնապաշտպանական բնազդով՝ վտանգ զգալով երկրի դեմ ու պատասխանատվություն զգալով նրա համար: Կան տգեղ փողոցային երևույթներ, միգուցե ոմանց կողմից այլ նպատակներ, միգուցե արտաքին գործոններ. չեմ բացառում: Բայց չպայքարել, կնշանակի համակերպվել այն կորուստների հետ, որ ունենալու ենք այս իշխանությունների օրոք: Սա է անվիճելին:

  3. Լավատես says:

    Մենք պետություններից վեր ոչինչ չենք տեսնում, իմ համոզմամբ բոլոր անխտիր պետություններում գործող իշխանություններն ու գործող ընդդիմությունները նշանակվում են վերպետական այլասերված կառույցի կադրերի բաժնի կողմից, միամտություն կլինի, երբ մանկապարտեզի երեխաները ամենաժողովրդավարական ընտրություններում ընտրեն մանկապարտեզի տնօրենին, պարզ է, որ նրան մեծ ձյաձյաներն են ընտրել, ժողովրդավարությունը քաղաքականապես անգրագետ երեխաներին մարգինալացնելու միջոց է’ ո՞ր երեխան չի հպարտանա ինքն իր մեջ, որ իրեն վստահել են մեծերի ընտրելու գործը: Ժողովրդավարությունը բարիք է բերում միայն քաղաքականապես գրագետ ոչմարգինալ ժողովրդին: Այն, որ գյուղացուն կտրել են իր հողից ու նա եկել է քաղաք փող աշխատելու’ սա է մարգինալացումը, երբ ծրագրավորողները լքել են իրենց հայրենիքը եւ եկել են ուրիշի երկիր փող աշխատելու’ սա էլ է մարգինալացում, այն, որ մենք հայերով մեր երկիրը թողած գնացել ենք ուրիշի երկիր փող աշխատելու, մենք էլ ենք դառնում մարգինալ, իսկ մարգինալներիս տեղական ուժերը շատ հեշտությամբ օգտագործում են տեղացի ու գրագետ ժողովրդին ճնշելու համար: Գյուղացին պետք է քաղաքից վերադառնա գյուղ, այլազգի ծրագրավորողները պետք է վերադառնան իրենց հայրենիք, մենք էլ հայերով այլ երկրներից պետք է վերադառնանք մեր հայրենիք: Մարգինալը բացի փողից ու իր ընտանիքից ուրիշ սրբություն չունի’ քոչվորի ու նստակյացի այլասերված տեսակի է վերածվում’ հինգերորդ շարասյան եւ արդյունքում’ մակաբույծ պարազիտի: Չարիք բերող պարազիտության դեմ գործում է շատ նման, բայց միայն բարիք բերող երեւույթը, որը պետք է կիրառեն տեղացիները’ այդ երեւույթը կոչվում է սիմբիոզ, երբ մի նորմալը մյուս նորմալից կախված է, իրար հետ գոյաբանական համագործակցում են: Պարզապես խաղաղ իրար հետ ապրելը պարարտ հող է ստեղծում պարազիտների բազմացմանը: Սիմբիոզ’ կառավարման բուրգերի բոլոր մակարդակներում, սա է միակ բոլոր նորմալ ուժերի կողմից ընդունված ռազմավարական հայեցակարգը, իսկ այն իրացնելու մարտավարությունները մեր խելոք գիտական, պետական, քաղաքական եւ հասարակական ուժերի մրցակցության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում լույս աշխարհ կգան: Խելոք հայեր եւ ձեր այլազգի կոլեգաներ, միացե՛ք:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Անընդունելին եւ պարսավելին

    Ամեն անգամ, երբ նիկոլը նեղն է ընկնում, ԼՏՊ-ն անմիջապես շտապում է փրկելու իր անզուգական ազգակործան պատուհասին: Թե բա՝ ի՞նչ եք փողոցները չափչփում, նիկոլը մեղք չունի. իր փոխարեն Նժդեհն էլ որ լինի, միեւնույն է՝ հլու-հնազանդ ընդունելու է թուրքի լուծը: Ավելի լավ է՝ գնացեք մի սեղանի շուրջը նստեք պատուհասիս հետ, հաստատեք «խաղաղության դարաշրջանը», միասին ընտրեք ամենաազգակործան ուղին: Ինձ էլ չսպասեք հանկարծ՝ ես չեմ գալու. պատուհասըս իմ փոխարեն ամեն ինչ կասի…

    ԼՏՊ-ն շատ լավ գիտի, որ արթնացած լաոն պահանջում է նախ եւ առաջ իր հրաժարականը, չէ՞ որ նիկոլն ընդամենը իր ֆրանկենշտեյն հոգեզավակն է, իր քիրվայական դպրոցի գերազանցիկ շրջանավարտը, որը փայլուն իրականացրեց բոլոր պարտվողական ծրագրերը: Իհարկե՝ ԼՏՊ-ն փորձում է տարանջատվել իր հոգեզավակից՝ ձեւականորեն անվանելով նրան «ազգակործան պատուհաս», բայց սա ընդամենը նիկոլական մանիպուլյացիա է՝ նախատեսված միամիտ զանգվածների համար. իրականում նրանց միջեւ ոչ մի էական տարբերություն չի եղել եւ չկա, պատուհասի կառավարության բոլոր կարեւոր դիրքերում էլ հենց ԼՏՊ-ի կադրերն են բազմել…

    Անուղղակիորեն պաշտպանելով նիկոլին՝ ԼՏՊ-ն փորձում է հետաձգել իր սեփական գաղափարախոսության վախճանը, շատ լավ հասկանում է, որ առանց նիկոլ Հայաստանում լեւոնանիկոլիզմը (քիրվայականություն, սերգոջանիզմ, մարտիմեկիզմ) ամբողջովին արմատախիլ է արվելու, իսկ դրանց կրողները՝ կիլոմետրերով հեռու են պահվելու իշխանությունից…

  5. Հայ մարդ says:

    «Գուցե ինչ-ինչ ավելի գլոբալ հաշվարկներից ելնելով Մոսկվան պատրաստ է դրան գնալ՝ փոխարենն աշխարհի այլ վայրերում առավելություններ ստանալով»:

    Շատ ճիշտ մտահոգություն է, քանի որ 100 տարի առաջ Ռուսաստանը «բազար արեց» Թուրքիայի հետ և Բաթումին ստանալու դիմաց՝ հայերով բնակեցված հսկայական տարածքներ հանձնեց թուրքերին ու ադրբեջանցիներին:
    Հիմա էլ նմանատիպ վիճակ է: Նախկինների նկատմամբ «դուխով», բայց թշնամուն տարածքներ զիջած և անկլավներ զիջելու պատրաստակամ վարչապետը «խաղաղության դարաշրջանի», նոր սահմանագծումների ու միջանցքների տրամադրման մասին ճառեր է ասում: Պարզից էլ պարզ է, որ այդ սահմանագծումների և միջանցքների քարտեզները կրկին որոշվելու են ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական «բազարների» արդյունքում և մեր երկրի գերագույն գլխավոր պարտված հրամանատարի խոսքը այդ ժամանակ ոչ մեկը հաշվի չի առնելու:

    Հնարավո՞ր է այդ գործընթացը կասեցնել, այո՝ հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է.
    ա) Որպես սկիզբ՝ Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները հայտարարեն, որ հրաժարվում են քաղաքական հավակնություններից և իշխանության չեն ձգտում: Այդ քայլով կտրուկ կնվազի հասարակության պառակտվածությունը և տասնապատիկ անգամ ավելի շատ մարդիկ դուրս կգան փողոց՝ վերը նշված զիջումները կանխելու և Հայաստանի ու Արցախի սուբյեկտայնությունը մեծացնելու համար: Եթե որևէ նախագահ դրան չհամաձայնվի, պարզ կդառնա, որ նա անձնական շահի համար է պայքարում:

    բ) Հայաստանի բոլոր կուսակցությունները վեր կանգնեն իրենց կուսակցական շահերից, մարտավարական նպատակով ընդհանուր հայտարարի գան (ինչպես դա եղավ 1988թ.-1990թ.) և պարտադրեն ներկայիս ապաշնորհ իշխանության հեռացմանը, ստեղծելով ժամանակավոր կառավարություն, որը մինչև նոր ընտրությունները անպայման փոխի այս սուպերվարչապետական (բռնապետական) սահմանադրությունը: Իսկ հրապարակներում ու փողոցներում պայքարող պահանջատեր ժողովրդին անհրաժեշտ է միանան և տեր կանգնեն մեր ճանաչված անհատները (գիտնականները, դասախոսները, գրողները, քաղաքագետները և այլն), որի արդյունքում մարդիկ կլսեն ավելի գրագետ և կոնստրուկտիվ ելույթներ ու առաջարկություններ: Ազգի համախմբման դեպքում արտաքին կենտրոններին չի հաջողվի Անդրկովկասը վերաձևել հայկական տարածքների հաշվին:

  6. Ջորդանո Գալիլյան says:

    ”Պարզ է, որ «ապացուցվածի» դեմ վիճելը խելամիտ չէ՝ փոխզիջման մերժումը բերել է աղետի, եւ այդ հնարավորությունները բաց են թողել թե՛ երկրորդ եւ երրորդ նախագահները, եւ թե՛ ներկայիս վարչապետը:”

    Մեկ նախադասություն եւ մի քանի պարզունակ սուտ: նախ՝ եթե ԼՏՊ-ն ինչ-որ բան ապացուցել է, ապա միայն այն, որ ինքն է առաջինը ուրացել Արցախյան շարժումը՝ օգտագործելով այն որպես իշխանության գալու միջոց: Արցախի վերամիավորման լոզունգով իշխանության եկածը անմիջապես մոռանում է ինքնորոշման համար մղվող ծանրագույն պայքարը եւ բացեիբաց հայտարարում նշաձողի իջեցման իր տեսլականը. «…полная автономия Нагорного Карабаха, полное деблокирование дорог Нагорного Карабаха и обеспечение нормальной жизнедеятельности Нагорного Карабаха. Вот это решение на сегодня, думаю, будет приемлемо и для Карабаха, и для Азербайджана.» («Комсомольская правда», 05.03.1992):

    Սուտ է այն պնդումը, թե իբր երկրորդ եւ երրորդ նախագահները մերժել են փոխզիջման տարբերակը: Իրականում նրանք միշտ էլ կողմ են եղել փոխզիջմանը (որոշ տարածքներ կարգավիճակի դիմաց), մերժել են միայն ԼՏՊ-ի զիջման պարտվողական տարբերակը, որը նա հստակ ձեւակերպել է եւ «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում եւ հետագայում՝ տալով իր համաձայնությունը քիրվայական փուլային տարբերակին:

    Սուտ է եւ այն, թե իբր երկրորդ եւ երրորդ նախագահները ինչ-որ հնարավորություններ են բաց թողել եւ երկիրը հասցրել աղետի: Իրականում՝ նրանք օգտագործել են բանակցային գործընթացի ընձեռնած բոլոր հնարավորությունները՝ ապահովելով Արցախի անվտանգությունը եւ փաստացի անկախությունը Ադրբեջանից: Դրա հետ միասին արել են ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը «փակ դռների ետեւում» ստիպի Ալիեւին ճանաչել ստեղծված իրողությունները:

    Աղետի հեղինակները այսպիսով ոչ թե նրանք են, այլ հենց ԼՏՊ-ն ու իր սիրասուն հոգեզավակ ազգակործան պատուհասը: Աղետի հիմնադիրը ԼՏՊ-ն է իր պարտվողականության, քիրվայականության ու վախկոտության մշտական քարոզով, իսկ անմիջական իրականացնողը՝ նիկոլը, իր վերելակային զրոյական կետով, հակառուսական հիստերիայով, պատերազմի միտումնավոր հրահրմամբ՝ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ հետ միասին…

  7. Garo says:

    Ռուսաստանի որոշումը նաև մեզանիցա կախված։
    Ենթադրենք Ռուսաստանը որոշումա, որ Ալիեվը ու իր հովանավոր Թուրքիան այսպես ասած հաբրգում են, պետռք պատժել։
    Պատժելու պլանը սենցա։ Ռուսաստանը մեզա տալիս հսկայական քանակի զենք զինամթերք։
    Մեր տարածքից 100վոր իսկանդեր հրթիռներով ջախջախումա Ադրբեջանի ողջ ռազմական ինֆրաստուկտուրան զորամասեր, օդանավակայաններ/Գյանջայինը իրոք հօդսա ցնդում/, զինապահաստներ։
    Մեզանից մնումա ցամաքային օպերացիան հարձակվել ու հնարավորինս շատ տարածք գրավել։

    ՄԵնք պատրաստ ենք դրան՞
    Վստահ եմ Նիկոլի պես ղեկավարի իր Ռուսաստանի դեմ միտինգ անող ԱԽՔ-ով ու այլ պաշտոնյաներով Ռուսաստանը երբեք մեզ չի զինի։

    Նենց որ Լևոնը որ ասումա ով էլ լինի մեկա, էտ մեղմ ասած տենց չի։
    Եթե ով էլ լինի մեկա, հենա ֆայլաբազառից մեկին վարձենք թող օրը 10հազար դրամով վարչապետ աշխատի։
    Ինչի ենք նիկոլին էդքան աշխատավարձ տալիս պլյուս կառավարական ամառանոցներ, շարասյուններ։

    • Ջորդանո Գալիլյան says:

      Էն օրը, որ Ռուսաստանը որոշի պատժել հաբռգած թուրքերին, նիկոլը միանգամից կհավաքի իր արտախորհրդարանական արբանյակներին՝ մեծարգո եւրոպացի պարոն Տիգրան Խզմալյանին, գերապատիվ դասալիք լուսավորական Արման Բաբաջանյանին, զիլ քրիստոնեա կուսակցապետ Լեւոն Շիրինյանին եւ այլ կարկառուն գործիչների ու կգնա բողոքի ցույց անելու Ռուսաստանի դեսպանատան մոտ: Թե բա՝ մենք դատապարտում ենք ռուս ագրեսորների ներխուժումը հարեւան երկիր եւ պահանջում ենք անմիջապես դուրս գալ եղբայրական Ադրբեջանի սուվերեն տարածքից: Ուրախ ենք, որ ռուս բարբարոսների իսկանդերները պայթել են ընդամենը 20 տոկոսով, եւ Գյանջայի, Աղդամի, Ֆիզուլու, Զանգելանի, Հորադիզի, Ջաբրաիլի, Լաչինի, Շուշայի, Քելբաջարի, Իստիսուի, Էյվազլիի ու Չայզամի օդանավակայաններից ոչ մեկը հօդս չի ցնդել… 🙂

  8. Nimar says:

    Արցախը, ոչ թե Հայաստանը, պետք է փոխզիջման գնար և՛ 1988-ին, և՛ 2022-ին և դրանից հետո։ Արցախի համար ընդունելի ցանկացած լուծում մեզ բավարարելու է: Եվ համապատասխանաբար, Արցախի փոխզիջումների գնալու անկարողությունը մեր երկիրը դատապարտում է մեկուսացման, պատերազմի, ինքնիշխանության կորստի և ձախողված պետության կարգավիճակի։ Ընտրությունը Արցախինն է:

    • Հայկ համբարձումեան says:

      Ձեր տեսակէտը կիսողները ընդհանրապէս Նոյն մարդիկ են, որոնք երկրորդ եւ երրորդ նախագահները ղարաբաղցի կ՝անուանեն, եւ Հայաստանը Ղարաբաղի կողմէ գրաւուած . իսկ այդ երկու նախագահներն ալ փոխզիջման համաձայն էին.

      Տրամաբանութեան պակաս։

      • Nimar says:

        Երևի երեք առաջնորդներն էլ պատրաստ էին փոխզիջումների գնալ, թեև ես իմ կասկածներն ունեմ։ Բայց Արցախը և՛ այն ժամանակ, և՛ հիմա պատրաստ չէ փոխզիջումների։ Կրկնում եմ՝ խոսքը ոչ թե Հայաստանի նախագահների դիրքորոշման մեջ է, այլ Արցախի։ Հայաստանի համար բոլոր հետեւանքներով: Սա շատ հեշտ է ստուգել՝ ի տարբերություն նախագահների իրական մտադրությունների և բոլոր դիվանագիտական ​​գաղտնիքների։ Դա ակնհայտ է, և հետևանքները նույնպես ակնհայտ են:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “Արցախը, ոչ թե Հայաստանը, պետք է փոխզիջման գնար և՛ 1988-ին, և՛ 2022-ին և դրանից հետո։”

      Նիկոլականների անհեթեթ տրամաբանության հերթական գլուխգործոցը: Պարզվում է, որ Արցախն է եղել մեղավոր, որ չի ուզել բնաջնջվել, համարձակվել է դեմ դուրս գալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը ու վերամիավորվել մայր հայրենիքի հետ: Պարզվում է, որ Արցախը պետք է լուռումունջ հայաթափ լիներ ու թուրքանար, իսկ ԼՏՊ-ն չպետք է Ազատության հրապարակում հարյուր հազարավոր մարդկանց հավաքեր ու երդվեր պայքարել, պայքարել, պայքարել մինչեւ վերջ…

      “Արցախի փոխզիջումների գնալու անկարողությունը մեր երկիրը դատապարտում է մեկուսացման, պատերազմի, ինքնիշխանության կորստի և ձախողված պետության կարգավիճակի։ Ընտրությունը Արցախինն է:”

      Թարգմանենք լեւոնանիկոլերենից հայերեն.
      «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Արցախի բեռը մեր ուսերին է: Ազատվենք այս գլխացավանքից, բացենք խաղաղության դարաշրջանը, դուրս վռնդենք տականք ղարաբաղցիներին ռուսների հետ միասին ու դառնանք ինքնիշխան թուրքական վիլայեթ: Ինշալլահ…»

      • Nimar says:

        Հարգելի Ջորդանո Գալիլյան,
        Ցավոք սրտի, երևակայական լեզվից մեկ այլ երևակայական լեզվի թարգմանությունը թույլ չի տալիս գնահատել թարգմանչի հմտությունը: Սակայն իմ գրառման մեջ շատ հստակ փաստ կա, այլ ոչ թե մեղադրանքներ ու ենթադրություններ։ Խնդրում եմ ինձ չվերագրել սեփական եզրակացություններն ու մեկնաբանությունները։

        • Ջորդանո Գալիլյան says:

          Թարգմանչի հմտությունը գնահատելու փոխարեն փորձեք գնահատել նիկոլիզմի բերած աղետի ծավալը, ողջ հայությանը պատճառած ցավի խորությունը, թուրքին նվիրած հողերի մակերեսն ու հարստության արժեքը…

          Երեւակայական ոչ մի բան չկա այդտեղ: Լսելով նիկոլի եւ իր կարկառուն ուսապարկերի տրամաբանությունից զուրկ եւ անհեթեթություններով, դատարկաբանություններով ու մանիպուլյացիաներով լի շաղակրատանքը՝ ես ոչ նրանց լեզուն եմ հայերեն համարում, ոչ էլ իրենց՝ հայ: Թրքահպատակները խոսում են լեւոնանիկոլերեն՝ իրենց վիլայեթի համար մշակված հատուկ բարբառով: Առանց թարգմանության հայերը դժվարանում են հասկանալ…

          Գալով ձեր գրառմանը՝ կարող եմ հստակ ասել, որ այնտեղ միայն մեկ փաստ կա. տարրական տրամաբանության բացակայության եւ լեւոնանիկոլիզմի լպրծուն դրոշմի փաստը: Այստեղ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ավելորդ եմ համարում լրացուցիչ մեկնաբանություն անել: Անիմաստ զբաղմունք է՝ նիկոլականին բացատրել Արցախի խորհուրդը հայի համար…

  9. Լավատես says:

    Մենք՝ հայերս, աշխարհի ամենամարդասեր, ամենաժողովրդասեր քաղաքակիրթ ուժն ենք ներկայացնում, մեր դեմ դուրս են եկել աշխարհի ամենամարդակեր, ամենաժողովրդակեր ֆաշիստական ուժերը, մեր պապերն ու պապուպապերը՝ մեզ նման ժողովուրդների հետ շանսատակ արեցին ֆաշիստներին: Ֆաշիզմն աշխարհում էլի գլուխ է բարձրացրել, մենք մեր վրա զգացինք եւ զգում ենք համաշարհային մարդատյացության վերաբեմունքը, մենք էլի մեր նման մարդասեր, ժողովրդասեր ժողովուրդների հետ պետք է համագործակցենք համաշխարհային ֆաշիզմի դեմ պայքարում: Շնորհավո՛ր մեր պապերի ու մեր այսօրվա հերոսների Հաղթանակը ֆաշիզմի դեմ գոյապայքարում:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Մենք՝ հայերս, աշխարհի ամենավախկոտ, ամենաթուլամորթ, ամենահիմար ցեղն ենք ներկայացնում՝ քանի դեռ հանդուրժում ենք մի թրքահպատակ բռնապետի իշխանությունը…

      • Լավատես says:

        Մեր անչափ սիրելի, բայց դեռեւս մանկապարտեզային քաղհասարակությունը պետք է հասունանա’ կրթվի եւ դաստիարակվի, որ ճիշտ ընտրություն կատարի: Իսկ ո՞վ պետք է դա անի, բոբոներով մենակ կվախեցնես, ես կարծում էի, թե էս մեր հայ կոչված իշխանությունընդդիմությունը միաժամանակ հրաժարական կտան ու ռ-րը կքաշեն մեր պետությունից, բայց արի ու տես երկուսն էլ իրար արժեն, պարզ է’ բանդիտական համակարգում են ծառայում: Դրա համար երրորդ ուժ է պետք, որն ընդգրկված չէ ներկանախկին օրակարգի մեջ: Ով ներկանախկին է խաղացնում, նա ժամանակ չունի նոր ուժեր լույս աշխարհ բերելու: Իսկ բոլոր ժողովուրդներն էլ երեխայի նման են, վատ երեխաներ չկան, կան վատ դաստիարակներ:

        • Ջորդանո Գալիլյան says:

          “երկուսն էլ իրար արժեն… Դրա համար երրորդ ուժ է պետք”

          Սա ամոթխած նիկոլականների ու նիկոլից ավելի նիկոլների նշանաբանն է: Դե հո բացահայտ չեն ասելու, որ փաստորեն եւ մեծամասամբ իրենք թրքահպատակների հետ միասին նույն խրամատում են գտնվում: Մի մասը երբեմն դուրս է գալիս այդ խրամատից, էս կողմ, էն կողմ նայում ու տեսնելով հանդիպակաց հայկական խրամատը՝ վախվորած աղաղակում. չկրակեք մեզ վրա, հայե՛ր, մենք «երրորդ ուժ» ենք փնտրում: Փնտրում են, փնտրում ու, ինչպես միշտ, ձեռնունայն վերադառնում նիկոլական խրամատը: Մինչեւ հաջորդ փոխհրաձգությունը…

  10. Լավատես says:

    Բոլոր հայերս էլ մի ճակատագրի ու մի խրամատի մեջ ենք:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Բոլորի անունից չի կարելի խոսել: Խոսեք կոնկրետ ձեր անունից եւ ցանկալի է՝ առանց երրորդ ուժի մասին ցնդաբանության: Հայերը, եւ մարդիկ ընդհանրապես, շատ տարբեր են լինում եւ, համարյա միշտ՝ տարբեր խրամատների մեջ: Նիկոլն ու Նժդեհը նույն խրամատի մեջ չեն կարող լինել, դա բացառված է: Իսկ երրորդ խրամատ չկա եւ չի կարող լինել: Ընտրեք՝ դեռեւս ուշ չէ…

  11. Լավատես says:

    Ռեյգանին լրագրողները հարցրեցին, թե ո՞ր պայմանում ԱՄՆ կլինի Չարի կայսրության’ Սովետի հետ մեր բառերով ասած մի խրամատում, ասած, երբ այլմոլորակայինները հարձակվեն: Այլմոլորակայինները գրավել են ե՛ւ մեր գործող իշխանությունը ե՛ւ մեր գործող ընդդիմությունը, մնում է փնտրել այլմոլորակայիններից անկախ երրորդ ուժ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031