Ասում է ապագա կինոռեժիսոր, 44-օրյա պատերազմի մասնակից Խաչիկ Գրիգորյանը
Խաչիկ Գրիգորյանը ծնունդով Երեւանից է: Ապագա կինոռեժիսորը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:
Երիտասարդը մասնակցելով 44-օրյա պատերազմին, հավատացած է, որ ոչ մի ֆիլմ չի կարող արտացոլել այն, ինչը սեփական աչքերով Արցախում՝ Հադրութում է տեսել ու դրա միջով անցել: Նույն աչքերում մնացել է Արցախը՝ որպես տուն ու տեղ, անբաժան մասնիկ, ընկերների արյամբ սրբացած հայրենիք: Բայց եւ այնպես, նրա մեջ ներքին մի ուժ կա, որ մղում է հավատալու՝ փյունիկի պես վեր կհառնի Արցախը: Խաչիկը պատերազմի մասին խոսել չի սիրում: Ասում է՝ միշտ չէ, որ հիշողությունները լավ բաների մասին են պատմում:
Սակայն նա պարտադիր զինծառայության ընթացքում հասկացավ, որ հիշողությունները շատ թանկ են, որոնց շնորհիվ հաճախ ժպտում է կամ տխրում, բայց վստահեցնում է՝ դրանք ապրեցնող հատկություն էլ ունեն եւ մղում են ստեղծագործելու: Նրա ստեղծագործություններում հաճախ ենք տեսնում պատերազմի գույները, որոնք կարծես սպի են դարձել: Մենախոսություն-նամակում, որը մարտադաշտում անմահացած ընկերոջը՝ Լեւոն Մանթաշյանին է նվիրված, գրել է Երեւանում՝ աջ ձեռքի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո, երբ բուժման փուլում էր: Վիրավորված ձեռքով էլ գրեց. «Դու ու տիեզերքը, դու ու աստղերը հասաք իրար։ Դիրքերում միասին կանգնած գիշերը զրուցելիս ասում էիր, որ հեռու են, շատ հեռու։ Մենք խոսում էինք էդ մասին ու ցրում քունը գլխներիս, բայց ես հիմա եմ հասկանում, որ քնելուց բացի, էլի բաների դեմն է առել էդ զրույցը»,-գրում է Խաչիկը, ապա հիշում ընկերոջ խոսքը. «Դու ասում էիր, որ ամենամեծ ուժը միտքն ունի, մտքի ճանապարհն է լավագույն տարբերակը ամեն ինչ հնարավոր դարձնելու»: Խաչիկը նաեւ դաշնամուր է նվագում: Անգամ վիրավորվելը չխաթարեց նրա նվագը… «Փոքր բաների համար էլ է պետք երջանկանալ»,-ասում է նա:
Կարդացեք նաև

Եվս մեկ անգամ հիշեցնում է՝ հաջողությունների ճանապարհն անխոչընդոտ չի լինում, իսկ դժվարությունները մարդու համար են:
Խաչիկը շատ ծրագրեր ունի, բայց ճիշտ չի գտնում դրանց մասին նախապես խոսել:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ եւ Խաչիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2022




















































