«Կարելի է ենթադրել, որ Կարապետյանին սատարելով Մոսկվան վերջինիս իմիջին ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Ու, ընդհակառակը՝ Փաշինյանին քննադատելու, երբեմն էլ ստորացնելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին։ Քաղաքական աճպարարությունը ծուռ ճամփաներ է փնտրում»,- «Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
– «2022 թվականին Պրահայում ձեր կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի համար բացարձակապես անտեղի կլիներ միջամտել ներադրբեջանական երանգ ստացած այդ գործընթացին». հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Վլադիմիր Պուտինն ուշագրավ մեկ հայտարարություն-դիտողություն էլ արեց. «Եթե այն (Արցախը-Ն. Գ.) Ադրբեջանի մաս համարենք, ես չեմ գնահատում՝ դա լավ է, թե վատ, խաղաղ կյանք կազմակերպելու տեսանկյունից, ըստ իս, դա, երեւի, իմաստ ուներ»։
Տպավորություն է, որ Արցախի հարցը ՌԴ-ի «կոկորդին» այնուհանդերձ մնացել է եւ ՌԴ նախագահը հիմա փորձում է մաքրել իր եւ իր երկրի քաղաքականությունը՝ նոր իրողություններով եւ նոր էջից հարաբերություններ ձեւավորել։
-Նախագահ Պուտինն, իմ կարծիքով, իսկապես ձգտում է իր եւ Ռուսաստանի համար Արցախի հարցը փակել, մեզ պատահած աղետի մեղքը դնելով վարչապետ Փաշինյանի ուսերին։ Նույնը իրենց հանդիպման ընթացքում արեց նաեւ վարչապետ Փաշինյանն, ասելով, որ նախագահ Պուտինն էր նախապես երկու անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել։ Ու երկուսն էլ իրավացի են։ Ավելին ասեմ։ Ինձ թվում է, որ Արցախի կործանման պատասխանատվությունն այդ երկուսի հետ միասին նաեւ մի շարք այլ հայրենի եւ օտար գործիչներ պետք է արդարացիորեն կիսեն։ Օտարների վրա մեղքը բարդելը տեղին է այն ժամանակ, երբ ունակ ես սեփական սխալը ի հայտ բերել ու ճանաչել։ Բայց դրա համար պետք է քաղաքական հասունություն եւ պատասխանատվություն ստանձնելու որակ ունենաս։ Մեր քաղաքական, իշխանական վերնախավերը դրան ընդունակ չեն։ Հարցը հո միայն Փաշինյանը չի։ Բա մնացածներս ինչով էինք զբաղված։ Ու ոչ միայն Փաշինյանի օրոք։ Մենք երկրի կառավարման ինստիտուցիոնալ հիմքերն ենք ավազի վրա կառուցել։ Սկզբունքներն ու գիտելիքը զոհաբերված են փողի մոլուցքին ու դրանով պայմանավորված իշխանատենչությանը։
Կարդացեք նաև
-Նկատի ունեք՝ Նիկոլ Փաշինյանի ոչ պակաս ուշագրավ պատասխան-արդարացո՞ւմը։ «Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կարծես հիշեցնելով, որ ինքը պուտինյան քաղաքականության դաշտում է գործել։ Դրա հավաստիացումներից մեկն էլ Փաշինյանի հետեւյալ հայտարարությունն էրգ «Եվ, ի դեպ, անցյալ օգոստոսին, երբ ես վերադարձա Վաշինգտոնից եւ զանգահարեցի ձեզ, ասացի, որ Վաշինգտոնում տեղի ունեցածը նոր հնարավորություններ է բացել մեր հարաբերությունների համար: Եվ հիմա դա փաստ է: Ես արդեն հիշեցրել եմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային կապի մասին։ Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք այդ հարցի վրա, բայց, ցավոք, մեզ երբեք չի հաջողվել նման որոշման հասնել»։
-Պուտինին ուղղված այդ հիշեցումն, իրականում, մեղադրանք էլ չի։ Այն ավելի նման է հարցը փոխադարձ համագործակցությամբ լուծելու մասին ակնարկի։ Իսկ տասնամյակների դադարից հետո Ադրբեջանով երկաթուղային հաղորդակցության վերագործարկման մասին դրվագը բնույթով բազմաշերտ է։ Փաշինյանն ակնարկում է Թրամփի ուղու գործոնը, որն իրականում դեռ կառուցված էլ չէ։ Այդուհանդերձ, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցում է իրականացվում։ Ճիշտ է, այն դեռեւս գերազանցապես գովազդային բնույթ ունի։ Բայց կարեւոր է ընդգծել, որ այդ բեռների մի մասը բերվել է Ռուսաստանից։ Այսինքն, Ռուսաստանն անուղղակիորեն սատարում է նաեւ Թրամփի ուղու գործարկմանը, պարզապես այս փուլում օգտագործվում են առկա տեխնիկական հնարավորությունները։
– Իսկ ձեր մեկնաբանությամբ, ի՞նչ էր ուզում հասկացնել Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին, երբ ասում էր, որ «շատ թափանցիկ եւ հրապարակայնորեն» հայտարարել է ՀՀ-ումգ «Մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն խաղաղություն է հաստատվել։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ ինքնիշխանությունը։ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա դա նշանակում է, որ մենք փոխադարձաբար ճանաչում ենք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։ Կարծում եմ՝ դա շատ ամուր բազա է խաղաղության հետագա զարգացման համար»։
Ամեն դեպքում, հանձնարարականների ճիշտ եւ ճիշտ կատարման մասին հրապարակային զեկույց էր հիշեցնում Նիկոլ Փաշինյանի խոսքը։
-Սա, հավանաբար, Արցախի խնդիրը իրավական ու քաղաքական տեսանկյունից փակելու վերաբերյալ Մոսկվային ուղղված պաշտոնական Երեւանի խոստում/հավաստիացում կարող ենք համարել։ Այսինքն, վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին հավաստիացրեց, որ Արցախի հարցը փակելու համատեքստում ՌԴ եւ ՀՀ շահերը նույնական է համարում։
– Վլադիմիր Պուտինը նաեւ փորձեց «բարի խոսք» ասել Նիկոլ Փաշինյանին՝ կալանավորված Սամվել Կարապետյանի հարցում եւ կարծես՝ մերժո՞ւմ ստացավ։ Զրույցի այս դրվագով ի՞նչ գնահատականներ ունեք։
-Այդպիսով, մի կողմից տպավորություն ստեղծվեց, որ նա սատարում է Սամվել Կարապետյանին կամ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին, բայց դժվար թե իր այդ առերեւույթ սատարումը ավելացնի Կարապետյանին ձայն տվողների քանակը։ Արցախի հայաթափումից հետո Հայաստանում ՌԴ հանդեպ վերաբերմունքը նկատելի բացասական երանգավորում է ձեռք բերել, ինչը չի կարող Մոսկվայի համար աննկատ մնալ։ Այլ հարց է, որ վերաբերմունքի այդ փոփոխությունը եւս կարող է օգտագործվել ռուսական ընթացիկ շահերն առաջ մղելու համար։ Կարելի է ենթադրել, որ Կարապետյանին սատարելով Մոսկվան վերջինիս իմիջին ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Ու, ընդհակառակը’ Փաշինյանին քննադատելու, երբեմն էլ ստորացնելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին։ Քաղաքական աճպարարությունը ծուռ ճամփաներ է փնտրում։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.04.2026


















































