Աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր ԱԺ-ում էր՝ մասնակցելու իր բարեկամներից մեկի՝ նկարչուհի Մարինե Մանուկյանի «Դեպի արեւ» անհատական ցուցահանդեսին, ինչն առիթ դարձավ, որ զրուցենք նրա հետ Հայաստանում սպորտի զարգացման, իր անվան մարզադպրոցի, ընտանիքի մասին:


Արթուր Աբրահամը Ազգային ժողովում վերջին անգամ եղել էր մեկ տարի առաջ՝ քննարկելու իր անվան այգու, մարզադպրոցի, սպորտի հետ կապված որոշ հարցեր: Նա տեղեկացրեց, որ այգին արդեն պատրաստ է. «Հունիսի 1-ին կլինի այգու բացումը: Սակայն ես եկել էի ԱԺ, որ կառավարության հետ որոշում կայացնեինք, «Արթուր Աբրահամ» մարզադպրոց բացեինք ոչ միայն բռնցքամարտի, այլեւ՝ ֆուտբոլ, բոքս, ըմբշամարտ, շտանգա՝ ծանրամարտ, երգ, պար, նկարչություն, կանանց համար առանձին ֆիթնես, տղամարդկանց համար՝ առանձին… որ բոլորը կարողանան օգտվել, ոչ թե միայն մի ուղղությամբ լինի: Լավ, բոքսը սիրում են 3%-ը, 5%-ը, բայց ամեն մեկը մի սպորտաձեւ է սիրում: Դրա համար պետք է հանրությանը հնարավորություն տալ ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտով զբաղվեն, այլեւ առողջ սպորտով զբաղվեն, որ այ սենց կուզիկ չքայլեն, առողջ լինեն, երկար ապրեն, որովհետեւ սպորտը կյանք է: 1%-ն է դառնում պրոֆեսիոնալ, եթե ոչ 0,5%-ը, մնացածը առողջության համար են պարապում, դա ավելի կարեւոր է: Մարզադպրոցի հարցը ներկայացրել ենք կառավարություն, կառավարությունը պետք է որոշի»:
Հարցին՝ ձեզ գոհացնո՞ւմ են այն ներդրումները, որոնք այսօր կառավարությունն անում է սպորտում, որովհետեւ այս ընթացքում որոշ մարզիկներ հայտարարեցին, որ հեռանում են Հայաստանից ու թողեցին գնացին, շախմատիստ Լւոն Արոնյանը այդպիսի հայտարարություն արեց, նաեւ այլ մարզաձեւերով զբաղվող մարզիկներ են գնացել, ձեզ կոնկրետ գոհացնո՞ւմ են կառավարության քայլերը, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Որ մի սպորտսմենը հեռանում է Հայաստանից, թող հեռանա, բայց ես գալիս եմ Հայաստան՝ որպես սպորտսմեն: Ես ուզում եմ, որ իմ ազգին պիտանի լինեմ՝ ինչով կարող եմ: Շատ մեծահարուստ չեմ, որ շատ մեծ բաներով կարողանամ պիտանի լինեմ: Այգին պատրաստ է արդեն, դպրոցը կկառուցենք, իմ լուման կլինի այդ դպրոցի մեջ: Ես իմ չափով եմ կարողանում անել: Եթե կառավարությունը հիմա կօգնի, ավելի մեծ բան կանենք՝ մի ամբողջ հասարակության համար օգտակար կլինի: Թող մյուսները գնան, բայց ես հետ եմ գալիս Հայաստան, որովհետեւ ես սիրում եմ իմ հայրենիքը»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ այսուհետեւ Հայաստանո՞ւմ եք ապրելու, նա պատասխանեց, որ մեծամասամբ Հայաստանում էլ եղել է, պարզապես գնացել ու եկել է. «Գնում եմ Գերմանիա, գալիս եմ: Որ չգնամ այնտեղ, փող չեմ կարողանա վաստակել, որ այստեղ ներդրումներ անեմ»:


Մենք նաեւ հետաքրքրվեցինք քաղաքականությունից՝ այս քաղաքում եք ապրում, գիտեք ինչ է կատարվում՝ ընդդիմությունը փակել է փողոցները, պահանջում է իշխանափոխություն, դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, սպորտի տղա եմ ու իմ քիթը չեմ ուզում խոթել քաղաքականության մեջ, կարիք չկա»:
Ճշտեցինք՝ բայց կողմնորոշում ունե՞ք, ո՞ր թեւի կողմնակիցն եք՝ նա պատասխանեց. «Ես ժողովրդի կողմից եմ, ես ժողովրդի տղան եմ, ես քաղաքականությունից չեմ հասկանում, դրա համար քիթս չեմ մտցնում դրա մեջ, ես չկամ դրա մեջ: Սխալ խորհուրդ տալու իրավունք էլ չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































