Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք արդիականացնել ինստիտուտի կառուցվածքը, զարգացնել մերիտոկրատական միջավայր․ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արսեն Բոբոխյանը

Հունիս 08,2022 13:44

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Արսեն Ալեքսանդրի Բոբոխյանը:

Արսեն Բոբոխյանը ծնվել է 1975թ-ին, Երևան քաղաքում: 1992-1997թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1997-1999թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, 1999-2000թթ-ին սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006թթ-ին՝ Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում:

2000թ-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006թ-ին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2016թ-ին Երևանի պետական համալսարանում ստացել է դոցենտի կոչում:

Արսեն Բոբոխյանի հետազոտական ոլորտներն են՝ առաջավորասիական և կովկասյան հնագիտություն, Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտություն, մշակութային կապեր, փոխանակություն, կշռային համակարգեր, հնագույն կրոն և պաշտամունք, սրբազան լանդշաֆտ:

1998թ-ից մինչ օրս նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնի: 2007-2021թթ-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանի պատմության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում, 2014-2021թթ-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգեան Ճեմարանում, 2019-2021թթ-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

2015-2017 թթ-ին եղել է «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր,  2017-2021 թթ-ին՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրի տեղակալ, 2006-2021թթ-ին՝ «Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Oxford»-ի փոխխմբագիր:

2010թ-ին եղել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք»  մրցույթի դրամաշնորհի դափնեկիր, ԱՊՀ «Հումանիտար Համագործակցության Միջազգային Խորհրդի» և «Հումանիտար Համագործակցության Միջազգային Հիմնադրամի» կազմակերպած երիտասարդ գիտնականների «Դեբյուտների համագործակցություն» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, 2017թ-ին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Արսեն Բոբոխյանը 2011թ-ից անդամակցում է Օքսֆորդի Հայկական ուսումներու միջազգային ընկերակցութիւնը, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, դասախոսություններ անցկացրել մի շարք արտասահմանյան համալսարաններում: Նա հեղինակ է 208 գիտական հոդվածի, 9 գրքերի: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին:

Ներկայացնելով ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Արսեն Բոբոխյանը նշեց, որ առաջիկա տարիների համար գերխնդիրն է պահպանել ինստիտուտի՝ տասնամյակներով ձևավորված ձեռքբերումներն ու ավանդույթները, փորձել հնարավորինս զարգացնել դրանք՝ համապատասխանեցնելով ժամանակակից գիտության պահանջներին: «Մենք նպատակ ունենք բազմապատկել ինստիտուտի դերակատարումն արդյունավետ և մրցունակ ազգային հետազոտական համակարգ ձևավորելու գործընթացներում, ինստիտուտի հետազոտական ներուժն ուղղորդել մշակութային մարդաբանության ոլորտում հայաստանյան հետազոտական հաստատության միջազգային գիտական պարիտետի ձևավորմանը, նոր մոտեցումներով և գործելակերպով ամրապնդել գիտություն-կրթություն, գիտություն-հասարակություն, գիտություն-տնտեսություն կապերը, նպաստել հայաստանյան գիտական մտքի և մշակութային արժեքների ուսումնասիրության միջազգայնացմանն ու միջազգային համագործակցությանը, պատրաստել երիտասարդ կադրեր՝ ապահովելով սերնդափոխության բնականոն ընթացք, ակտիվացնել կապերը Հայաստանում գործող նույն ոլորտի կազմակերպությունների հետ, արտերկրի գիտական կենտրոնների հետ մշակել ու իրականացնել համատեղ գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր, գիտական համագործակցության արդյունքների հրատարակություն, մասնակցել արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, միջազգային գիտաժողովներ ու սեմինարներ կազմակերպել ինստիտուտում, վերապատրաստել ՀՀ և արտերկրի երիտասարդ գիտնականներին ու ասպիրանտներին, կազմակերպել գիտական թեզերի համատեղ պաշտպանություններ: Արդյունքում կարող են ստեղծվել համատեղ գիտական կենտրոններ, կարող է հրատարակվել համատեղ միջազգային ամսագիր: Ակնկալում ենք արդիականացնել ինստիտուտի կառուցվածքը, զարգացնել մերիտոկրատական միջավայր, որտեղ մարդիկ կգնահատվեն և կվարձատրվեն ըստ իրենց արժանիքների, ինստիտուտը դարձնել ավելի մրցունակ՝ ազգային և հատկապես միջազգային մակարդակներում, ավելացնել հրապարակումները բարձր վարկանիշ ունեցող հրատարակչություններում և հանդեսներում, ընդլայնել անհրաժեշտ շենքային պայմանները և հայթայթել դրանց համապատասխան գույքն ու սարքավորումները, կիրառական դարձնել ինստիտուտի գիտական արտադրանքը և կապիտալիզացնել այն՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, կեղծարարությունների և ուծացման քաղաքականության դեմ պայքարին, զբոսաշրջության զարգացմանը, հայ հասարակության ինքնության, ճաշակի ու աշխարհայացքի բարձրացմանը», – ասաց Արսեն Բոբոխյանը:

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930