«44-օրյա պատերազմից հետո, Հայաստանը հայտնվել է հրեշի փորում՝ պատանդի վիճակում եւ այսպիսի պատանդի վիճակում խոսել բանակցությունների մասին, որտեղ փոխադարձ շահեր կապահովվեն եւ այլն, բնականաբար, մենք չենք կարող պատկերացնել: Քանի դեռ մենք ռուս-թուրքական աքցանում ենք, մեզ վրա այդ դավադիր պլանի հերթական քայլերն են իրականացնելու՝ սպառնալիքներ ստեղծելով, փարուխներ վերցնելով, պատանդներ վերացնելով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն՝ անդրադառնալով այսօր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստանում արած այն հայտարարությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա:

Գարեգին Չուգասզյանը նկատում է՝ գերու հետ բանակցություններ չեն վարում, նրան պարտադրում են եւ հավելում, որ այս ամենում նորությունն այն է, որ արեւմուտքը շատ հստակորեն ցույց է տալիս ՌԴ-ին եւ Թուրքիային զսպելու իր մտադրությունը, ինչի վկայությունը նա համարում է այն, որ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հանդիպումից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եկավ ՀՀ ԱԳՆ:

Կարդացեք նաև
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ ասել էր, որ ճանապարհը լինելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա: Գարեգին Չուգասզյանը հարց է տալիս. «Եվ շարունակեց, որ վերահսկողության մեխանիզմներն են քննարկում. ի՞նչ վերահսկողություն, եթե դա ինքնիշխան տարածք է»: Ապա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, ըստ որի ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնի ռուսական կողմը:
Իր բնորոշմամբ, թե գործող իշխանությունը, թե ընդդիմությունն ի զորու չեն լուծելու Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, քանի որ երկուսն էլ գտնվում են տիրոջ եւ ճորտի հարաբերությունների մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից


















































